...

Օրանժ զապորոժեցի բարդույթը

Օրանժ զապորոժեցի բարդույթը

ՌԵՏՐՈ

Աշխարհի փիլիսոփաները՝ մեր վոյինի մասին

Ղարաբաղցիների հիշողության մեջ պարտկոմ Քոչարյան Ռոբերտը մնացել է իր անմոռանալի օրանժ Զապորոժեցով: Ղարաբաղցիները զզվանքով են հիշում, թե ինչպես էր այդ Զապորոժեցի տերը բոլորին ձանձրացնում՝ իր մեքենան բենզին լցնելու մշտնջենական խնդրանքով: Հետո արդեն՝ բենզինի փող կար. պարտբիլետ ուզող խորհրդային Ադրբեջանում ինչքան ասես կար, իսկ Քոչարյան Ռոբերտը յուրաքանչյուր պարտբիլետից ուներ իր տոկոսը: Ավելի ուշ՝ ղարաբաղյան պատերազմ ու ինչպես ԿՌԱԶԻ շոֆերները դարձան գեներալ-փոխնախարարներ, շլիֆովկա անողը՝ նախարար (ի դեպ, այսօր էլ մեր կառավարությունում նախարար է ժամանակին օպերայի տարածքում մեխակ վաճառողներից մեկը. ասում են՝ ամենալավ մեխակը նրանն էր), այնպես էլ Զապորոժեցի տեր Քոչարյան Ռոբերտը դարձավ Ղարաբաղի նախագահ: Հետո արդեն նախկին իշխանությունները օրանժ Զապորոժեցի տիրոջը կապեցին մեր գլխին ու իրենք մի կողմ քաշվեցին: Այդ օրվանից քաշվածը մենք ենք:

Ըստ Ֆրոյդի

Ողջ գիտակցական կյանքը Քոչարյան Ռոբերտն ապրել է ադրբեջանական պարտիական բռունցքի մամլիչի տակ: Նա Կևորկովի արժանի սանն էր, բայց հոգու խորքում ատում էր իրեն ճնշողներին ու լինելով ի ծնե վրիժառու՝ ինքնաթունավորվում: Հետո եղավ անկախությունն, ու Քոչարյան Ռոբերտն արդեն չեստ էր տալիս Կոմանդույուշչիին՝ Սամվել Բաբայանին, ու եթե մի տեղ քեֆի սեղան էր, Քոչարյան Ռոբերտը ժամերով սեղան չէր նստում՝ մինչև չգար Կոմանդույուշչին: Ըստ Ֆրոյդի՝ եթե մարդը տարիներ շարունակ չի արտահայտում իր ատելությունն ու այն կուտակում է, ապա այդ մարդուն պետք է վտարել հասարակությունից՝ նա այլևս մարդ չէ:

Իսկ Քոչարյան Ռոբերտը չէր կարող ըմբոստանալ ո՛չ ադրբեջանական իր շեֆերի, ոչ էլ Կոմանդույուշչիի դեմ: Ուստիև նրան մնում էր մեկ բան՝ կուտակել իր թույնը: Իսկ երբ այդ թույնին ավելացավ նաև ատելությունը Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի նկատմամբ, որովհետև վերջիններիս համար Քոչարյան Ռոբերտը միշտ մնաց ընդամենը օրանժ Զապորոժեցի տեր, քենն ու վրիժառությունը դարձան այդ մարդու միակ առաջ մղիչ գործոնը:

Եթե այդ մարդը լիներ շարքային անկապ քաղաքացի՝ լավագույն դեպքում կարելի էր նրան չնկատել, իսկ վատագույն դեպքում՝ տանել հոգեվերլուծողի մոտ: Բայց, նաև նախկին իշխանութունների մեղքով, այդ մարդն այսօր երկրի նախագահ է:

Ավարտենք պարբերությունը բոլշևիկ Վլադիմիր Լենինի փիլիսոփայությամբ՝ «Ինչո՞ւ են նախանձները միշտ ինչ-որ բանից վշտացած. որովհետև նրանց տանջում են ոչ միայն սեփական անհաջողությունները, այլև ուրիշի հաջողությունները»:

Ըստ Շոպենհաուերի

«Եթե մեկը լիզում է ներբանդ, կրունկով սեղմիր, քանի դեռ նա քեզ չի խայթել»: Սա ասել է Շոպենհաուերը: Ասել է, որ առողջ և սթափ մարդիկ հանկարծ չտրվեն քծնանքի գայթակղությանն ու թույլ չտան, որ իրենց քծնելով փչացնեն: Մինչդեռ, օրանժ Զապորոժեցի տերը շատ արագ մոբիլիզացրեց երկրի քծնանքի ողջ պոտենցիալը, ընդհատակից հանեց ներքին և արտաքին բոլոր քծնողներին, շատերի մոտ բացեց քծնանքի չակրան ու տրվեց անափ քծնանքի վայելքին: Է՜լ Միրզիկ ու Հայրիկյան, է՜լ դաշնակ ու Հմայակ, է՜լ սերվիս Անդո ու խորհրդարանական մի բույլ լիքը քծնողներ կպան Քոչարյան Ռոբերտի կաբլուկին ու պոկ չեն գալիս: Եվ դա նրան դուր է գալիս. ո՞վ կմտածեր, որ Բաքվի ռադիո լսող և Զեյնաբ Խանլարովայի ու Փոլատ Բյուլ-բյուլ օղլու կլկլոցների տակ Զապորոժեց քշողը մի օր «Պապլավոկում» Չիկ Կորեա է լսելու ու Շառլ Ազնավուր, իսկ իր նախկին շեֆի՝ Ալիևի հետ Քի Վեսթում ձուկ է բռնելու: Երևի Քի Վեսթում Քոչարյան Ռոբերտը կպած ուզում էր բռնել իրեն բաժին ընկած ոսկե ձկնիկին ու ասել. «Այ ձուկ, հանկարծ կռիսություն չանես, ես վոին եմ, բա՞, ռեյծինգս էլ՝ էլ դու սուս»:

Իսկ ձուկը լուռ էր:

Աշխարհի ամենաճիշտ հեքիաթը

Ո՞րն է աշխարհի ամենաճիշտ հեքիաթը: Աշխարհի համար չգիտեմ, բայց հայերի համար «Քաջ Նազարն» է: Հատկապես՝ այսօր: Ի դեպ, վերջերս հայ ռեժիսորներից մեկը բողոքեց, թե ուզում էր «Քաջ Նազարը» բեմադրել, բայց իրեն հասկացրել են, որ այս օրերին «Քաջ Նազարի» բեմականացումը կարող է ճիշտ չհասկացվել:

Միանգամայն հասկանալի է. քաչալի ներկայությամբ ճոխ մազերից խոսելը անկրթություն է, իսկ Քաջ Նազարի գոյության օրոք «Քաջ Նազար» բեմադրելը, հատկապես՝ թախտի տակ տեսարաններով ու սպանված ճանճերով (երևի՝ որպես տնտեսական աճի նվաճված տոկոսներ)՝ բնական է, որ քաղաքական լուրջ հետևանքներ կարող էր ունենալ: Ուստիև՝ ռեժիսորին առաջարկել են առայժմ անշառ մի բան բեմադրել, օրինակ՝ Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր»: Բայց, եթե լավ մտածենք, այդտեղ էլ քաղաքական լուրջ ենթատեքստ կգտնենք: Ուստի ռեժիսորը լավ կանի առայժմ փոխի մասնագիտությունն ու գնա Քոչարյանի բացած «Պրոմեթևս-քիմպրոմում» աշխատելու:

Ըստ Լենինի

Ի՞նչ անել:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 294, նոյեմբերի 9, 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ