Ինչպես և ով ստեղծեց «Դրո» ահաբեկչական կառույցը - 28 Սեպտեմբերի 2019 - 4rd.am
Աստղագուշակ
18.01.2020 / 22:00
Երազահան
18.01.2020 / 21:00
4rd.am на русском
18.01.2020 / 20:30
Քաղաքական
18.01.2020 / 20:00
Տնտեսական
18.01.2020 / 19:00
Տնտեսական
18.01.2020 / 17:30
28.09.2019   20:30
3329

Ինչպես և ով ստեղծեց «Դրո» ահաբեկչական կառույցը


«Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար: Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի...»:

ՊԱԿ-ի (ԿԳԲ) հակահետախուզության նախկին պետ Օլեգ Կալուգինի «Առաջին վարչությունը» գրքից (էջ 193)

«Ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այն, որ 1990թ. ԽՍՀՄ-ը լուծարվելուց հետո լուծարված լինի նաև ՊԱԿ-ը` ԿԳԲ-ն, 70 տարիների ընթացքում ձևավորված, երկրով մեկ տարածված ու գործող իր գործակալական ցանցով հանդերձ: Ո՛չ, նման բան չի կարող պատահել, ՊԱԿ-ը կքանդի գյուղեր, քաղաքներ, պետություններ, հեղաշրջումներ կանի, արյուն կթափի, բայց թույլ չի տա, որ կազմալուծվի իր գործող «սրբություն սրբոց» կոչված գործակալական ցանցը»:

Վերջին տարիներին երկիր մոլորակի տարբեր հատվածներում տեղի ունեցող քաղաքական ահաբեկչություններում մի զուգադիպություն է նկատվում: Ինչպես նկատել եք, 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը թիվ 1 ահաբեկչի տիտղոսը կրող Բեն Լադենն է, Ռուսաստանում տեղի ունեցածների հիմնական մեղավորներից մեկը Շամիլ Բասաևն էր, իսկ մեր երկրի ամենաամոթալի էջի հեղինակն էլ Նաիրի Հունանյանն էր: Իսկ ինչ զուգադիպություն կա այս չարագործների միջև: Բանն այն է, որ ուշադրություն դարձնելով տարիների խորքին միանգամայն հասկանալի է դառնում, որ նրանք այն պետության հատուկ ծառայությունների կողմից պատրաստված կադրեր էին, որին էլ վերջիվերջո հարվածում են: ԱՄՆ-ին հարվածողը 70-ականներին (աֆղանական պատերազմի ժամանակ) ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) «դպրոցն» անցած ու պատրաստած «կադրն» էր՝ Բեն Լադենը: Ռուսաստանին հարվածողը, վրաց-աբխազական պատերազմի ժամանակ ռուսական հատուկ ծառայությունների կողմից պատրաստված Շամիլ Բասաևը: Իսկ 1999-ին մեր երկրին ահավոր հարված հասցնողն էլ Հայաստանի «Անվտանգության» գործակալ Նաիրի Հունանյանը դուրս եկավ:

Ինչևիցե, այս ամենը նկատելով ցանկություն ունեցա պարզել` մինչև «հոկտեմբերի 27»-ը Հայաստանում տեղի ունեցած ահաբեկչություններում էլ իրենց մասնակցությունը ունեցե՞լ են «հատուկ ծառայությունները», թե՞ ոչ: Եվ ահա 1994թ. բացահայտված թիվ 62200395 քրեական գործով պարզվում է, որ ոչ միայն ունեցել են, այլև հենց Հայաստանի հատուկ ծառայություններում են 1992 թվականին դրել ահաբեկչական կառույցներից մեկի՝ «Դրո»-ի հիմնաքարերը:

Նախ հիշեցնեմ, որ խոսքը 1992թ. ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծված «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույցի մասին է, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց, որոնց մեթոդական ծրագրերով պարբերաբար մարզումներ անցկացնելու միջոցով պատրաստել են «կադրեր», շնորհել են կոչումներ: Այս գաղտնի կառույցը ունեցել է «գաղտնագրված բազաներ»՝ գաղտնի հավաքատեղիներ, հրազենի տեսակներ, տրանսպորտային և հաղորդակցվելու այլ միջոցներ, ինչպես նաև «կադրերը» ունեցել են ծածկանուններ և կրել են գաղտնաթվեր, իրենց լուսանկարներով, բայց այլ անձանց անվամբ լրացված կեղծ անձնագրեր: Այսինքն՝ ի դեմս «Դրո»-ի գործ ունենք ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծված կայուն զինված բանդայի հետ:

Եվ այսպես, «Դրո»-ի գործով քրեական նյութերում, մասնավորապես հատոր 15 գ.թ. 123-129-ում հանդիպում ենք «Դրո»-ի գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու կազմած. «Տնտեսական բաժնի զեկույցին», որը կազմված է եղել 15.10.1993թ.: Այս զեկույցը Ա.Արծրունին պատրաստել է Բեյրութում գտնվող ՀՅԴ կենտրոնական կոմիտեի համար: Մի քանի հատված մեջբերելով քրեական գործում տեղ գտած այդ զեկույցից, փորձենք միասին վերլուծել այն.

«...«Վոդկա»-ները ստացանք, բայց մեծ մասը կեղծ դուրս եկավ, մի մասն էլ Յուրա Սարգսյանի միջոցով ՊԱԿ-ին ծախեցինք»:

«Յուրային ծանոթացրին ընկ. Հրայր Կարապետյանն ու Հրանտ Մարգարյանը 1992թ. ապրիլին: Յուրան մինչ այդ կարևոր տեղեկություններ տված էր մեզի, այժմ ՊԱԿ-են դուրս գալու միտք ունի և կառաջարկ», որ փոխանակ դրամի դիմաց համագործակցելու միասին գործ մը ընենք. որ ժամանակի ընթացքին մեր բաղձանքով ու իր առաջարկով, պիտի վերածվեր Հետախուզական կառույցի մը», «Յուրան կեղծ դրանֆուժ մըն էր, որուն կարթը շատ լավ զարդարված էր: Միջնորդված էր Հրայր Կարապետյանի նման ընկերոջ մը կողմէ, որուն վրայ այն ժամանակ ամբողջական վստահություն կը տիրեր: Վստահելով հանդերձ ընկերոջ դաշնակցականության վրայ պետք է նկատի ունենալ, որ այդ շրջանին ԿԿ-ի (Կենտրոնական Կոմիտեի-Վ.Ղ.) մեջ «լավ կապեր» ունենալը ուղղակիորեն կուժեղացներ կապը «տիրոջ» խոսքը»: ԿԿ-ի մի քանի անդամներ կարչած կը մնային իրենց «աղբյուրներուն» ու որևէ կասկած նրանց մասին չէր թույլատրեր: Այս հոգեբանական վիճակը արգելք էր հետախուզականին կողմէ, ոչ թե հարցի ղեկավարման, այլ մինչև իսկ երբեմն «աղբյուրի» անձի ճշգրիտ գիտության և ստուգմանն ու կը հանդիսանար կեղծ դրանֆուժներու հայտնաբերման դեմ», «Վաճառված էր կարևոր տեղեկություն մը, որ հետագային դուրս եկավ ոչ բացարձակ իրականություն: Արդյո՞ք ՊԱԿ-ի նման հսկա կառույցի մը համար դյուրին պիտի չլլար Յուրային բացազերծելը ու պատժելը», «Ընկ. Հրայրի արտաքսումէն ետք (նկատի ունի Հրայր Մարուխյանին-Վ.Ղ.) ինքն էր (Յուրա Սարգսյանը-Վ.Ղ.) Մարիուսի (Յուզբաշյան-Վ.Ղ.) դիրքորոշման մասին զեկուցողը ու երբ իրեն հարցուցած են, դուն, որ մեր տեղը ըլլայիր ինչ կնեիր. պատասխանած է՝ կխփեի: Արդյոք այս խոսքերը ձայնագրված չէ՞»: «Յուրան կառաջարկեր մեր կազմակերպության համար հետախուզական կառույց ստեղծել: Իրեն համար մեր կողմէ այդպիսի կառույցի մը պահանջքի գոյությունն իսկ բավարար էր: Ոչ մեկ վայրկյան գոնե ես չէի կրնար երևակայել, որ մեր լավագույն տղեքը իր կողմէ կարող են ղեկավարվել, բայց դժբախտաբար ընկ. Հրանտը կհավատար»:

Ինչպես նկատեց ընթերցողը, Յուրա Սարգսյանը ՊԱԿ-ի (ԿԳԲ) կադրային աշխատակից էր, և դաշնակցականներ Հրայր Կարապետյանի ու Հրանտ Մարգարյանի միջոցով հայտնվել էր ՀՅԴ հայաստանյան ամենաբարձր օղակներում, և հենց նրա առաջարկությամբ էլ ստեղծվել էր «Դրո»-ն, որի հետագա ձևավորման ու զարգացման հետևանքով էլ տեղի ունեցան մի շարք օրինախախտումներ, այդ թվում՝ նաև սույն գործով բացահայտված՝ Լիբանանից Երևանով Մոսկվա տեղափոխվող շուրջ 5 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը, «Քերոբ» և «Թոփ-1» ծածկագրված օպերացիաները, որոնց ժամանակ սպանվեցին Ներսիսյան ամուսիններն ու Գագիկ Սահակյանը: Հիշեցնենք «Դրո»-ի գործի բացահայտումից հետո տարածված այն լուրերը, ըստ որոնց, Գագիկ Սահակյանը հանդիսացել է «Դրո» կառույցի պատժիչ խմբի ղեկավարը և, ըստ այդ լուրերի, նա է սպանել ՊԱԿ-ի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանին: Այն ժամանակ ՀՅԴ-ն հայտարարում էր, որ այդ լուրերը ՀՀՇ-ի կողմից շրջանառության մեջ դրված կեղծիքներ են: Սակայն նկատենք, որ այսօր հաստատվել է դրանցից մեկի իսկությունը: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՅԴ-ում իրոք գոյություն է ունեցել պատժիչ խումբ, և դրա ղեկավարը հանդիսացել էր Գագիկ Սահակյանը: «Հոկտեմբերի 27»-ի քր.գործում կան փաստեր, որ 1991թ. Նաիրի Հունանյանը ՀՄԸՄ-ին (սկաուտներին) պատկանող համակարգիչները գողանալու համար պատժի՝ ծեծի է ենթարկվել: Այդ մասին բավական մանրամասնորեն ցուցմունք է տվել Ն.Հունանյանը (հատոր 19 գ. թ. 105), իսկ պատժիչ խմբի ղեկավարին չի մեղադրել, հիմնական մեղավոր համարելով Վահան Հովհաննիսյանին: Ինչևից», վերադառնանք «Դրո»-ի գործունեությանն ու ԱԱՊՎ սպա Յու.Սարգսյանին:

Մենք արդեն վերոբերյալ մեջբերման մեջ նկատեցինք, որ Արսեն Արծրունին ԿԿ-ին զեկուցելիս իր կասկածն էր հայտնում Յուրա Սարգսյան անձնավորության նկատմամբ և հարց էր տալիս. մի՞թե դժվար էր ՊԱԿ-ի նման կառույցի համար բացահայտել ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր հանդիսացող Յու. Սարգսյանին:

Հասկանալի է, որ ՊԱԿ-ը նման դժվարություն չէր կարող ունենալ, և քանի որ չեն փորձել բացահայտել, ուրեմն հենց ՊԱԿ-ին էլ հարկավոր է եղել ՀՅԴ-ում նման կառույցի ձևավորումն ու դրա հետագա զարգացումը: Թերևս այստեղ ՊԱԿ-ի (ներկայիս` ԱԱՆ-ի) ներկայացուցիչները կարող են արդարանալու փորձ կատարել և հայտարարել, որ Յուրա Սարգսյանը ինքնագլուխ է գործել ու իրենք էլ, ասենք, անփութության պատճառով տեղեկություններ չեն ունեցել նրա գործողությունների և ՀՅԴ-ին ՊԱԿ-ից տեղեկություններ վաճառելու վերաբերյալ, չէ՞ որ իրենք միշտ են «անփույթ» աշխատում, չէ՞ որ նման «անտեղյակության» պատճառով 1999 թվին էլ իրենց վերահսկողությունից «դուրս» մնաց իրենց սեփական գործակալ Նաիրի Հունանյանը:

Շարունակությունը՝ այստեղ։

Վահագն Ղուկասյան

«Չորրորդ իշխանություն», 2, 2019



 Պիտակներ

         Նաիրի Հունանյան, Հրայր Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Արսեն Արծրունի, Վահագն Ղուկասյան, Յուրա Սարգսյան, «Դրո» կառույց




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5891




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5348