Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   20:00
765

Սերժ Սարգսյանը նորից դիմեց բլեֆի

Տարիներ շարունակ հասարակությանը համոզում էին, որ Սերժ Սարգսյանը շատ լավ է շախմատ խաղում: Նրա մտերիմ շրջապատը ջանք չէր խնայում այդ առասպելը տարածելու համար: Ինքն էլ իր հերթին շատ վարպետորեն դա ծառայեցնում էր սեփական պիառին: Շախմատը դպրոց էր մտցնում, շախմատիստների հետ նկարվում և ի վերջո նրանց քավոր կանգնում:

2018 թվականի ապրիլյան զարգացումներն ապացուցեցին, որ պիառը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Միքայել Մինասյանը պարզապես հերթական լեգենդն էր հյուսել աներոջ մասին: Այլ են Սերժ Սարգսյանի հմտությունները թղթախաղի ասպարեզում: Այս բնագավառում նա իսկապես վարպետացած է. ոչ մի գովազդ պետք չէ՝ բնորոշելու նրա խորը գիտելիքները թղթախաղի տարբեր տեսակներում:

«Իմ անձի հետ կապված, ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»: Երեկ այս հայտարարությունը դարձավ սոցիալական ցանցերում բազմաթիվ հումորների և մեմերի առիթ: Բայց պետք է հստակ հասկանալ, որ դա տնային պատրաստված աշխատանք էր. թե՛ հարցի, թե՛ տեղի և թե՛ պատասխանների առումներով: Սերժ Սարգսյանը այնպիսի վիճակում չէ, որ հանպատրաստից պատասխանի անգամ ամենաանշառ հարցին: Հասարակության կողմից մերժվածության մակարդակը նրան թույլ չի տալիս նման ճոխություն: Անցել են՝ «իյա, իրոք» կամ «ինչքան ուզենք՝ էտքան կխփենքի» ժամանակները: 

Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արեց, ինչպես թղթախաղում դիմում են բլեֆի: Չունենալով լավ խաղաքարտեր՝ նա բարձրացրեց «ստավկան»: Սարգսյանը մի բան լավ է հասկանում՝ ներկա իրավիճակում իշխանությունը դեռ պատրաստ չէ գնալ իրեն ձերբակալելու ճանապարհով: Դա նախ և առաջ պայմանավորված է ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակով: Մինչ այդ հարցը չստանա հանգուցալուծում, իշխանությունը չի գնա երկրի ևս մեկ  նախկին ղեկավարի կալանավորման ճանապարհով: Ակնհայտ է՝ եթե ստատուս քվոն ՍԴ-ի մասով մնա անփոփոխ, ապա Ռոբերտ Քոչարյանի արդարադատությունից խուսափելու հնարավորությունները չափազանց մեծ են: Այդպիսի պայմաններում գնալ Սերժ Սարգսյանի կալանավորման ճանապարհով՝ նշանակում է գնալ արկածախնդրության:

Սարգսյանն անմասն չէ այն բոլոր հանցագործություններից, որոնք մեղսագրվում են Քոչարյանին: Ի վերջո, սահմանադրական կարգը տապալվել է առաջին հերթին իր համար, այդ հանցավոր արարքից ամենից շատ ինքն է շահել: Եթե ֆորս-մաժոր չլինի, իշխանությունը գնալու է մինչև վերջ՝ տվյալ դեպքում նաև Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու ճանապարհով: Բայց ո՛չ հիմա և ո՛չ ներկա խճանկարում: Դրան կգնան դատաիրավական լիարժեք բարեփոխումներ կատարելու և արտաքին քաղաքական բարենպաստ իրավիճակի դեպքում:
Չպետք է նաև մոռանալ, որ Սերժ Սարգսյանի կալանավորումը լրջագույն խաղաքարտ է իշխանության ձեռքին և այն հենց այնպես օգտագործել, իմաստ չունի: Դա կարող է օգտագործվել, երբ գրանցվի վարկանիշի էական անկում և անհրաժեշտ լինի դրա որոշակի բարձրացում:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը հերթական անգամ դիմեց իր նախընտրած թղթախաղի «պրիոմներից» մեկին՝ բլեֆին: Բայց նա մի բան լավ չի հաշվարկել՝ սեղանին նրա դիմաց նստածները վաղուց են իրեն ճանաչում, գիտեն, թե որքան հաճախ է նա դիմում բլեֆի: Անգիր գիտեն նրա դիմախաղերը և անգամ ձայնի տոնայնությունը: Եվ ընդհանրապես ժամանակն է, որ նրա լուսանկարները փակցվեն խաղատներում, որպեսզի հնարավորություն չունենա մտնելու այնտեղ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019



 Պիտակներ

         Սերժ Սարգսյան, Արիս Վաղարշակյան

Գովազդ