Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   13:00
604

Լաչառությունը ճիշտ դիվանագիտության ապացույց չէ

Ո՞ւմ մենաշնորհն է Հայոց Եղեռնը

Ժողովրդի հիշողությունը կարճ է: Եվ դա խիստ հարմար է այս իշխանություններին, որոնք, եթե ծիծաղելի վիճակում հայտնվելու վախը չունենան, կհայտարարեն, թե առաջին տիեզերագնացը ղարաբաղցի է եղել, իսկ հարաբերականության տեսությունը հայտնագործել է ստեփանակերտցի մի պարտկոմ: 

Մինչդեռ, օգտվելով ժողովրդի խիստ կարճ հիշողությունից, որը չի հիշում անգամ իր երեկվա օրը, ներկայիս իշխանությունն իր պալատական լրատվամիջոցներով, հաստատուն և անհերքելի տպավորություն է ստեղծում, թե նախկին և խիստ հանցավոր իշխանություններն ամեն ինչ անում էին Հայոց ցեղասպանության հարցը քողարկելու, այդ հարցին միջազգային հնչեղություն չտալու համար: 

Ցեղասպանության բնագավառում մինչև Քոչարյանի հայտնությունը, մենաշնորհը պատկանում էր հեղափոխական դաշնակներին, իսկ Քոչարյանի հայտնությունից հետո հեղափոխական դաշնակները մեծահոգաբար թույլ տվեցին, որ վերջինս իր լուման ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման վեհ գործում: 

Այսպիսով, Ցեղասպանությունը համարվեց Քոչարյանի և դաշնակների մենաշնորհը, իսկ նրանց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները հպարտությամբ գրեցին. «Առաջին անգամ միջազգային բարձր ատյաններից հայոց նախագահը բարձրացրեց ցեղասպանության հարցը»: Ու ժողովուրդը ականջները կախ հավատաց, թե նախկին հանցավորները ոչ միայն ազգի լույսն էին կտրում, այլև ամեն ինչ անում էին, որ աշխարհը չճանաչի 15-ի եղեռնը: 

Սույն անհեթեթ մտայնությունը փարատելու համար մեջբերենք «Արմենպրես» գործակալության՝ միայն 96 թվականի տեղեկատվությունը՝ նախկին իշխանությունների օրոք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած հաջողությունների շուրջ: 

Եվ այսպես, ըստ «Արմենպրես» գործակալության, 1996-ի ապրիլին՝ «Հայոց մեծ եղեռնի 81-րդ տարեդարձի նախօրյակին, Կանադայի խորհրդարանում ընդունվեց հետևյալ օրենսդրական բանաձևը. «Համայնքների պալատը, 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած մոտ 1,5 միլիոն կյանքեր խլած հայկական ցեղասպանության 81-րդ տարեդարձի կապակցությամբ, ի ճանաչումն մարդկության դեմ գործված ոճիրների, ամեն տարվա ապրիլի 20-ից 27-ի շաբաթը ընդունում է որպես մարդու կողմից մարդու հանդեպ անմարդկային վերաբերմունքի հիշատակման շաբաթ»: 

1996 թիվ, 23 ապրիլի, «Արմենպրես» 

«Պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Բ. Արարքցյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, արծարծեց 15 թվի Հայոց ցեղասպանության խնդիրը»: 

Ի դեպ, Ցեղասպանության ճանաչման հարցում նախկին իշխանությունների կատարած լուրջ աշխատանքի հետևանք էր նաև այն, որ, ինչպես վկայակոչում է «Արմենպրես» գործակալությունը, «96-ի ապրիլին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ուղերձով դիմեց ամերիկահայությանը, բայց, իհարկե, ձեռնպահ մնաց Հայոց մեծ եղեռնը ցեղասպանություն որակելուց» (իսկ իշխանական մամուլը 2001-ի ապրիլին գրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քոչարյանի լուրջ ձեռքբերումների արդյունքում էր, որ ԱՄՆ նախագահն առաջին անգամ ուղերձով դիմեց ամերիկահայությանը): 

Այնուհետև, դարձյալ 96-ի ապրիլին, դարձյալ ըստ «Արմենպրես» գործակալության՝ «Հունաստանի կառավարությունը, քննարկելով «Քաղաքական գարուն» կուսակցության բարձրացրած հարցը, միաձայն որոշում կայացրեց՝ «Ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից 1915 թվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին»: 

Դարձյալ 96-ի ապրիլին, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «ԱՄՆ կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնախմբի նախաձեռնությամբ կոնգրեսում տեղի ունեցան լսումներ՝ օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչման խնդրի շուրջ: Նշվեց, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ընդունման դեպքում կարող են բարելավվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»: 

Եվ այսպես՝ մեջբերումներն ընդամենը 1996-ի մեկ ամսվա պաշտոնական տեղեկատվությունն էր, որը, կարծում ենք, բավարար է ապացուցելու համար, թե ինչքան «անտարբեր» էին նախկին իշխանությունները 15 թվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: 

Իհարկե, նշյալ հիշատակումները կարող են խարխլել դաշնակցության ցեղասպանական հեղինակային իրավունքը, սակայն, ինչպես սիրում էր կրկնել բոլշևիկ Լենինի ընկերուհի Ինեսա Արմանդը, պատմությունը ճշմարիտ փաստ է սիրում: Իսկ փաստն այս դեպքում այն է, որ 1915 թվի հայկական եղեռնի ճանաչումը նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից էր, բայց, ի տարբերություն ներկայիս դեմագոգ իշխանությունների, նախկիններն իրենց խնդիրները լուծում էին առանց համաշխարհային շուխուրների և քարոզչական սալյուտների:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», No 330, հունվարի 29, 2002թ. 



 Պիտակներ



Գովազդ