...

Հանկարծ չշնորհավորեք Տեր-Պետրոսյանին

Հանկարծ չշնորհավորեք Տեր-Պետրոսյանին

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-րդ տարեդարձն է: Այս առթիվ օրվա իշխանությունների կողմից որևէ շնորհավորական ուղերձ չի եղել:

«ՉԻ». Եվ ճիշտ էլ արել են: Ի՞նչ գործ ունեն, շառից-փորձանքից հեռու: Շնորհավորեն, պիտի ասեն, ըհը, բա ասում էինք, չէ՞, որ Նիկոլը Լևոնի կադրն է, նրան է ենթարկվում, Ղարաբաղը ծախելու ծրագիրն է իրականացնում:

Հետո՞ ինչ, որ տարիներ շարունակ միասին են պայքարել Քոչարյան-Սերժ Սարգսյան բանդոկրատիայի դեմ: Հետո՞ ինչ, որ այսօրվա իշխանավորներից շատերը Տեր-Պետրոսյանի շնորհիվ են քաղաքական կարիերան սկսել, հմտացել, թրծվել: Դա փաստարկ չէ: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին Տեր-Պետրոսյանի շնորհիվ մարդամեջ մտել, բայց հետո բռնեցին ուրացողության ճանապարհը:

Չէ, ճիշտը չշնորհավորելն է: Ավելի լավ է Առաջին նախագահին չարիք որակել: Դա ավելի մոդայիկ ու ամբոխահաճո է: 

Հ.Գ. Բայց մենք, այնուամենայնիվ, համարձակվենք ու շնորհավորենք Լ. Տեր-Պետրոսյանին: Շնորհավոր ծնունդդ, Նախագահ:

Հ.Գ-2. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում: Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ