...

Պարտավո՛ր ենք ինքնուրույն ու ազատ ապրել

Պարտավո՛ր ենք ինքնուրույն ու ազատ ապրել

ՈՒԾԱՑՈՒՄ

Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում բռնապետություն հաստատելու և այն «պահպանելու» միջոցները նույնն են: Սակայն յուրաքանչյուր «առանձին վերցրած» ժողովուրդ իր ազգային նրբերանգներով է օժտում դրանք: Նախ որևէ ռազմականացված խունտա երկրում կազմակերպում է հեղաշրջում, պետության կառավարիչ է նշանակում մեկին, որն անպայման թաթախված է ապօրինությունների մեջ և, հետևաբար, կախված՝ խունտայից, ապա աստիճանաբար «վերացնում է» իշխանական լծակներին դեռևս տիրապետող լեգիտիմ, ուժեղ անհատներին, հետո՝ սեփական հանցագործություններին լավ ծանոթ և ընդվզելու ընդունակ թիմակիցներին: Զուգահեռաբար երկրում ստեղծվում է տեռորի և կեղծիքի մթնոլորտ, որն անխուսափելիորեն ուղեկցվում է «ֆյուրերին» գովերգող և ազգայնական «վեհ գաղափարներ» արծարծող ճառերով:

Այսպիսի խունտաները, որպես կանոն, խուսափում են կոնկրետ կուսակցական պատկանելությունից, բայց հենվում են որևէ նացիոնալ-սոցիալիստական կազմակերպության վրա, որի հիմնական բնազդը տեռորն է ու թայֆայի տնտեսական շահը: Հարկ է նկատել, որ բռնապետների գործն այնքան էլ հեշտ չէ, քանի որ երկրի ներսում անպայման (գոնե սկզբնական շրջանում) հանդիպում են դիմադրության և «ստիպված են լինում» այն հաղթահարել, իսկ դրսի աշխարհի աչքին թոզ փչելու համար անհրաժեշտ է լինում որոշ ժամանակ «կոմպլեմենտար» քաղաքականություն վարել, այնուհետև՝ գտնել որևէ հզոր, ցանկալի է՝ տոտալիտար անցյալը չմոռացած երկիր և վայելել նրա բաղձալի, անբաժանելի հովանավորությունը: Ի դեպ, բռնապետական, «իզգոյ» երկրներն այսօր աշխարհի համար չարիք են դարձել, չարիք, որովհետև մերժվածը միշտ էլ ձգտում է ինքնահաստատվել ամենաայլանդակ մեթոդներով ու դրսևորում է իր ողջ հանցագործ էությունը:

Մեր հայրենիքն այսօր գլորվում է վերոնշյալ երկրների ճանապարհով, որովհետև ոչ միայն տեղական մեր թայֆան է կրկնում Քադաֆիի, Սադամի ու Սթրեսների ճակատագիրը, այլև մենք ենք թույլ տվել ցայսօր, որ մեզ խաբեն, սպանեն, օգտագործեն՝ ինչպես ուզում են:

Եվ հիմա Հայաստան-պետությունը հասցրել ենք վտանգավոր այն եզրագծին, որից անդին ամենքիս չգոյությունն է, նաև՝ ֆիզիկական: Գիտեմ՝ մեր ժամանակակիցներից քչերին կարելի է վախեցնել ուծացման հեռանկարով, բայց կարծում եմ, որ սովորական, նորմալ կյանքը դեռ թանկ է շատերի համար:

Ուրեմն՝ ինչ ուղի է ընտրել քոչարյանական խունտան: 1998-ից սկսած իրականացրել են հեղաշրջում, ապօրինի նախագահ են կարգել պետության գլխին, ոչնչացրել են վտանգավոր հակառակորդներին (Հ. Խաչատրյան, Վ. Խոռխոռունի, Ա. Մարգարյան), երկրում ստեղծել են վախի, կեղծիքի, ատելության մթնոլորտ, անթաքույց աջակցում են խորհրդարանի ոճիրն իրականացրած ահաբեկիչներին, շինծու մեղադրանքներով բանտարկում են քիչ պաշտպանված քաղաքական հակառակորդներին, աղտոտում, հայհոյում են մեր անցյալը, բոլոր նվաճումները վերագրում են իրենց, օգտագործում են տնտեսական և վարչական բոլոր լծակները հասարակությանը վերջնականապես ամորձատելու նպատակով և պատրաստվում նոր «ընտրությունների»: Այս խնդիրները լուծվում են 110-ամյա տեռորիստական, մութ անցյալ ունեցող կուսակցության աջակցությամբ, որը, կրկնենք, պետության ներքին և արտաքին քաղաքականության գլխավոր գաղափարախոսն է և իրականացնում է 1918-20թթ. իր նախընտրած, իզգոյի գործունեությունը: Սակայն թողնենք մեր 3-ամյա կոմպլեմենտար անցյալը և անդրադառնանք վերջին օրերի զարգացումներին:

1. Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ ընդդիմության սպասված և վտանգահարույց հանրահավաքից առաջ, «Պապլավոկում» իրականացվում է ցուցադրական ծեծ, որն, անշուշտ, վերածվում է սպանության: Վրիպել էին միայն «օբյեկտի» հարցում, չէին հաշվարկել, որ սպանվածը կարող է դաշնակցական լինել: Բայց սա էլ է «ուղղելի»: Ինչու՞՝ ցուցադրական: Համադրենք փաստերը և տեսնենք, որ ամեն ինչ նախորդ տարիների համատեքստում է: Նախ սպանված Պ. Պողոսյանը անպարկեշտ կատակ է արել, այնուհետև Ռ. Քոչարյանը հյուրի հետ հեռացել է (աչքից հեռու), ապա շեֆի քինախնդրության մակարդակին լավ ծանոթ թիկնապահները վերադարձել են հաշվեհարդար տեսնելու՝ 200 մարդու աչքի առաջ, բոլորիս աչքի առաջ: Կատակաբանին ծեծելով սպանել են, իշխանական լրատվամիջոցներն անմիջապես հանցագործությունը որակել են որպես դժբախտ պատահար, սակայն ընդդիմադիր մամուլն աղմուկ է բարձրացրել, և այս աղմուկին միացել է (թեթևակի) ՀՅԴ-ն (իսկ հիմա լռում է): Ծեծողներից և ոչ մեկը չի ձերբակալվել: Եվ իրենց թվացել է, որ կարող են այնպես վախեցնել ընդդիմության համակիրներին, որ նրանք չհամարձակվեն փողոց դուրս գալ: Չստացվեց, էֆեկտը թույլ էր, հանրահավաքը կայացավ, հավաքվածների թիվը սպասվածից շատ էր, իսկ որակը շատ էր տարբեր Ա. Վարդանյանի ու կոմունիստների լսարաններից:

2. Հոկտեմբերի 2-ին հրապարակ է իջնում ոչ անհայտ Վլադիմիր Գասպարյանը և յուրահատուկ արտիստիզմով փորձում է «հերքել» շաբաթներ առաջ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին պատմած Վաղարշակ Հարությունյանին: Վ. Գասպարյանի խնդիրը մեկն է՝ պաշտպանել Ռ. Քոչարյանին, և նա դա անում է զարմանալի ապաշնորհությամբ: Սույն գործչի «Առավոտ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցի մեխը «Ալֆա» ջոկատը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունն էր: Նրա ասածներից ստացվում է՝ անթրաշ Ռ. Քոչարյանն այնքան «շփոթված» էր, որ «Ալֆայի» ժամանումն ապահովում է ինքը՝ Վ. Գասպարյանը: Սա էլ իր հերթին տարօրինակ զուգադիպությամբ չի գտնում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, որի անմիջական ենթական էր ինքը: Ի՜նչ հերոսություն, իսկական Հունան Ավետիսյան, կրծքով է փակում հարազատ ֆյուրերին ուղղված թնդանոթը և ... արժանանում հռետորական մի հարցի: Գուցե՞ Վլադիմիր Գասպարյանին էր ձեռնտու, որ 5 ահաբեկիչները սպանվեին օտարի ձեռքով...

Սակայն կարծում ենք՝ Վ. Գասպարյանը վերջապես «խոսեց» բոլորովին այլ միտումով: Ռ. Քոչարյանին և նրա «վեցնոցներին» հանգիստ չի տալիս Վաղարշակ Հարությունյանի պատմածը, որտեղ պարզ ասվում էր մեկ բան. «Ալֆա» ջոկատը Հայաստան էր հրավիրել Ռ. Քոչարյանը, մոսկվացիները եկել էին թմրանյութեր ընդունած 5 ոճրագործներին ոչնչացնելու, սակայն հանրապետության այդ ժամանակվա պաշտպանության նախարարի պահանջով ռուսները ենթարկվել են իրեն, ու Նաիրի Հունանյանի բանդան ողջ է մնացել: Հիմա Քոչարյանը հպարտանում է Բուշի առջև, որ դատում են հայաստանյան ոճրագործներին (ու՞մ շնորհիվ): Ինչպես նաև թե՛ նախագահի խոսնակը, թե՛ Վ. Գասպարյանը փորձում են կեղծել, շեղել հասարակության ուշադրությունը իրական խնդրից: Հիշեցնում ենք. կարևոր չէ՝ ում հրավերով է եկել «Ալֆան», Քոչարյանի՞, թե՞ նրան հավատարիմ «վեցնոցի»: Կարևոր է հրավերի նպատակը, այնուհետև՝ ու՛մ ենթարկվեց ջոկատը, և ո՞վ խոչընդոտեց ոճրագործներին (ուրեմն՝ վկաներին) սպանելու գործողությանը:

Կարծում ենք՝ բռնության ու կեղծիքի զինանոցը սպառված չէ: Կարծում ենք՝ տեղական մեր խունտան «ստիպված» է լինելու դիմել ավելի կոպիտ քայլերի: Եվ դրա համար ստեղծել է բոլոր նախադրյալները: Պետությունը վատ հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ, դաշնակները զբաղվում են Վրաստանով, Ադրբեջանը պատերազմով է սպառնում, Եվրախորհուրդը հայհոյվում է, Ռուսաստանին տրվում են հաճույքով ու թքած ունեն անկախության ու միջազգային կարծիքի վրա: Հետևաբար՝ 

ա) «Պապլավոկի» ցուցադրական սպանության հեղինակները չեն պատժվելու ըստ արժանվույն, 

բ) ակցիաներ են նախապատրաստվում ընդդիմադիր գործիչների, հատկապես Վազգեն Սարգսյանի անդավաճան զինակիցների դեմ (սրան աջակցելու են նախկինում՝ Վազգենին, այսօր՝ Ռոբերտին ծառայողները), 

գ) փորձելու են փակել ընդդիմադիր լրատվամիջոցների բերանը, որպեսզի սեփական պրոպագանդան համատարած ու ծովածավալ դառնա, աշխատելու են մթագնել հասարակության ուղեղը աղմկոտ բանտարկություններով և հակառակորդների դեմ թխված քրեական-տնտեսական գործերով: Մի խոսքով՝ աշխատում են տղերքը:

Եվ այստեղ միայն մեկ «բայց» կա: Այդ «բայցը» դարձյալ մեր հայրենակիցներն են, նրանց ողջախոհությունը, նորմալ ապրելու առողջ ձգտումը, ապագայում հեռանկար տեսնելու նպատակը, հանցագործությունից, կեղտից ազատվելու կամքը:

Ահաբեկչությունը միայն մեկ բանից է վախենում՝ ժողովրդի անվերապահ ընդդիմությունից: Մեզ՝ ամենքիս, այլևս պարզ պետք է լինի, մեր ճակատագիրը մեր ձեռքին է, դրսից մեզ չեն օգնելու, պուտինները մեզ միայն օգտագործում են: Եվ մենք «ստիպված» ենք ընտրել ինքնուրույն ու ազատ ապրելու ճանապարհը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 272, հոկտեմբերի 3, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ