...

Քասախում հեղափոխությունից հետո ձևավորված ավագանուն ցրել են

Քասախում հեղափոխությունից հետո ձևավորված ավագանուն ցրել են

Օրերս Կոտայքի մարզի Քասախ համայնքի 6 ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ավագանու անդամներ Գևորգ Աբգարյանի, Արթուր Մարդանյանի, Արտակ Թովմասյանի, Արման Աբրահամյանի, Վահե Ղազարյանի և Աղասի Արմենակյանի լիազորությունները օրենքի ուժով են վաղաժամկետ դադարեցվել:

«ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածի պահանջն է դա: Մեկ տարվա ընթացքում, երբ իրենք բացակայում են նիստերի կամ դրված հարցերի քվեարկության կեսից ավելիին, համարվում է, որ այդ ավագանու անդամներն անգործությամբ են զբաղված, դա չի բխում  համայնքի շահերից: Այդ փաստը կա»,- մանրամասնեց նա:

11 ավագանու անդամներից 6-ի լիազորություններն են դադարեցվել, քանի որ արդեն անդամների թիվը քիչ է նիստեր անցկացնելու համար, հետևաբար Քասախում  ավագանին ցրվել է: Լիազորությունները դադարեցված ավագանու միայն մեկ անդամն է նիստերին հաճախի բացակայել, իսկ մնացածը չեն ներկայացել դրված հարցերի քվեարկություններին: Քասախի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ավագանու վարքագծին քաղաքական բովանդակություն է տալիս: Արդեն նախկին  ավագանին ձևավորվել էր Թավշյա հեղափոխությունից հետո:

«Իրենք էլ են ասում, որ ձևավորվել են հեղափոխական ալիքի վրա, բայց ըստ էության հեղափոխական ալիքներից շատ հեռու են: Հեղափոխությունը նաև փոփոխություն է իրենից ներկայացնում: Իսկ միակ փոփոխոթյունը, որ իրենք ուզում են, դա համայնքի ղեկավարի փոփոխությունն է, և անհիմն հիմքերով ամեն կերպ ուզում էին հասնել դրան»,- նշեց Մկրտչյանը:

Արդեն նախկին ավագանու անդամներից միայն Գևորգ Աբգարյան է ՔՊ-ի հիմնադիր անդամներից, 5-ն անկուսակցական են: Նրա խոսքով՝ ավագանու անդամներն ամեն կերպ փորձել են կաթվածահար անել համայնքապետարանի բնականոն գործունեությունը:

«Ամեն կերպ սուբվենցիոն ծրագրերը վիժեցվել են: Նիստերին չեն եղել, որ հարցի քվորումն ապահովի: Իսկ մարդիկ երազում են սուբվենցիոն ծրագրեր բերել համայնք: Իսկ երբ գյուղացիները հարցնում են, թե ինչու եք տենց անում, պատասխանել են՝ եթե համայնքի ղեկավարն այդքան գործերն արեց, էլ ինչ գործ ունի համայնքում: Անձնական ամբիցիաներ ունեն»,- նկատեց համայնքապետարանի ներկայացուցիչը:

Ավագանու արդեն նախկին անդամ Արտակ Թովմասյանն իրենց ուղղված ոչ բոլոր մեղադրանքների հետ է համամիտ: Ասում է՝ իրենց գործընկերներից միայն մեկի բացականերն են շատ եղել, իսկ մյուսների լիազորությունները օրենքի խախտումով են դադարեցվել:

«ՏԻՄ օրենքն ասում է՝ ավագանու անդամը չի կարող մասնակցել այն հարցի քննարկմանը, որը վերաբերում է իր մերձավորին: Իրենք այդ ամբողջը ներառել են մի փաթեթի մեջ, արհեստականորեն, որ նիստը չգումարվի: Եթե առանձին հարցերով դրվի օրակարգը, նիստերը կկայանան: Մեկ տարվա ընթացքում գումարված նիստերին մենք բոլորին մասնակցել ենք: Նիստերի մեծամասնությունը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է վարել, որը նույնպես օրենքի խախտում է: Իրենք այնպես են արել, որ մենք բոյկոտենք, դուրս գանք»,- ներկայացրեց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմի քարտուղարը մանևրում են: Իսկ ՏԻՄ օրենքը միայն համայնքապետի շահերից է բխում:

«Հեղափոխությունից հետո է ավագանու թիմը ձևավորվել, մենք հաղթել են իրենց 30 տարվա ենթարկվող ավագանու անդամների թեկնածուներին ու լիքը ջրեր են հոսել այս մեկ տարվա ընթացքում: Բյուջեի մեծ քննարկումներ ենք արել, փոփոխություններ էինք ուզում անել, չհամաձայնվեցին, ինչ փաստաթուղթ ուզում էինք, չէին տրամադրում:  2018 թվականի կատարողականը և 2019թ. բյուջեն ապօրինի ձևով անցկացրեցին»,- ասաց նա:

Արտակ Թովմասյանը չի հերքում, որ իրենց նպատակներից մեկն է եղել Քասախն ազատել 1996 թվականից մինչ օրս համայնքը ղեկավարող կոռումպացված ՀՀԿ-ական գյուղապետից: Մամուլում գրվել է Քասախի ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի ունեցվածի մասին: Նա նաև անցնում է քրեական գործերով:

«Հեղափոխության շունչը Քասախ չի մտել: Մարդիկ դեմ են գյուղապետին, բայց չեն կարողանում դեմ արտահայտվել: Այստեղ նույն Սերժի և Քոչարյանի ժամանակների նման է ամեն ինչ»,- ընդգծեց Քասախի բնակիչը:

Ի դեպ, ամիսներ առաջ ավագանու նախկին անդամներից մեկն անգամ հացադուլով էր պահանջում գյուղապետի հրաժարականը:

Նշենք նաև, որ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համայնքապետարանը գրություն է ուղարկել մարզպետարան: Կոտայքի  մարզպետարանից փոխանցեցին, որ ավագանու 6 անդամների լիազորությունները դադարեցնելը օրինական չէ, քանի որ խախտվել են ՏԻՄ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և Քասախ համայնքի ավագանու կանոնակարգի պահանջները: Կոտայքի մարզպետարանը Քասախի համայնքապետարանի գրության վերաբերյալ հայտնում է հետևյալը (կից նկարը):

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ