...

Իշխանությունը կպարտվի, եթե չվերանայի մոտեցումները

Իշխանությունը կպարտվի, եթե չվերանայի մոտեցումները

Իշխանությունը շարունակում է տանուլ տալ նախկին ռեժիմի սանձազերծած քարոզչական պատերազմը: Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը որևէ կերպ չի ցանկանում իջեցնել մամուլի ազատության մակարդակը: Եվ եթե հաջողի նախկինների դեմ պայքարում ու վերջնականապես նրանց նետի պատմության աղբամանը, այդ հանգամանքը լրացուցիչ դրվատանքի միավորներ կբերի նրան:

Սակայն, մինչ այդ նախկիններն անցել են լայնածավալ գրոհի՝ օգտագործելով իրենց արսենալում գտնվող ամբողջ զինանոցը. հեռուստատեսություն, թերթեր, համացանց: Այդ պայմանական զորամիավորման մեջ կան հարյուրավոր զինվորներ՝ լրագրողներ, խմբագիրներ, քաղաքագետներ, շոու-բիզնեսի հայկական աստղեր, կուսակցություններ, մտավորականներ, արցախյան պատերազմի մասնակիցներ: Ունեն նաև արտասահմանյան լեգիոն՝ ի դեմս ռուս քաղաքագետների, որոնց հարցազրույցները կարդալիս միայն մեկ տպավորություն ես ստանում՝ մարդիկ օնլայն խոպանի են, որովհետև ասում են մտքեր, որ որևէ դեպքում չէին ասի իրենց հայրենիքում: Իրենց երկրներում այդպիսի վերլուծություններից հետո պարզապես կդառնային ձվերի ու լոլիկների թիրախ:

Մեկ առանձին ուսումնասիրության թեմա են նախարարությունների ու գերատեսչությունների նախկինից մնացած խոսնակները: Նրանց ֆեյսբուքյան գործունեությունը մոնիթորինգ անելուց ակնհայտ է դառնում, որ շատերը պարզապես հաճախում են աշխատանքի և երազում նախկինների վերադարձը: Շատ քիչ են նոր խոսնակները, որոնք իսկապես պայքարում են ամեն րոպե սպրդվող ապատեղեկատվության դեմ՝ արագ և հիմնավոր արձագանքելով դրանց:

Ինչ է հակադրում իշխանությունն այդ մեծաքանակ ուժերին: Վարչապետի ֆեյսբուքյան էջը, մի քանի իսկապես անկախ կայքեր և Հ1, որը չափազանց թերի է կատարում իր գործառույթները: Հաշվի առնելով այդ հեռուստաընկերության ահռելի ռեսուրսները՝ հասարակությունը կարող էր նրանից ակնկալել ավելի գործոն պայքար ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և քաոսի իմիտացիա ստեղծելու նախկինների ջանքերի դեմ:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որ ընդունել են մարտահրավերը և փորձում են իրենց ուժերի ներածին չափով պայքարել վերոհիշյալ չարիքների դեմ: Մնացածը բավարարվում են ժամանակ առ ժամանակ Փաշինյանի ստատուսներով կիսվելով, իսկ մյուս հատվածն անգամ դա էլ է համարում ավելորդ գլխացավանք և բավարարվում սելֆիներով:

21-րդ դարում պատերազմները սկզբում պարտվում են տեղեկատվական դաշտում և միայն հետո ռազմի կամ քաղաքական դաշտում: Իշխանությունը պետք է վերանայի մարտավարությունը, այլապես հույսը դնել միայն նառոդնի դրուժինայի (ֆեյսբուքյան հասարակ օգտատերերի) աջակցության վրա, այնքան էլ խելամիտ չէ: Դրուժինան այդպիսի հատկություն ունի, կարող է մի քիչ կռվել, հետո հոգնել ու գնալ տուն:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ