...

Հայտնի չէ ովքեր՝ ընդդեմ հայտնի չէ, թե ում

Հայտնի չէ ովքեր՝ ընդդեմ հայտնի չէ, թե ում

Հայաստանում այս օրերին իսկապես շատ տարօրինակ վիճակ է։ Հայտնի չէ ովքեր պայքարում են հայտնի չէ ում դեմ, որպեսզի կանխեն հայտնի չէ, թե ինչը և փոխարենը իրականացնեն հայտնի չէ, թե ինչ։ Ասվածն առաջին հայացքից կարող է արտառոց թվալ, բայց դրանում գրեթե չափազանցություն չկա։ 

Եվ իսկապես, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Այո, զուտ ձևականորեն՝ Հայաստանի վարչապետն է, ընտրվել է Հայաստանի ժողովրդի կողմից, տեղից տեղ է թռչում «Հայաստան» գրությամբ ինքնաթիռով, բայց գործնականում՝ գրեթե բոլոր հարցերում բառ առ բառ կրկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնական քարոզչության թեզերը, և ոչ միայն կրկնում է, այլև գործնականում իրականացնում՝ այնտեղ, որտեղ հնարավոր է։ Եկեք անկեղծ լինենք՝ շա՞տ կզարմանանք, եթե հանկարծ ինչ-որ իքս պահի Նիկոլ Փաշինյանը փախչի երկրից, իսկ մի քանի օր անց համացանցով տեսաուղերձ տարածի ու ծիծաղելով մաքուր ադրբեջաներենով ասի «ա՛յ հարիֆներ, լուրջ էսքան ժամանակ չէիք հասկացե՞լ ես ով եմ»։ Այո, դա կլինի շոկ, բայց՝ ոչ զարմանք։ Նրա «թիմակիցների» դեպքում ամեն ինչ հասկանալի է՝ «գործ են կպցրել», պաշտոններ են ստացել ու հանուն դրա պատրաստ են ամեն ինչի, բայց կոնկրետ իր դեպքում, կրկնենք, հայտնի չէ, թե ում հետ գործ ունենք։

Իսկ ովքե՞ր են պայքարում նրա դեմ։ Կոնկրետ պայքարողները, իհարկե, հայտնի են, լիդերներ էլ են ձևավորվել, շարժման խորհրդանիշներ էլ, բայց արի ու տես՝ Եկեղեցին հայտարարում է, որ քաղաքական իշխանության չի ձգտում, Բագրատ սրբազանը՝ նույնպես, Ռոբերտ Քոչարյանն առայժմ աշխատում է առաջին պլանում չհայտնվել, Սերժ Սարգսյանը՝ նույնպես․․․ Բա լա՛վ, ովքե՞ր են հավակնում քաղաքական իշխանության։ Միայն թե չասեք՝ «սկզբում սրան կքշենք, իսկ հետո ժողովուրդը կորոշի, թե ում է ընտրում»։ Ոչ, հարգելիներս, այդպես չի լինում, ռուսներն ասում են «կտո դեվուշկու ուժինայետ, տոտ եյո ի տանցուետ», ով իշխանափոխություն է իրականացնում՝ նա էլ դառնում է հաջորդ իշխանությունը, իսկ ընտրություններն ընդամենը ձևակերպում են դա։ 2018-ին Նիկոլը չէր ասում, չէ՞, «բերեք Սերժին մերժենք, հետո ժողովուրդը կորոշի, թե ում է վստահում իշխանությունը», կոնկրետ ասում էր, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բա հիմա ինչո՞ւ է ճիշտ հակառակը՝ աջուձախ բոլորը հայտարարում են, թե իշխանության չեն հավակնում։

Հաջորդ հարցը՝ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ անընդհատ զիջում է՝ ով ինչ պահանջում է, ու դա ներկայացնում որպես հաղթանակ, հասկանալի է, բայց հասկանալի չէ, թե որքա՞ն ու մինչև ո՞ւր է դա շարունակվելու։ Ասենք՝ Սյունիքն ու Հանքավանը հանձնելո՞ւ է «ադրբեջանցի փախստականներին»՝ ՀՀ բյուջեից փոխհատուցելով նրանց կրած վնասները, Ադրբեջանի պահանջով ձերբակալելու և Բաքո՞ւ է ուղարկելու արցախյան պատերազմների բոլոր մասնակիցներին, թե՞ բավարարվելու է ընդամենը Սյունիքով «անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելով»։ Եվ նրա այս հնարավոր ու անհնար զիջումների ո՞ր մասը կանխելու նպատակ է հետապնդում շարժումը։ Ամբո՞ղջը, թե՞ մի մասը, պետք է ընդհանրապես դադարեցնե՞լ «խաղաղության հաստատման» անվան տակ տեղի ունեցող հայտնի չէ թե ինչը, թե՞ պետք է առայժմ միայն դանդաղեցնել։

Հասկանալի է, որ այս հարցադրումները որևէ մեկին դուր չեն գալու, որովհետև Հայաստանում հերթական անգամ «պղտոր ջրում ձուկ բռնելու» ժամանակներ են։ Բայց մենք ուզած-չուզած պիտի պատասխանենք այս հարցերին, հակառակ դեպքում Հայաստանը կշարունակի մնալ պղտոր ջրափոս, որտեղ ձուկ բռնել ցանկացողների ախորժակն օրեցօր միայն կմեծանա։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ