Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   15:00
1535

Սասուն Միքայելյանի մտավոր կարողություններն են այդպիսին

Մենք կարող ենք նշանակալից երևալ՝
մեր արժանիքներից ցածր պաշտոն 
գրավելով,բայց ավելի հաճախ չնչին ենք
երևում ՝ մեր կարողություններից բարձր 
մի պաշտոն զբաղեցնելով։
Լառոշֆուկո

1999թ. հոկտեմների 27-ին կատարվեց աշխարհում նախադեպը չունեցող զազրելի ոճիր։ Ոճրագործները օրը ցերեկով անարգել մտան ԱԺ և գնդակահարեցին ԱԺ նախագահին, վարչապետին, պատգամավորների և կառավարության անդամների։ Գնդակահարվեց պետությունը։ Անցել է քսան տարի։ Հանցագործ խմբի 8 անդամներից 4-ը մահացել են տարբեր հանգամանքներում, կենդանի չեն նաև ականատեսներից շատերը։ Մինչև հիմա բացահայտված չեն ոճրագործության կազմակերպիչները, ինչը նշանակում է՝ ոճրագործությունը բացահայտված չէ, և հանրության շրջանում տարատեսակ կասկածներ է առաջացնում։ Ոճրագործության բացահայտումը հասարակական պահանջ է։ 

Երեկ Եռաբլուրում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` երկար լռությունից հետո 1999թ. հոկտեմբերի 27-ին արված հայտարարությանը, թե համախմբվեք նախագահի շուրջ, շեշտել է, որ այդպես էլ չի հասկացել Տեր-Պետրոսյանի պահվածքը։ «Ես չեմ հասկանում նրա այդ հայտարարությունը, նա առաջարկում էր համախմբվել մի նախագահի շուրջ, որի օրոք ահաբեկչություն տեղի ունեցավ և օրը ցերեկով ԱԺ-ում գնդակահարվեց թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինը»։

Երկու տասնամյակ Սասուն Միքայելյանը մասնիկն է եղել այն իշխանություներին, որոնց օրոք տեղի է ունեցել Հոտեմբերի 27-ը։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Սերժ սարգսյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն, որը պարտավոր էր ապահովելու պետության անվտանգությունը, և մարտի մեկի սպանդի ժամանակ էլ երկրի վարչապետն էր, Սասուն Միքայելյանի համար հասկանալի էր և լռում էր, ու 2012թ հայտարարում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախկինի պես իր մարտական ընկերն է։ 2003թ. Տիգրան Նաղդալյանի սպանության գործում ձերբակալեցին Սպարապետի եղբորը, Սասուն Միքայելյանի համար հասկանալի էր ու լռում էր: Եվ վերջապես Սասուն Միքայելյանը երկու տասնամյակ հասկացավ ու լռեց երկրում տեղի ունեցող տարատեսակ այլանդակություների մասին՝ կեղծված ընտրություներից մինչև մարդկանց ունեզրկումը։ Իսկ հիմա չի հասկանում Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը, որը երկար լռությունից հետո 1999թ. հոկտեմբերի 27-ին առաջարկում էր համախմբվել մի նախագահի շուրջ, որի օրոք ահաբեկչություն տեղի ունեցավ և օրը ցերեկով ԱԺ-ում գնդակահարվեց թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինը։

Իհարկե, Սասուն Միքայելյանը չի կարող հասկանալ և ինչպե՞ս կարող է հասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ պատերազմից հետո սահուն անցում է կատարել մեծ քաղաքականություն։ 2007թ հոկտեմբերի 26-ին այդ կապակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից` հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության և քաղաքական ուժերի միջև նախատեսված մի խորհրդակցության։ Ես կտրականապես մերժեցի, և խոսակիցներիս խստորեն սաստելով՝ ասացի մոտավորապես հետևյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը և միջամտել երկրի ներքին գործերին։ Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը և կանխել երկրին սպառնացող վտանգները»։ Չբավարարվելով այդքանով` ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն` կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ և միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց այդ առթիվ։ Դա իշխանափոխությունից հետո իմ և Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր։ Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու և Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության` Մութալիբովից - Էլչիբեյին և Էլչիբեյից-Ալիևին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով։ Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին»։  

Այս պարզաբանումից հետո թվում է, թե ոչ մեկի մոտ այլևս անահասկանալի բան չէր լինելու, բայց արի ու տես, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել։ Լևոն Տեր-Պետրոսյանի պարզաբանումից անցել է մեկ տասնամյակից ավել, և մինչև հիմա Սասուն Միքայելյանը չի հասկացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է, և նրա համար անձնական շահից բարձր է պետության շահը, ինչը և Լևոն Տեր-Պետրսյանն ապացուցել է տարբեր առիթներով, և երբ էլ որ պետությանը վտանգ սպառնա, նա իր խոսքն ասելու է՝ անկախ նրանից՝ սասունմիքայելյանները կհասկանան, թե՞ չէ։  Բայց Սասուն Միքայելյանը հնարավորություն ունեցել է, այն ինչ իրեն անհասկանալի էր, հարցնել Լևոն Տեր-Պետրոսյանից, մանավանդ, որ 2007-08 թվականների համաժողովրդական շարժման ակտիվիստներից էր և իրեն էլ էր բախտ վիճակվել կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Գնահատենք Սասուն Միքայելյանի անկեղծությունը, որ ինքն իսկապես չի կարող հասկանալ պետական ու քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքն այնքան էլ մեղավոր չէ, նրա մտավոր կարողություններն են այդպիսին։ Իհարկե, Սասուն Միքայելյանը չի կարող հասկանալ և ինչպե՞ս կարող է հասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ իրեն մեծ քաղաքականություն ճանապարհ է հարթել պատերազմը։ Դժվար է ասել, եթե պատերազմ չլիներ, Սասուն Միքայելյանը կլինե՞ր ԱԺ-ում, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հասկանար, կամ՝ չհասկանար։ Պատերազմից հետո, երբ անգնահատելի ավանդ ունեցող կռված տղաներն իրենց մտավոր կարողություներով հայտնվեցին քաղաքական դաշտում, պարզ դարձավ, որ զինվորականները պիտի հեռու լինեն քաղաքականությունից։ Սասուն Միքայելյանը նրանցից մեկն է և մեծ ավանդ է ունեցել Ղարաբաղյան պատերազմում, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Ռազմական հաջողությունների համար պետությունը կարող է պարգևներ, կոչումներ շնորհել, բայց նրանք պետք է հեռու լինեն քաղաքականությունից։ Իսկ Սասուն Միքայելյանը չպետք է մոռանա, որ իրեն ԱԺ է բերել պատերազմը և հայտարարություններ անելու ժամանակ մի քիչ զգույշ լինելը չի խանգարի։ Չենք բացառում, որ լինում են երջանիկ պատահականություներ,երբ ռազմական հաջողությունների հետ ունենում են նաև համապատասխան գիտելիքներ քաղաքական գործունեության համար։ Մեր դեպքում նման բացառություններ չեն եղել։ 

Ջավահիր Այվազյան



 Պիտակներ

         Սասուն Միքայելյան, Ջավահիր Այվազյան, Հոկտեմբերի 27, Լևոն Տեր-Պետրոսյան

Գովազդ