...

Մարզիչը հայտնվել է խաղից դուրս

Մարզիչը հայտնվել է խաղից դուրս

Հեղափոխությունից հետո շատերին մտահոգում էր (բառի չվարկաբեկված իմաստով), թե ինչ թիմով կգա իշխանության Նիկոլ Փաշինյանը: Կառավարության առաջին նշանակումները որոշակի տարակուսանք առաջացրեցին, սակայն վստահության պաշարն աննախադեպ էր: ԱԺ-ը «Իմ քայլը» խմբակցությունը ձևավորելիս հարցերը և մտահոգությունները աճեցին երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն հասարակությունը դա նույնպես անտեսեց՝ ձայն տալով Փաշինյանին: 

Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը ձայնը տվել է Փաշինյանին, բայց այդ թիմից պահանջում է որակյալ, թիմային և հասարակության բարօրությանը նվիրված աշխատանք: Մինչդեռ թիմ չկա: Թիմի մարզիչը ձախողել է սելեկցիան, իսկ հաջորդ տրանսֆերային պատուհանը կբացվի մի քանի տարուց: Իսկ եթե արտահերթ տրանսֆերային պատուհան բացվի, ամենայն հավանականությամբ ո՛չ թիմը կլինի և ո՛չ էլ մարզիչը: 

Վերջին զարգացումներն ակնհայտ դարձրին, որ «Իմ քայլի» պատգամավորները պատրաստ են զբաղվել ցանկացած գործով, բացի թիմային աշխատանքից: Նրանցից յուրաքանչյուրի համար ավելի կարևոր է սեփական խաղը, ֆուտբոլային լեզվով ասած դրիբլինգ ցուցադրելը, քան թիմի վերջնական արդյունքը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ թիմում չկան թևեր, իսկ եթե դրանք առաջանան, ապա նա դրանք կկտրի:  Իրականությունը 180 աստիճան այլ է: Թիմում արդեն բազմաթիվ են «ֆուտբոլիստներ», որ հրապարակային չեն կիսում գլխավոր մարզչի խաղը կառուցելու փիլիսոփայությունը և մոտեցումները: Մի քանիսը բացահայտ չեն կիսում նրա մոտեցումները Ամուլսարի վերաբերյալ: Եվ ոչ միայն չեն կիսում, այլև հայտարարում են, որ դիմադրելու են մինչև վերջ: Մի ուրիշ հատված պայքարում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ: Երրորդ խումբը զբաղված է սեփական թիմակիցներին հարվածելով: Վերջին խումբը հատկապես լծվել է Արսեն Թորոսյանին հարվածելու գործին. զորօրինակ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Նարեկ Զեյնալյանը և Թագուհի Թովմասյանը: Առաջինը Արմեն Մուրադյանին հռչակում է «Նոր Հայաստանի» լավագույն կադրերից մեկը, երկրորդը ստատուս է ձոնում Թորոսյանի դեմ և այն դնում գովազդի տակ, որի ներքո կատարվում են վիրավորական արտահայտություններ Թորոսյանի հասցեին, իսկ երբ նրան առաջարկվում է հեռացնել դրանք, հեռացնում է դիտողությունը՝ պահպանելով նախարարի հասցեին վիրավորական մեկնաբանությունները: Երրորդի լրատվականը մեկ տարի է ամեն օր բացասական լույսի ներքո է ներկայացնում նախարարի գործունեությունը: Սա խնդրի հրապարակային կողմն է, իսկ ոչ հրապարակային դաշտում, այսինքն՝ հանդերձարանում պատկերը էլ ավելի տխուր է: 

Միգուցե, Փաշինյանը առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքով: Բայց, ուրեմն այնքան էլ լավ չի գիտակցում, թե ում դեմ է խաղում, որքան ժամանակ ունի և որքան ինքնագոլեր կարող է ստանալ: Քանի վիճակը օրհասական չէ, Փաշինյան-մարզիչը պետք է մի քանիսին հրապարակային վաճառի հակառակորդ թիմերին, մի քանիսին բուժի աստեղային հիվանդությունից, մի մասին արգելի սելֆի անել, հնարավոր է՝ մյուս մասը հասկանա մարզչի վճռականությունը: Հակառակ պարագայում, ֆուտբոլում այսպիսի վիճակները մշտապես ավարտվում են մարզչի հեռացումով:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   7189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ