...

Թաքնված աջակցություն ընդհատակյա խոհանոցից

Թաքնված աջակցություն ընդհատակյա խոհանոցից

Երկու օր առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի հոդված էր հրապարակել «Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ․ Հայկական չդադարող հարցը Սբ․ Ստեփանի անունը կրող երկու քաղաքների միջև» վերնագրով։ Ստեփան Շահումյանին, ում պատվին անվանակոչվել է Ստեփանակերտը, «սուրբ» անվանելը, անշուշտ, զուտ հայկական դիվանագիտական նոու-հաու է, բայց դա դեռ մի կողմ թողնենք։ 

Ո՞րն է Միքայել Մինասյանի (նիկոլական իշխանության անլրջության մակարդակը տեսնելուց հետո մարդու լեզուն չի պտտվում նրան «Միշիկ» անվանել) հիմնական ասելիքը։ Ըստ նրա, «մեր՝ հայերիս, ազգային ինքնության ողնաշարը Հայկական հարցն է» (հայկական պատմական տարածքների միավորումն ու այդ տարածքների վրա անկախ Հայաստանի ստեղծումը), հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր «կրում են այդ հարցի էությունը՝ ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգևոր մակարդակով», հայեր են, իսկ ովքեր մերժում են՝ էությամբ հակահայ «հայախոսներ»։ Իրավիճակի միակ լուծումն էլ այն է, որ հայերը պետք է միավորվեն, երկրի ներսում լռեցնեն «հայախոսներին» և Հայկական հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով։ Մի խոսքով՝ փոքր-ինչ պարզունակ ձևակերպմամբ, եթե ինչ-որ մեկի «ազգային ինքնության ողնաշարը» ծովից ծով Հայաստան ունենալը չէ, նա հայ չէ, էությամբ հակահայ դավաճան է։ Հասկացա՞ք։ Միջանկյալ տարբերակ չկա, կամ ծովից ծով Հայաստանի նվիրյալ ես, կամ դավաճան։

Համաձայնվեք՝ շատ հայրենասիրական է հնչում։ Առավել ևս, որ պրն Մինասյանն իբր նաև «դառը ճշմարտություններ» է ասում՝ «պետք է խոստովանենք, որ Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ մենք ոչ միայն կորցրել ենք մեր պատմական հողերի մեծ մասը, կորցրել ենք նաև հայերի մի զգալի հատվածի․․․» և այլն։ Ինչ-որ մեկի աները կասեր՝ «իյա՛, իրո՞ք»։ Մենք իսկապե՞ս այդ ընթացքում միայն տարածքային կորուստներ ենք ունեցել։ Բա ո՞նց պատահեց, որ երկրաշարժից կիսավեր ու շրջափակման մեջ խեղդվող 29,8 հազար քկմ տարածքով Խորհրդային Հայաստանն անկախանալուց 3 տարի անց 42 հազար քկմ տարածք էր վերահսկում, իսկ ևս 3 տարի անց կարող էր փաստացի միջազգայնորեն ճանաչված 35 հազար քկմ տարածքով հարևանների հետ տևական խաղաղության հասնել։ Ու գիտե՞ք, թե ինչու դա տեղի չունեցավ։ Որովհետև մի քանի արկածախնդիրներ հանուն սեփական իշխանության հրաժարվեցին հարցի կարգավորումից՝ պարզամիտ հայրենասերներին «բացատրելով», թե գիտե՞ք, սա հո միայն Ղարաբաղի հարցը չի՞, որ լուծենք-պրծնենք, սա Հայկական հարցի ընդամենը փոքրիկ բաղադրիչն է, որովհետև «դեռ ճամփա ունենք, պիտ հասնինք Սասուն․․․»։ Բա իհարկե, ի՞նչ պրագմատիկ քաղաքականություն, ի՞նչ ուժերի հարաբերակցություն, ի՞նչ դիվանագիտություն, չէ՞ որ Ջեբրայիլի համար հայեցի անվանումն արդեն գտնված էր, ու դրանից հրաժարվել՝ կնշանակեր հրաժարվել Հայկական հարցից և «գենետիկ ու հոգևոր մակարդակով» ջարդել մեր «ազգային ինքնության ողնաշարը»։

Բայց շատ ավելի կարևոր է այն, որ իր այս հոդվածով Միքայել Մինասյանը, կամա թե ակամա, անգնահատելի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև ինքն էլ իր հերթին է հայ ժողովրդին բաժանում «սևերի» ու «սպիտակների», ընդ որում՝ հետևյալ սկզբունքով․ նրանք, ում նպատակը Հայկական հարցի լուծումն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա Միացյալ Հայաստան ստեղծելու ճանապարհով, և նրանք, ովքեր դավաճանում են այդ գաղափարին՝ 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանից դուրս ամեն ինչ ուրանալով։ Սա Նիկոլ Փաշինյանի համար շատ ձեռնտու տարանջատում է, որովհետև այդ դեպքում ինքը ներկայացվում է որպես խաղաղության կողմնակից, մյուսները՝ որպես պատերազմի հրձիգներ։ Ըստ երևույթին պրն Մինասյանը մինչև հիմա չի հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխին աղետներ է բերել ու շարունակում է բերել ոչ միայն այն պատճառով, որ հրաժարվում է 29,8 քկմ տարածքից դուրս հայկական շահեր տեսնել, այլև առաջին հերթին՝ որովհետև իր ընտրած «մնացած ամեն ինչից հրաժարվելու» ճանապարհով չի կարողանալու պահպանել այդ 29,8 հազարը։ Ավելին՝ «հանուն խաղաղության» ամեն ինչ զիջելը հանգեցնելու է նոր պատերազմի։ Այսինքն՝ նրա արածը ոչ միայն դավաճանություն է, այլև հիմարություն, որովհետև դավաճանության դիմաց սովորաբար ինչ-որ բան ստանում են, թեկուզ՝ նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն, բայց նա նույնիսկ դա՛ չի ստանալու։

Բայց Միքայել Մինասյանը գերադասում է հարցն այնպես ներկայացնել, կարծես Նիկոլն ի վիճակի է լինելու ապահովել այդ խաղաղությունը՝ թեկուզ նվաստացուցիչ պայմաններով։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ