...

Մոտ 1 միլիոն դրամի կոնյակ, արծաթյա բաժակներ, ոսկեպատ մեդալներ. ՍԴ-ի գնումները

Մոտ 1 միլիոն դրամի կոնյակ, արծաթյա բաժակներ, ոսկեպատ մեդալներ. ՍԴ-ի գնումները

Պետական միջոցներն արդյունավետ ծախսելու մասին հայտարարությունները հնչել են ինչպես նախկին, այնպես էլ նոր կառավարության օրոք: Կան պետական մարմիններ, սակայն, որոնց կողմից հայտարարվող ու կատարվող գնումներն առնվազն տարակուսանք են առաջացնում` գնված ապրանքի կամ ծառայության դիմաց վճարված գումարի առումով: Մենք մոնիտորինգի ենք ենթարկում gnumner.am և armeps.am կայքերը: Մեր ուշադրությունը գրավեցին մասնավորապես ՀՀ ՍԴ-ի կողմից կնքված մի քանի պայմանագրեր, որոնցից պարզ է դառնում, որ պետական այս հիմնարկում սիրում են ներկայացուցչական ծախսեր անել և դրանց ճնշող մեծամասնությունը հիմնականում մեկ անձից կատարված գնումների տեսքով են: Ագուլիս Մեկ ՍՊԸ-ի հետ սեպտեմբերի 17-ին ՍԴ-ն պայմանագիր է ստորագրել, որով պատվիրակության ընդունելության համար կոնյակ է գնել`10  հատ կես լիտրանոց «Նաիրի», հատը` 32 հազար 400 դրամ, 5 հատ 0,7 լիտրանոց «Նաիրի», հատը` 43  հազար 500 դրամ, 9 հատ «Դվին» կոնյակ, հատը` 50  հազար դրամ: Սա մեկ անձից կատարված գնում է, որի համար վճարվել է մոտ մեկ միլիոն` 991 հազար 500 դրամ: 

Հընթացս նշենք, որ սեպտեմբերի 17-ին ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը ընդունել էր Հայաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին։ Այս հանդիպման ժամանակ, ըստ ՍԴ կայքում զետեղված տեղեկանքի, կողմերն անդրադարձել էին դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ 

Սեպտեմբերի 30-ին ՍԴ-ն մեկ այլ` 495 հազար դրամի ներկայացուցչական ծախս է կատարել. 2 հատ հուշանվեր արծաթյա բաժակ է գնել, մեկը` 205 հազար, մյուսը 290 հազար դրամով: «Ես Սիլվեր» ՍՊԸ-ից է կատարվել, մեկ անձից կատարված գնման ընթացակարգով: Սրանք միակ հուշանվերները չեն, որոնք գնել է ՍԴ-ն: Տարազարդ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով (պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 3-ին), ՍԴ-ն գնել է 1 կավե մեծ, միջին, փոքր ափսե` յուրաքանչյուրը 35, 25, 20 հազար դրամով, 1 կավե ափսե` 12 հազար դրամով, 6 հատ փոքր գորգ` 35 հազար դրամ արժեքով, 3 հատ մետաքսե շարֆ` 23 հազար դրամով, կոնյակի 1 լիտրանոց 3 տակառիկ, հատը 30 հազար դրամով: Այս ամենի համար վճարվել է 494 հազար դրամ: Տարազարդ ՍՊԸ-ից մեկ այլ` 350 հազար դրամի հուշանվեր է գնվել նաև ս.թ.սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրով.  7 հատ ՍԴ հուշադրամ է գնվել, հատը 50 հազար դրամով: 

Բարձր հարգով ոսկով ոսկեպատված 100 հատ հուշամեդալների համար ՍԴ-ն 1 միլիոն 800 հազար դրամ է վճարել ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ-ին, պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 25-ին: Հուշամեդալի դիմերեսին, ըստ տեխնիկական բնութագրի, պետք է գրված լինի ՀՀ Սահմանադրական դատարան, պատերված լինի դափնու ճյուղ և «25» հոբելյանական թիվը: 2020-ին, ինչպես գիտենք, լրանում է ՍԴ ձևավորման 25-ամյակը, և գնումն այդ հոբելյանի առթիվ է: 

Հաջորդ հուշանվերը` 6 կոմպլեկտ բաժակ, 4 հատ գրաֆին, արժեցել է 474 հազար դրամ: Գնումը դարձյալ մեկ անձից է կատարվել, ս.թ. սեպտեմբերի 27-ին, «Ռիվոլի դե լյուքս» ՍՊԸ-ից: Արտավազդ Սարուխանյան ԱՁ-ի հետ ապրիլի 5-ին կնքված պայմանագրով ՍԴ-ն 656 հազար 900 դրամ է վճարել ճաշկերույթ կազմակերպելու համար: Գնումը նույնպես մեկ անձից է կատարվել: Թե քանի հոգու ու ինչ նպատակով է մատուցվել ճաշկերույթը` նշված չէ պայմանագրում: Սակայն, նկատենք, պայմանագրի կնքման շրջանում` ապրիլի 4-ից 5-ը ՍԴ-ի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Գերմանիայի ՍԴ-ի նախագահ Ա. Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Դատարանի նախագահի տեղակալը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը: Ըստ ամենայնի, գերմանացի գործընկերների համար էլ մատուցվել է այս հյուրասիրությունը: Ընդհանուր 490 հազար դրամի մեկ այլ` մեկ անձից կատարված գնում էլ կատարվել է Աշոտ Գասպարյան ԱՁ-ից: Ըստ պայմանագրի` ՍԴ-ն այս գնման շրջանակում պետք է ձեռք բերի հուշանվերային տպագրությունով 100 հատ բաժակ և փորագրությունով 200 հատ գրիչ: Բաժակի միավորի գինը կազմում է 1900 դրամ, իսկ գրիչի գինը` 1500 դրամ: Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 5-ին: 

Գիր ՍՊԸ-ի հետ ՍԴ-ն այս տարի երկու անգամ 350 հազարական դրամի պայմանագիր է կնքել` հուշանվերային գիրք ձեռք բերելու համար: Ըստ պայմանագրի, որոնցից մեկը կնքվել է ս.թ. հունիսին, մյուսը` օգոստոսին, հիշյալ ընկերությունը պետք է հուշանվերային հրատարակությամբ «ՀՀ սահմանադրություն» գիրք մատակարարի ՍԴ-ին: Գրքի յուրաքանչյուր միավորի արժեքն է 35 հազար դրամ: Այսինքն` միայն այս ընկերությունից 700 հազար դրամի հուշանվերային գիրք է ձեռք բերել ՍԴ-ն:   

Հ.Գ. Թվարկված գնումները ՍԴ-ի կողմից այս տարի իրականացված ներկայացուցչական ծախսերի չնչին տոկոսն են, որոնց համար հարկատուներիս գրապանից վճարվել է մոտ 5.5 միլիոն դրամ: 

Հեղինե Մանուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ