...

Մշակութային հեղափոխություն չի լինելու

Մշակութային հեղափոխություն չի լինելու

Հեղափոխությունը փաստ է։ Բայց այն չափազանց ժլատ հեղափոխություն է։ Ի՞նչ է Նիկոլի ուզածը։ Փող չծախսել։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքն ուզում է աճ ցույց տալ։ Աճը որտե՞ղ կարելի է ցույց տալ։ Որտեղից հնարավոր է փող կորզել։ Իսկ մշակույթից դա հնարավոր չէ։ Այդպես են լսել: Կամ այդպես գիտեն: Հետևաբար մշակույթը հեղափոխությունից դուրս է մնացել։

Իսկ իրականում որտե՞ղ է փողը: Ասենք, բրազիլական «Կառնավալն» ի՞նչ է: Կամ արգենտինյան տանգոն: Ֆրանսիացիներն առանց Լուվրի ո՞վ են: Ի՞նչ է Ղրիմը առանց Այվազովսկու կամ Չեխովի: Նույնիսկ Մոսկվայի Սադովայա 50 շենքն է արդեն մշակույթի մասնիկ: Ոչինչ չես կարող անել: Մշակույթը փող է, երբ քո հանճարն է «այնտեղով» անցել, քո հավաքական և կուտակիչ միտքը, քո միակ ու իրական գաղափարախոսությունը: 

Մշակութային հեղափոխություն չի լինելու։ Առավելագույնը, որ կարողանանք անել` ստեղծել «Ջինգլ Բելլսին» համարժեք մի երգ… ըստ Գրիգորիչի կամ Բարսեղյան Ավետի, որ Փառք Աստծո, Նունե Եսայանը չի կատարի։ Բայց գուցե կատարի: Ինքը կամ Սիրուշոն, կամ հենց Սյուզանը: Սեր է և հանդուրժողականություն, չէ՞: Համ ստորագրեն` Ռոբի ազատությունը բաղձեն, համ… Երկրի ներդաշնակ համապատկեր` ներդաշնակ երկրի համապատկեր: 

Իսկ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնը կսպասի, թող մնա թեկուզ առանց երրորդ հարկի, թող ընդհանրապես շահագործման պատրաստ չլինի, որովհետև այն հո չի պատմելու հեղափոխության մասին։ Այն հեղափոխության թանգարան չէ։ Վիձիծի լի։ Իսկ որ հանկարծ չթվա, թե վիձիծի լի` Մնջախաղի թատրոնի նախագծի ճարտարապետական պատուհասը տպարանի (գրապալատի) շենքի գլխին` թե բա Դադասյան Ժիրայրը, այո, ռոբասերժ, բայց նա հո չի՞ հավերժելու, բայց մնջախաղը քսան (երեսուն, քառասուն) տարի է` սպասում է սեփական շենքին… Ու իրոք, Ժիրայրի ով լինելու հարցը չէ` ամեն դեպքում` արվեստ ստեղծել է, լավ ներկայացումներ ունի, բայց էս ինչու եք էսպես սրարշավում: Որ հաճոյանա՞ք…  Ու շըպ-թըպ, ու ցըմփ` մեկին գտնեն` ձրի նախագիծ անի, մեկին գտնեն` սարքի, փողը տան` գնան ու շինեն: Մանդատ ունեն, իրենց բան ասող չկա` հները հին շենքերը քանդում էին, իրենք «շինում են»` Արամի 23-ը «շինեցին»` առայժմ կիսատ, հիմա սրա հերթն է: Հիմա տեսնենք ՀՀԿ-ն ֆեյսբուքում կապիտալ շինարարության ծախսերի մասով էլի ձեռ կառնի՞: 

Տարօրինակ ժամանակներ են։ Մուննաթի վրա սարքվող ժամանակներ։ Ո՞վ իրավունք ունի միտք բանեցնելու։ Նիկոլ Փաշինյանը։ Մյուսները ծպտված ռեկվիզիտներ են, որոնք վախենում են լինել ինքնուրույն։ Որովհետև չգիտեն, թե շեֆն ինչի՞ն հավանություն կտա, կամ ի՞նչը կմերժի։ Արդյունքում նրանք հոգու խորքում ատում են Փաշինյանին։ Խորապես են ատում։ Որովհետև ինքնուրույնություն չունեն։ Իսկ Փաշինյանը համոզված է, որ հեղափոխությունը նրանց միջոցով է մեզ հասցնելու։ Կամ իր ամբողջ «վիժընը» նրանցով կկերակրի մեզ։ Էլի վատ չի մտածել։ Բայց մյուսները խողովակ չեն։ Մյուսներն ուզում են մարդ լինել, մյուսներն ուզում են հեղափոխության դերակատարներ լինել։ Բայց անվստահ են։

Դիցուք, ու՞մ ասես, որ մշակույթը մեզանից առաջ է եղել, եղբայր, արի էնպես անենք, որ մեզանից հետո էլ լինի։ Բայց՝ չէ, չի լինում, այդպես ասողի ձեռքը կխոթեն հեղափոխությունից հետո Հայաստանի ամենավաճառվող գիրքը՝ «Երկրի հակառակ կողմը» և կհարցնեն՝ այստեղ այդպիսի բան գրած կա՞։ Չկա։ Ուրեմն ձեզնից բաներ մի հորինեք։ Իսկ առհասարակ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան պե՞տք է` մենք առանց էդ էլ Մաթևոսյանի «Ծառեր»-ի առաջին էջը, Սահյանի «ախր ես ինչպես…»-ը ժողովրդին կարող ենք Նիկոլի պես, Նիկոլի հետ, Նիկոլից հետո կարդալ: Համ էլ էդ թանգարանի փողը հներն էին տվել` գուցե թե դա կոռուպցիա և փողերի լվացում` մի հատ ստուգեք: Իսկ առհասարակ էն Նարինեն ճիշտ է բացատրել` հարյուրներով տաղանդ տվող ազգ ենք` ինչ եղել` եղել է` էկեք էլ թանգարան չսարքենք` Սովետի սարքածը բոլ ա: Նարինեին ասեք` թող դա պետության հեղափոխական մշակութային քաղաքականության հայեցակարգ դարձնի: 

Դուք նկատե՞լ եք, թե ինչքան լարված են մեր նախարարների դեմքերը։ «Մշակութային» շոկ ապրած դեմքեր են։ Որովհետև չգիտեն, թե ուրիշ ինչ մուննաթ է նրանց սպասվում կառավարության հերթական նիստին։ Նիկոլ Փաշինյանին փող է պետք։ Ոչ իր համար, իհարկե։ Ահա ինչու նա ընդամենը ազնիվ է պետության հետ։ Բայց ոչ ավելին։ Նա չի ուտում, նա վերադարձնում է կերածը։ Բայց ստեղծել չի կարողանում։ Նա ընդամենը մարսողության սանիտար է. օրինակ, դու` քեզ էդքան փող որտեղի՞ց, Ֆրանկլին։ Ֆրանկլինն այն քաջերից էր, որոնք բարեհաջող մարսում էին ոչ իրենց մտքերով ու մտահղացումներով ստեղծած փողը։ Բայց հաջորդ տարի դու այլևս Ֆրանկլին չես ունենալու, եղբայր։ Իսկ մշակույթը չի սպասում ստեղծվելու կամ վերարժևորելու համար։ Ֆրանկլինին բերելու համար հերիքեց մեր համբերությունը, մշակութային հեղափոխության համար գուցե չհերիքի։

Ու նախարարական լարված դեմքերի մեջ անդորր է շնչում ու ներշնչում ԿԳՄՍ նախարարի խոհուն դեմքը, որ իսկույն այլակերպվում է մուննաթի ու մուննաթ արտաբերում, երբ իր ոլորտների անդորրները, հատկապես մշակութայինը, պղտորել են փորձում. նախարարը, ակնհայտ է, մշակութային հեղափոխության վիժըն ունի, մանդատ ունի, ճաշակ ունի, բայց ոչ մեկին չի ասում` որոնք են դրանք, որտեղ են դրանք: 

Ֆրանկլինը, իհարկե, Գոնսալես, բայց Արամի 23-ը` Սրմաքեշ ու «Հին Երևան» առևտրի կենտրոն  ու «Ֆրանկ Մյուլլեր»… Գոնսալես Ֆրանկլինը սպառող էր, իսկ Սրմաքեշն արարող է ու ներդնող, չէ՞: Ներ է դնում չէ՞, ՀՀԿ հուզված դեմքերի ֆոնին ձեռ չի քաշում հեղափոխականներից, այլ ձգտում է շարունակել իր հայրենաշինիչ գործը: Սա ուրեմն կապիտալ ներդրում է, և կապիտալ այս ներդրման մշակույթը պետք է խրախուսել (ոչ թե մշակույթը), փայփայել ու վատ հիշել, թե, ասենք, ում արյան գնով Արամի փողոցը հանուն (նաև) «Հին Երևան» առևտրի կենտրոնի հողին հավասարեցվեց… Վատ հիշել, որովհետև լրիվ մոռանալուն խանգարում է անցյալը, մշակույթը և էդ անտեր Արամի 23 շենքը, որ համառորեն չի փլվում` ցից մնացել է հեղափոխականների խղճին: Էստեղ Սրմաքեշի, կամ այս ու այն մեկի խնդիրն ու գաղափարը չէ, էստեղ քո ու ձեր գաղափարի բացակայությունն է:

Մշակութային հակահեղափոխությունը ծավալվելու է կապիտալ շինարարության ահագնացող նոր տեմպերի տեսքով, հատկապես քաղաքի կենտրոնում. «Հյուսիսային պողոտա» կոնցեպտը` ճաշակի գագաթ ու կապիտալ ներդրում` իրականում դուր է եկել քեզ, Նիկոլ, մանավանդ որ այն դաշտն է, ուր դու ներդրողներին խլում ես նախկիններից, և մանավանդ որ քաղաքա-շինությամբ ու շինարար հանդես գալով էլ Փառքը քեզանով ես անում: 

Ացիֆռովկա. քո ձեռքը Հանրային հեռուստաընկերություն էին տվել, որ մշակութային հեղափոխություն անես։ Դու ինչպե՞ս վարվեցիր. գաղափարի, գաղափարաբանության, փոփոխությունների ծրագրի` առկա-բացակայության: Դու Պասկևիչյանի հետ ինչպե՞ս վարվեցիր։ Դու ինչպես ես վարվում Հանրայինի հետ: Մի բառ` ացիֆռովկա` որ Մարգարիտը այցիդ ժամանակ առիթ-անառիթ քեզ էր հրամցնում: Հիմա մտածում ես Հանրայինին վճարովի գովազդը վերադարձնել։ Իսկ արժեքդ ու՞ր է, ո՞ւր է արժեքդ։ Ինչպե՞ս կարող է քո պարծենալիքը լինել ուրիշի մտահղացած և բազմաթիվ ունեզրկվածների հաշվին կառուցված անճաշակության կոթող Հյուսիսային պողոտան։ Մտքովդ ինչպե՞ս էր անցել դրանով զարմացնել նույնիսկ Բեռլինի հմայքով չզարմացող Անգելա Մերկելին։ Դու, բարեկամ, ի վերջո տեղ ես հասել «Երկրի հակառակ կողմով», այլևս գնալու տեղ չունես։ Հիմա պիտի քեզնից գա գնալու տեղը։ Մուննաթ գալով չէ, խնայիր մեզ։ 

Մշակութային հեղափոխություն չի լինելու։ Եվ ուրեմն լինելու է հակահեղափոխություն: Մաքուր ու զուլալ: Առանց ճշմարիտ մշակույթի: Դա ես ընտրել, այդ ընտրությունդ հաստատում ես ամեն օր:

Հեթում Գրիգորյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   112366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ