...

Պատմենք, թե ինչ պատմեցին Անժելա Թովմասյանի մասին

Պատմենք, թե ինչ պատմեցին Անժելա Թովմասյանի մասին

«Հայելիի» խմբագիր Անժելա Թովմասյանը Ռ. Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներից մեկում հարցազրույցի ժամանակ ասել է.

«Ժամանակին Վանո Սիրադեղյանի բանդա կար: Ես գիտեմ, որ այդ մարդիկ հրահանգ էին ստանում, սպանում էին: Մի անգամ Վանո Սիրադեղյանը ժամացույցին նայեց, հետո ասաց. «Տըկ, տըկ... հաշվեց ու ասաց. խփեցին այսինչին»: 

Եթե սա կոչվում է լրագրող, իր վարքագիծն էլ՝ լրագրություն, գիտե՞ք, ինչեր կարող ենք պատմել Անժելա Թովմասյանի մասին՝ հղում անելով անանուն մտավորականների, քուչի տղերքի, Ծերեթելիի մարմնավաճառների: Պատմենք, որ մեզ պատմել են, որ իրենց պատմել են, թե Անժելա Թովմասյանը ումից է փող ստանում, ում հետ է քնում, վեր կենում: Չենք գրում. տարրական բարոյական և էթիկական նորմեր կան, որ նույնիսկ Անժելա Թովմասյանի դեպքում չէինք ցանկանա տրորել: Մեծ նվեր կլիներ, եթե իջնեինք նրա մակարդակին:

Եթե մեկն իրեն թույլ է տալիս հրապարակավ պնդել, կամ որևէ մեկին մարդասպան համարել, քանի որ այդպես են իրեն պատմել, ապա ինչպե՞ս նման ցածր մակարդակ ունեցողին մեզ գործընկեր համարենք: 

Դրա տեղը թող այդ լրատվամիջոցով պատմեր «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության մասին: Առ այսօր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ զառանցանքներից գեթ մեկը չի ապացուցվել, բոլոր այն մեղադրանքները, որոնք ներկայացվել էին ՆԳ նախկին նախարարին, հիմնված էին ընդամենը մի մարդու՝ Վահան Հարությունյանի ցուցմունքի վրա, որին դրա համար ազատ արձակեցին, ու որը հետագայում դարձավ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերի անդամ: 

Եթե այս ամենը Անժելա Թովմասյանը չգիտի, ապա դա ևս մեկ անգամ վկայում է նրա անգրագիտության և երկերեսանիության մասին: Չնայած, ի՞նչ կարելի է սպասել մի անձնավորությունից, որը լրագրության մեջ ընդունված նորմերի մասին պատկերացում չունի: Որի գործունեության միակ խթանը անթաքույց ցինիզմն է, պետության հանդեպ արհամարական վերաբերմունքը. այլ կերպ չենք կարող որակել մի բան, երբ լրատվամիջոց կոչվածում ընդամենը 1 (մեկ) աշխատող է գրանցված: 

Ցավալի է իհարկե, որ Անժելա Թովմասյանին էլ են լրատվամիջոց համարում, տարիներ շարունակ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հալածանքների տակ կքած, սակայն դրանով հանդերձ լրագրողի բարձր անունը պահած լրատվամիջոցներին էլ: Այստեղ մտածելու բան կա: 

Մենք զերծ կմնայինք Անժելա Թովմասյանի մասին գրելիս հիշատակել նրա եղբոր՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, բայց հենց ինքն է հայտարարում, որ իր դեմ իբր հալածանքները պայմանավորված են ՍԴ-ի նախագահի դեմ՝ իշխանությունների վարած քաղաքականությամբ: Ուրեմն առաջինը, ով պետք է Անժելա Թովմասյանին հորդորեր լրատվության ժանրում առավելագույնս լինել կոռեկտ, խուսափեր էժանագին բամբասանքներ տարածելուց, պահպաներ օբյեկտիվության որոշակի մակարդակ, հենց Հրայր Թովմասյանը պետք է լիներ: Պիտի ասեր, քուր ջան, մարդկանց մեղադրանքներ ներկայացնելիս առաջնորդվիր անմեղության կանխավարկածով, խոսիր միայն փաստարկված, քո հրապարակումներում հղում տուր օրենքին և սահմանադրական նորմերին: Այսինքն, երևա, որ ՍԴ նախագահի քույրն ես: 

Ճիշտ հակառակն է. Հրայր Թովմասյանն է զբաղված էժանագին մանիպուլյացիաներով, կեղծավորությամբ, բամբասանքներով, խարդավանքներով, օրենք բռնաբարելով: 

Իսկ «Առագաստ» սրճարանում եղած սպանությունը հեքիաթ չէ, տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ, և հիմնական վկան էլ նորից պնդել է իր ցուցմունքները, գործը վերաբացվել է: Վկան էլ ոչ թե իշխանությունների շտաբի անդամ է և նախկին հանցագործ, այլ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, օրինավոր կյանք վարող, որի խոսքի իսկությանը հնարավոր չէ կասկածել: Այ, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով է ժամացույցին նայելով՝ մարդկանց սպանելու հրահանգներ տվել: Բայց Անժելա Թովմասյանը ոչ 2001 թվականին է խոսել Պողոս Պողոսյանի սպանության մասին, ոչ էլ հիմա կխոսի: Ո՞վ է տեսել, որ մարդ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ