...

Գոնե Նժդեհի դերասանը չլիներ

Գոնե Նժդեհի դերասանը չլիներ

Դերասան Արտաշես Ալեքսանյանը` անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:

«Մշակույթում ցենզուրա պետք է լինի: Ցենզուրան պարտադիր է, որ կարողանաս համակարգել, հավասարաչափ, սիստեմատիկորեն դաստիարակել սերունդը: Դե եկեք` բոլորս մերկանանք ու ամբողջ քաղաքով մերկ ման գանք, ցենզուրա չկա: Ցենզուրան պարտադիր է, գոյություն ունի մեծացող սերունդ, որը պետք է զարգանա: Մշակույթը պետք է ազատ լինի, բայց ոչ բոլորի համար: Մշակույթն ազատելով` պետք է հաշվի առնես` այդ ազատությունը վնասո՞ւմ է սերնդին, թե՞ չի վնասում, արատավորո՞ւմ է, թե չի արատավորում»,- ասել է դերասանը:

1991 թվականին էկրաններին հայտնվեց լեգենդար «Գառնուկների լռությունը» ֆիլմը՝ Էնթոնի Հոփկինսի հանճարեղ խաղով: Բայց մինչև ֆիլմի նկարահանումները Հոփկինսը մի քանի շաբաթ շարունակ ուսումնասիրել է բազմաթիվ հայտնի մարդասպանների կենսագրությունը, եղել բանտերում, հանդիպել նրանց հետ, այցելել մի շարք աղմկահարույց դատավարություններ: Այդ ամենը Հոփկինսը արել էր նրա համար, որպեսզի առավելագույնս ճիշտ մարմնավորի իր կերպարին՝ Հանիբալ Լեկտերին: 

Նույն կերպ էլ Միխայիլ Ուլյանովն էր ամիսներով ուսումնասիրում 2-րդ համաշխարհային պատերազմի տարբեր դրվագները, խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովի կենսագրությունը, որպեսզի վերջինիս դերը լավ խաղա:
Ու հիմա մեզ մոտ հարց է առաջանում. ինչպե՞ս են Արտաշես Ալեքսանյանին վստահել Գարեգին Նժդեհի դերը՝ համանուն ֆիլմում: Այդ մարդը Նժդեհի մասին ֆիլմում պետք է շատ-շատ մարմնավորեր որևէ չեկիստի կամ ՆԿՎԴ-ի քննիչի դեր, որովհետև այդ դերի մեջ է, ոչ թե՝ Նժդեհի: Նաև հենց կոշտ ցենզուրայի պատճառով էր, որ Նժդեհի և նրա նման հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին տասնյակ տարիներ հետո ենք իմացել:

Խորհրդային կինեմատոգրաֆիայում կար ցենզուրայի բաժին, որը ցանկացած ֆիլմ այնպես էր ֆիլտրում, շատ հաճախ ֆիլմի ամբողջ իմաստն ու արժեքը կորում էր: Ու Արտաշես Ալեքսանյանն ասում է. եկեք այդ ցենզուրան վերականգնենք: Ու չի հասկանում, որ այդ ցենզուրան լիներ, ինքը հաստատ Նժդեհի դերը չէր խաղա: Ու այս ծիծաղելի հակասությունը գալիս է նրանից, որ արդեն 20 տարի Նժդեհին դրոշակ են սարքել, բայց իրականում ոչ Նժդեհ են կարդացել, ոչ հասկանում են, թե ինչ է նշանակում խորհրդային բռնապետություն, որի դեմ պայքարել է Նժդեհը:

Եկեք մի պահ պատկերացնենք, թե Հայաստանում ցենզուրան վերականգնել են: Դե եթե այդպես լիներ, առաջինը պետք է արգելվեն մեր տեղական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալները: «Պլենդուզից» ցածր մակարդակ ունեցող արտադրանք, որը քարոզում է փողոցային բարքեր, գողական կյանքի գովերգում, փողոցային բառապաշար, միայն մտավոր ցածր մակարդակ ունեցողներին հասանելի «բազարներ»: Դերասանական խաղի մասին ընդհանրապես չենք խոսում. լրիվ Նուբարաշենի աղբանոցի ապրանք է:

Ու ոնց որ թե Արտաշես Ալեքսանյանը այս մասին երբևիցե չի բարձրաձայնել: Ո՞նց խոսի, եթե այդ սերիալների մշտական հերոսներից մեկը ինքն է: Մեկ-մեկ մեզ ասում են, դե, մարդիկ փող են աշխատում, թատրոնում եկամուտները քիչ են: Որ այդպես է, եկեք նաև թույն էրոտիկ ֆիլմեր նկարահանենք ու ցուցադրենք. ի՞նչ կա որ, մարդիկ փող են աշխատում: Ի՞նչ տարբերություն, գողական կամ փողոցային գյադա ես մարմնավորում, թե՝ մարմնավաճառ: 

Մի օր երեկոյան «պուլտը» վերցրեք ու հերթով ալիքները փոխեք. բացառությամբ «ԱՐ» և «Շողակաթ» հեռուստաալիքների, մնացածները նստած են ցածրակարգ «սերիալի» ասեղի վրա: Բա, նժդեհականներ, ձեն հանեք, ահազանգեք, նման սերիալների ազդեցության տակ մեր երեխաները վաղը դառնալու են գողական, հանցագործ, կին ծեծող, ընտանիք քանդող: Այնպես որ, եթե ցենզուրա լիներ, առաջիններից մեկը հենց Արտաշես Ալեքսանյանն էր տուժելու:

Հ.Գ. Իմիջայլոց, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը լավ կաներ, անհասկանալի նախագծեր ֆինանսավորելու արանքում մեկ-մեկ էլ զբաղվեր հեռուստաեթերի մաքրության հարցերով: Նույնը վերաբերում է Հայաստանում հեռուստաեթերը վերահսկող մարմիններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ