...

Ո՞ւր կորավ «համաշխարհային ազգը»

Ո՞ւր կորավ «համաշխարհային ազգը»

Շուտով 2020-ի նոյեմբերի 9-ի երրորդ տարելիցն է։ Ի՞նչ «նվաճումներ» ունենք։

1․ Արցախը կորցրել ենք։

2․ Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ է։

3․ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, այսինքն՝ իշխանություն չունենք։

4․ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմություն է։ Ինչպես երևում է, այդ ընդդիմության գաղափարախոսը Վազգեն Մանուկյանն է։ Այսինքն՝ այլընտրանք չունենք։

5․ Տեղեկատվական դաշտը լցված է զանազան վերլուծագանգերով, որոնք «հաստատ» գիտեն՝ ինչ են ուզում Ռուսաստանը, Ամերիկան ու Եվրոպան, Թուրքիան ու Ադրբեջանը, բայց չգիտեն՝ ուր է գնում Հայաստանը։ Այսինքն՝ համատարած աղմուկի մեջ կախվել է մահահոտ լռությունը։

Ն․ Փաշինյանի գործողություններն ու խոսքն են որոշում, թե ինչ են ասելու, այո՛, ասելու, ոչ թե անելու, մեր քաղաքական ուժերը։ Չենք ուզում թերագնահատել չիշխանության քննադատների ջանքերը։ Ավելին, ազգակործան պատուհասի արարքների և ասածների վերլուծությունն անհրաժեշտ է գոնե պատմության համար։ Բայց սա իրական ՕԳԳ չունի այսօր, որովհետև նախընտրական ժամանակահատված չէ, որովհետև Հայաստանի գոյությունը պահելու խնդիր ունենք։ 

Ուստի 2020-ից երեք տարի անց կարող ենք արձանագրել, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու թիմն են անմեղսունակ, այլ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացրած բոլոր ուժերը և անհատները։

Օրինակ՝ 2020-ի նոյեմբերի 10-ից «ակտիվացավ» Վազգեն Մանուկյանը՝ իբր որպես «մաքուր» գործիչ։ Եվ ի՞նչ արեց։ Ճիշտ եք, կրկին ծառայություններ մատուցեց Ռոբերտ Քոչարյանին այնպես, ինչպես արել էր 1997-98-ին։ 

90-ականների ընդդիմության այս մաթեմատիկոս գերաստղի «մտքերը» հիշո՞ւմ եք։ Մեկը հիշեցնեմ, որից բխում է երկրորդը։ Դարձյալ ճիշտ եք․ Վազգեն Մանուկյանը պնդում էր, որ մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք։ Բայց թե ինչով կարելի է հիմնավորել այս պնդումը, այդպես էլ «չբացահայտեց»։ Եվ այսօր ճիշտ ժամանակն է, որ հարցնենք․ ո՞ւր կորավ «համաշխարհային ազգը», ինչո՞ւ աշխարհի այս թոհուբոհում չի լսվում նրա՛ ձայնը։

Նորմալ, սովորական ազգի գաղափարին ընդդիմացող համաշխարհայնականները պնդում էին, որ Սփյուռքը մեր նավթն է։ Ո՞ւր է ձեր նավթը։

Այս ցնդաբանությունից բխում էր և բխում է երկրորդը․ պետք է ստեղծել «ազգային գաղափարախոսություն»։ Գրեթե 30 տարի է՝ հարցնում ենք՝ որոնք են դրա գլխավոր թեզերը․ լավագույն դեպքում պատասխան չկա, վատագույն պարագայում պատասխանները չեն տարբերվում բակային տաղավարներում կամ ֆեյսբուքում տարածվող դատարկաբանություններից։

Ու այսօր, երբ լինել-չլինելու խիստ շոշափելի խնդիրն է դրված, մեր «ինտելեկտուալ» վերլուծաբանները կա՛մ ֆիդայական համախտանիշն են ներկայացնում, կա՛մ պնդում, թե մեզ ազգային գաղափարախոսություն է պետք։

Ամփոփենք․ թշնամին ունի ազգային նպատակ և հստակ ծրագիր, քայլ առ քայլ իրականացնում է հենց հայկական պսևդովերնախավի գործուն ջանքերով։ Մենք ունե՞նք նպատակ, դրան հասնելու քիչ թե շատ իրատեսական ծրագիր և այն իրականացնելու ինտելեկտուալ ներուժ։ Մենք խոսելուց և քննադատելուց զատ ի՞նչ կարող ենք անել։ 

2020-ի նոյեմբերի 9-ից հետո պարզից էլ պարզ էր, որ Հայաստանին նորմալ, նպատակ և ծրագիր ունեցող իշխանություն է պետք։ Մեկ խնդիր պետք է լուծեինք։ Չլուծեցինք։ Եվ չլուծեցինք, քանի որ թե՛ պսևդովերնախավի, թե՛ հասարակության մի ստվար զանգվածի գաղափարախոսությունը մեկն է․ ընտրությունն է նաղդի և նիսիայի միջև։ Եվ այդ նաղդը բնավ կապված չէ երկրի, հայրենիքի շահի հետ։ 

Բայց սա կբացատրենք հաջորդիվ։ Վերջում կրկին հարցնենք․ ո՞ւր է «համաշխարհային ազգը»։ 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ