...

Փաշինյանը չպետք է թաքցնի իր մոտեցումները

Փաշինյանը չպետք է թաքցնի իր մոտեցումները

Թավշյա հեղափոխությունից 1.8 տարի անց գործող իշխանությունն սկսում է մասնագիտական հանձնաժողովի ձևավորման աշխատանքներ, որը պետք է զբաղվի Սահմնադրական փոփոխությունների նախագիծ մշակելով:  ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

Այս տեմպերով լիովին կանխատեսելի է, որ հաջորդ համապետական ընտրությունները զուգորդվեն սահմանադրական հանրաքվեով: Բայց խնդիրը միայն ժամկետները չեն: Առ այսօր հայտարարված չէ, թե կառավարման ինչ ձևաչափ է նախընտրում կամ պատկերացնում 70 տոկոսից ավել ձայն ստացած իշխանությունը: Այդ մասին նախընտրում է տեսակետ չհայտնել նաև ժողովրդի վարչապետը: Մինչդեռ դա չափազանց կարևոր է հասկանալու, թե առաջիկա տարիներին Հայաստանը որ ուղղությամբ է առաջ գնալու:

Մասնագիտական հանձնաժողովը լավ բան է, սակայն պետության կառավարման հարցը քաղաքական է և ոչ թե մասնագիտական: Քաղաքական ուժերը, նրանցից առավել ազդեցիկները և առաջնահերթ իշխող կուսակցությունը պետք է ներկայացնեն իրենց տեսլականը և միայն հետո մասնագետները դրանց տան իրավական տեսք և մշակեն դրույթներ, առավել հավասարակշռված և ցնցումներից զերծ սահմանադրություն ունենալու համար:

Հայտնի չէ «Իմ Քայլը» և, մասնավորապես, Փաշինյանը կառավարման որ ձևին են ավելի հակված՝ խորհրդարանակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ նախագահական: Իրավաբան-գիտնականները կարող են աշխատել և ստեղծել մի հիանալի սահմանադրություն՝ նախագահական կառավարման համակարգով: Բայց հետո պարզվի, որ Փաշինյանը չի ցանկանում դառնալ նախագահ և հանձնաժողովի աշխատանքն ընկնի ջուրը. ռեսուրսներ և ամենակարևորը՝ ժամանակ ծախսվի, բայց գրված նախագիծը մնա թղթի վրա: Հանձնաժողովի աշխատանքներն սկսելուց առաջ, Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր տեսլականները, որպեսզի խաղի կանոնները դառնան ավելի ընկալելի թե՜ հանրության, թե՜ մասնագետների համար: 

Այլապես նրանք նմանվում են «սփիչռայթերների», որոնց հանձնարարել են գրել տեքստ, բայց չեն ասել ինչի մասին:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ