...

Կանաչ լույս՝ սիգի պահածոներ արտադրողների համար

Կանաչ լույս՝ սիգի պահածոներ արտադրողների համար

Որպես ձկան ապօրինի որսի դեմ պայքարի միջոց` նախարարությունը որոշել է օրինականացնել այն

Մինչև տարեվերջ Սևանում ձկան որսը կօրինականացվի: Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է թույլատրել սիգի օրինական որսը, սակայն վաճառքի համար ձկնորսը պետք է պարտադիր վճարի բնօգտագործման վճարը, ունենա օրինական թույլտվություն:

«Եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի որսած ձուկ»,- ասել է նախարար Էրիկ Գրիգորյանը:

Օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն մինչև տարեվերջ, և արդեն այս տարի Սևանում որսը կլինի միայն օրինական` փաստաթղթերով արտոնված:

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է, որ համաձայն չէ հին մեթոդին անցնել:

Արդեն երկար տարիներ է՝ սիգի ոչ կառավարելի որսը բնապահպանների դիտակետում է: Հարցը քննարկվել է նաև պատկան կառույցներում: Ի վերջո, որոշվել է պայքարել սիգի անօրինական որսի դեմ: Եկել են եզրակացության, որ պետք է մշակվի սիգի որսի փորձնական ծրագիր: Նախատեսում են ինչ-որ քանակ որսալ, որպեսզի հետո պարզեն՝ այն իրեն արդարացնում է, թե՝ ոչ: Բարդուղ Գաբրիելյանի խոսքով, սակայն, սիգի որսի վերաբերյալ նոր մոտեցում չկա, առաջարկված տարբերակն էլ չեն ընդունում:

«Ոչ մի պիլոտային ծրագիր էլ չեն ներկայացրել: Ուզում են անցնել արտոնագրային որսին՝ հին մեթոդին վերադառնալ»,- նկատեց նա:

Շրջակա միջավայրի նախարարությունը սիգի որսի ծավալը որոշելու համար արդեն դիմել է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտին:

«Վարչության պետը մեզ ասաց՝ 200 տոննա որս լինի, ես պատասխանեցի՝ մեզ նամակով դիմեք: Պետք է մեզ ասեք, որ փորձնական ծրագիր եք ուզում անել, մենք էլ ձեզ կպատասխանենք, թե ինչքան կարելի է որսալ: Իրենք ուզում են, որ մենք գրենք, ասենք՝ եկեք որս արեք, չեմ հասկանում»,-  ասաց նա:

Նախատեսվում է, որ տարեկան արտոնված որսը կկազմի 200-250 տոննա։ Վերջնական ծավալը կորոշի ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը: Կենտրոնի տնօրենը մտահոգվում է՝ այնպես չլինի, որ 200 տոննայի փոխարեն ավելի շատ սիգ որսան:

«Սաղմոնազգի ձկների համար, որի դասին պատկանում է նաև սիգը, կարող են արդյունագործական պաշարի մինչև 50 տոկոս որս անել՝ կախված պայմաններից: Մեզ մոտ, սակայն, 50 տոկոս չենք կարող սիգ հանել: Առաջարկում ենք մինիմալ 20-25 տոկոս: Եթե նորմալ ընթանա, կարող ենք այդ շեմը կամաց-կամաց բարձրացնել»,- նկատեց մասնագետը:

Բարդուղ Գաբրիելյանի կարծիքով՝ որսի օրինականացմամբ կանաչ լույս է վառվում սիգի պահածոների արտադրությամբ զբաղվողների համար:

«200 տոննա կթողեն որսալ, թե 100, դա էական չէ: Այն մարդիկ, ովքեր այսօր ձկան պահածո են արտադրում, դրանց կծածկեն: Եթե պահածո արտադրողներն այսօր չեն կարող արդարանալ, թե որտեղից է իրենց սիգը, հիմա, եթե մենք թեկուզ մի քիչ թույլատրենք, կասեն, որ այստեղից են գնել: Այն մարդիկ, ովքեր անօրինական սիգի պահածոյացման գործով են զբաղված, դրանց մենք ճանապարհ ենք ցույց տալիս, թե ինչպես իրենց գործն արդարացնեն՝ փոխանակ պատժելու»,- տեսակետ հայտնեց մասնագետը:

Անցյալ տարի սիգի արդյունագործական պաշարն ընդհանուր 750 տոննայի չափ էր գնահատվել, այս տարի` մոտ 700: Իսկ սիգի ընդհանուր պաշարը մոտ 3000 տոննա է: Այսօր նաև սիգի մանրաձուկ և ձկնկիթ է ազատ վաճառվում, ինչը Գաբրիելյանն անընդունելի է համարում:

Օրինական ճանապարհով որսված ձուկն ավելի թանկ է լինելու, քան փողոցում վաճառվող ապօրինի որսվածը: Իսկ այսօր ապօրինի որսված սիգը նույնիսկ 800 դրամով է վաճառվում, ինչը մասնագետները չնչին արժեք են գնահատում:

Անկախ նրանից՝ ձուկն օրինական, թե անօրինական ճանապարհով լճից դուրս կհանեն՝ Բարդուղ Գաբրիելյանն անընդունելի է համարում փողոցում ձկան վաճառքը: Չի բացառում, որ այն կարող է առողջության համար վտանգավոր լինել:

«Ստուգված չէ, թե ինչ ձուկ է վաճառվում: Նամանավանդ ամռանը ձուկն արևի տակ են վաճառում և թարմ է մնում: Հարց է առաջանում, թե ինչպես է թարմ մնում: Կարող է մշակում են ֆարմալինով, կամ այլ նյութերով, որոնք վտանգավոր են առողջության համար»,- վրդովվեց մասնագետը:

Պնդում է՝ պետք է արգելվի փողոցում ձկան վաճառքը: Աշխարհի ոչ մի երկրում փողոցում վաճառվող ձուկ չես տեսնի: 

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը սիգի որսի վերաբերյալ այլ տարբերակ է առաջարկում:

«Տարբեր առաջարկներ ենք քննարկել, օրինակ, կա տարբերակ, որ ինչ-որ մի կազմակերպություն ձկնորոսների հետ պայմանագիր կնքի և գնի: Լճի մոտ սիգի ընդունման կետեր ստեղծվեն, ձուկը բերեն և հանձնեն բարձր գնով: Ձկնորսները համապատասխան հագուստ ունենան, նավակները ստուգվեն»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ