...

Շանտաժ

Շանտաժ

Երեկվա դատական նիստի թոհուբոհի մեջ մի տեսակ աննկատ անցավ հայտարարությունը, որ արեց գլխավոր մեղադրյալ Քոչարյանը: Առաջին պլան եկան Քոչարյանի աջակիցների լկտի պահվածքը և ոստիկանության անգործությունը: Մինչդեռ, եթե դատավարությունը շարունակի գնալ ոչ Քոչարյանի սրտով, հնչեցված հայտարարությունը զարգանալու է և նոր հորիզոններ է բացելու:

Խոսքը Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «10 տարի ես իշխանություն չեմ ունեցել: Թող քննչական մարմինները գործը նորմալ քննեին: Եթե չեն արել, առաջնահերթ նրանց է պետք դատել»: Այս հայտարարությունը միայն առաջին հայացքից է, որ թիրախավորում  է Աղվան Հովսեփյանին և Գևորգ Կոստանդյանին: Այս հայտարարության իրական հասցեատերը Սերժ Սարգսյանն է: Եվ կարելի է միանշանակ պնդել, որ մեսիջը շատ արագ տեղ հասավ: Երիտհանրապետականները սկսեցին ֆեյսբուքում տարածել իրենց նկարները Ռոբերտ Քոչարյանի հետ՝ փորձելով աջակցության ֆոն ստեղծել: Քոչարյանը դեռ սպասում է՝ հույս ունենալով, որ ինչ-որ կերպ կկարողանա խույս տալ դատավարությունից: Բայց նա երեկ հստակորեն հասկացրեց, որ չի պատրաստվում միայնակ խեղդվել և իր հետ չի քաշել փոքր ձկների, այլ բռնելու է ամենամեծ ձկանը:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, չի ցանկանում, որ Քոչարյանը դատապարտվի՝ հասկանալով դրա հետևանքները առաջին հերթին իր համար: Բայց կա խնդրի նաև երկրորդ կողմը: Դատապարտել չցանկանալը դեռ չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է Քոչարյանի ուժեղացում և քաղաքական հայտի ներկայացում: Քոչարյանին, թերևս, ամենից լավ ճանաչում է Սարգսյանը: Եվ նա գիտակցում է, թե Քոչարյանի վերադարձն ինչ վտանգներով է հղի իր և իր մտերիմ շրջապատի համար: Նրանք, միգուցե, ավելի տուժեն Քոչարյանի վերադարձից, քան գործող իշխանությունները: Քոչարյանն առաջնահերթ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին է մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Պատահական չէ, որ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները և քաղաքագետները հեղափոխության նախնական փուլում ողջունում էին հեղափոխությունը և Սարգսյանի հրաժարականը: Այդ հետո էր, որ 180 աստիճան փոխեցին դիրքորոշումը, որովհետև ոչ միայն չկարողացան վերցնել իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը սկսեց սպառնալ անձնապես պատրոնին:

Հ.Գ. Երեկ Քոչարյանը չողջունեց Սեյրան Օհանյանին և ևս մեկ անգամ ցուցադրեց իր հիշաչարությունն ու ոխակալությունը: Եվ դա արեց դեռ շատ դժվար վիճակում գտնվելով հանդերձ: Ինչ կլինի, եթե նա հայտնվի ձիու վրա, կարելի է միայն պատկերացնել: Առաջնահերթ չեն ներվելու բոլոր նրանք, ովքեր, իր պատկերացմամբ, պարտական են իրեն՝ հարստանալու և պաշտոնական առաջխաղացման համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ