...

«Ի՞նչ է փոխվել» և «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»

«Ի՞նչ է փոխվել» և «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»

Տարի ու կես է, ինչ ամենահաճախ հանդիպող հարցադրումները հետևյալներն են՝ «ի՞նչ է փոխվել», «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում» և «նախկինի հետ պետք չէ համեմատվել»: Եվ ամենևին կարևոր չէ, որ դրա հեղինակները հիմնականում այն մարդիկ են, որոնք որևէ առնչություն չեն ունեցել հեղափոխության ակտիվ շրջանի հետ: Լավագույն դեպքում սկսել են հանրահավաքներին մասնակցել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

«Ի՞նչ է փոխվել» հարցին պատասխանելուց առաջ պետք է հաշվի առնել մեկ կարևոր ելակետ: Ըստ միջազգային փորձագիտական տարբեր գնահատականների՝ հաջողված են համարվում այն կառավարությունները, որոնք իրենց գործունեության 4-5 տարիների ընթացքում կյանքի են կոչում տրված խոստումների 2/3-րդը: Գործող կառավարության կազմավորումից անցել է մեկ տարի: Տրված խոստումների մոտ 15-20 տոկոսը կատարվել է: Այսինքն գրաֆիկից հաստատ հետ չեն:

Ամենակարևոր փոփոխությունը դա քաղաքացու արժանապատվության վերադարձն է: Քաղաքացու ձայնը և քվեն այլևս գործոն են: Մի երևույթ, որ ամենից շատն է ջղաձգում նախկին ռեժիմին: Իշխանությունն անհամեմատ ավելի շատ է հաշվի նստում հասարակական կարծիքի հետ:

Փոխվել է բյուջեի եկամտային մասը, մուտքերը ավելացել են մոտ 30 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը առանձնապես չի աճել, հանքաարդյունաբերությունը ցնցումների մեջ է, մետաղների միջազգային գները գրեթե նույնն են, ինչ 2017 թվականին: Ստացվում է, որ բյուջեի 30 տոկոս աճը դա պետական պաշտոնյաների կողմից տնտեսությունը թալանելու ճանապարհը փակելու արդյունք է:

Փոխվել է բանակի սնունդը: Հազարավոր հայաստանցիներ ծառայությունից վերադառնում էին հիվանդություններ ձեռք բերած՝ անորակ սնունդի պատճառով: 

Հայաստանում ընթանում է նախադեպը չունեցող ասֆալտապատում:

Գործուն քայլեր են իրականացվել և իրականացվում Հայաստանի ամենաողբերգական էջերից մեկի՝ Մարտի 1-ի բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Չի փոխվել Սահմանադրությունը, կուսակցությունների մասին օրենքը և Ընտրական օրենսգիրքը: Առանց այդ փոփոխությունների Հայաստանի ժողովրդավարացումը անշրջելի չի դառնում:

Հեղափոխություն էինք անում, որ բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից, որպեսզի օլիգարխիան չունենա որոշիչ ազդեցություն կառավարության և խորհրդարանի որոշումների վրա: ԱԺ-ը և կառավարությունը մաքրվել են օլիգարխիայից, միայն մեկ հոգի է մնացել, այն էլ՝ ընդդիմությունում: Ծառուկյանը քաղաքական կուսակցությունը օգտագործում է սեփական բիզնես շահերը սպասարկելու համար:

Հեղափոխություն էինք անում, որ ուժային կառույցները չլինեն մահակ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու համար:

Հեղափոխություն էինք անում, որ գողական աշխարհը ազդեցություն չունենա քաղաքական և հասարակական հարաբերությունների վրա: Ընդունվող առաջիկա օրենքները էական ազդեցություն կթողնեն այդ ասպարեզում:

Հեղափոխություն էինք անում, որ ոչ բնական մենաշնորհները վերանան: Այս առումով կառավարությունը չունի որևէ շոշափելի հաջողություն, արվածը ավելի շատ թոզ փչելու տպավորություն է ստեղծում: 

Հեղափոխություն էինք անում, որ ունենանք անկախ դատարան, առայժմ ունենք անտեր դատարան:

Կառավարության այս բնագավառի բարեփոխումները ոչ միայն չկան, այլև տեսլականներն են շատ հախուռն ու իրար հակասող:

Համեմատել պետք է և առաջին հերթին նախկին կառավարությունների հետ: Այդ համեմատությունները պետք է զերծ լինեն երկկողմանի մանիպուլյացիաներից, մերկապարանոց մեղադրանքներից ու պիառի հատկանիշներից: Միայն այդ համեմատականների դեպքում հնարավոր կլինի հասկանալ՝ հաջողո՞ւմ է այս կառավարությունը, թե՝ ոչ: Աբսուրդ կլինի գործող կառավարությանը համեմատել Ֆիլիպինների նախավերջին կառավարության հետ:

Արիս Վաղարշակյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ