...

Պատերազմի վտանգը Բաղրամյան պողոտայում է

Պատերազմի վտանգը Բաղրամյան պողոտայում է

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Պատերազմը վերսկսելու վերաբերյալ Ալիևի հայտնի հայտարարությունից հետո Քոչարյանը հազիվ էր զսպում ուրախությունը: Զսպեց-զսպեց, վերջում չդիմացավ. երջանիկ ժպիտով հայտարարեց, թե ինքը զորքերի գլխավոր հրամանատարն է: Իսկ ուրախացել էր Քոչարյանը ոչ միայն այն պատճառով, որ կարող է հայտարարել, թե «երկիրը վտանգի մեջ է, բոլորդ համախմբվեք իմ շուրջը»: Ուրախացել էր, որովհետև պատերազմը նրա միակ (թեկուզ՝ ժամանակավոր) փրկությունն է:

Այս իշխանությունների բոլոր ռեսուրսները սպառված են: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ինչքա՞ն կարելի է երկիր ղեկավարել իներցիայով: Նախկին իշխանությունների կուտակած պաշարը բոլոր ոլորտներում սպառվել է: Տնտեսության ոլորտում՝ արդեն ծախելու բան չկա: Ուշադրություն դարձրեք՝ նախկին իշխանություններին մեղադրում էին «թալան- սեփականաշնորհման» մեջ: Հետո պարզվեց՝ այդ «թալանչիները», չգիտես ինչու, չէին վաճառել ո՛չ կոնյակի գործարանը, ո՛չ «Արմենտելը», ո՛չ բաշխիչ ցանցերը... Այդ բոլորը վաճառեց Քոչարյան Ռոբերտը: Մեկը մեկից խայտառակ ձևով: Վերջ, էլ վաճառելու բան չկա:

Սպառվել է նաև արտաքին քաղաքական ու տնտեսական ոլորտներում Հայաստանի վստահության պաշարը: Ինչքա՞ն կարելի է նույն ղարաբաղյան հարցում ձեռնածությամբ զբաղվել՝ Քի-Վեսթում մի՛ բան հայտարարել, Փարիզում՝ այլ բան: Ալիևի հետ երկխոսության պատրանք ստեղծել և այլն: Եվ աշխարհն այսօր ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ մեզ անվանելով կամ ահաբեկիչներ, կամ լավագույն դեպքում՝ օկուպանտներ: Մի՞թե պարզ չէ, որ «հաղթողական» քաղաքականության վերջը սա էր լինելու:

Արտաքին տնտեսական ոլորտի մասին ընդհանրապես խոսել չարժե: Այստեղ Հայաստանի վարկը զրոյի է հավասարեցված: Հիշու՞մ եք, թե ինչպես էր նախկին իշխանությունների օրոք Հայաստանը համարվում ԱՊՀ տարածքի ամենահուսալի տնտեսական գործընկերը: Երեք տարի էր պետք, որպեսզի Հայաստանը հայտնվի ամենաստորացուցիչ վիճակում, երբ գազի դիմաց վճարն ուշացնելու դեպքում գազը պարզապես փակում են՝ բացահայտ քմծիծաղով ընդունելով նախագահի հավաստիացումները: Հասարակությունը դեռ չի՞ հասկացել, թե ինչ է նշանակում սա: Կհասկանա, երբ նկատի, որ իբր վթարի պատճառով թաղամասերի հոսանքազրկումը խիստ կանոնավոր հովհարային բնույթ է կրում:

Իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահության պաշարի մասին նույնպես խոսել չարժե: Էն գլխից էլ այն պաշարը մի բան չէր, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ընդհանրապես վերացել է: Ցույց տվեք մեկին (Նաղդալյան Տիգրանից բացի), որը հոկտեմբերի 27-ի հետ կապ ունենալու մեջ չի կասկածում Քոչարյանին:

Բայց այս իշխանությունները պետք է հեռանան ոչ միայն վերոհիշյալ պատճառներով: Հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները ստեղծված վիճակից դուրս գալու միայն մի ելք ունեն՝ պատերազմը, և երկիրը տանելու են պատերազմի: Որովհետև միայն պատերազմի դեպքում կարելի է ազատագրված տարածքները վերադարձնել՝ առանց ազգի դավաճանի պիտակին արժանանալու (իրենք են ասում, չէ՞, որ արյունով գրավված տարածքները հենց այնպես չեն տա. արյունով՝ խնդրեմ): Որովհետև միայն պատերազմի դեպքում կարելի է «բացատրել», թե ինչու է 99 տոկոս «տնտեսական աճի» պայմաններում ժողովուրդը մատնված ծայրաստիճան թշվառության (իսկ չհասկացողներին կարելի է ուղարկել ռազմաճակատ):

Այնպես որ, հասարակությունը պետք է ընտրություն կատարի ոչ թե իշխանությունների և ընդդիմության միջև, այլ Քոչարյանի և խաղաղության միջև:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 287, հոկտեմբերի 30, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ