...

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում

Մեկ տասնամյակ երկիր ղեկավարած, նախկինում էլ ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած վարչապետ Սերժ Սարգսյանի  հեռանալը քննարկման առարկա չդարձավ: Իսկ երբ պաշտոնանկ արեցին երկու ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես՝ ԱԱԾ ղեկավար Վանեցյանին, հակահեղափոխականների քարոզչությունը սաստկացավ: 

Այն բանից հետո, երբ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց, մերժվածների հակաքարոզչությունն ավելի ագրեսիվ բնույթի է:  Դաշնակները  բացահայտ  հայտարարում են, որ կկրկնվի 1998 սցենարը, իսկ 1998 թվականն ինչ աղետ բերեց երկրի գլխին, կարծում ենք մանրամասնելու կարիք չկա: Քոչարյանի աջակիցները հայտարարում են, թե իրենց պայքարը նոր փուլ է թևակոխելու: Ինչի՞ դեմ են պայքարում, երբ իրենց պաշտպանյալին առաջադրված է ծանրագույն մեղադրանք և դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը: Պատերազմի վտանգից են խոսում, Ղարաբաղի և Հայաստանի միջև հակասություններից են խոսում: Հակառակորդները ոչնչի դեմ չեն  կանգնում, միայն թե խուսափեն արդարադատությունից: 

Կարծես թե իշխանություններին ոչինչ չի անհանգստացնում: Վարչապետը շրջակայում է:  Ախր ինչպես կարող է հոկտեմբերի 27 տեսած երկրի ղեկավարը հանգիստ լինել: Իսկ մինչև հոկտեմբեր 27-ը Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատից ՀՀ  Ներքին գործերի փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում, ՊՆ-ի տեղակալ Վահրամ Խոռխոռունին  սպանվել է Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից:  Իհարկե սպանություններն ու ինքնասպանությունները սկիզբ են առել գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունով և ճանապարհային դատախազ Արամ Կարապետյանի ինքնասպանությունով: Քոչարյանն իր ղեկավարման տասնամյակին  հրաժեշտ տվեց արյունոտ մարտի մեկով:  ՀՀ քաղաքացին սարսուռով է հիշում էդ տարիները: Իսկ այսօր հայտնաբերվել է 1999-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:  

Հենց սկզբից, տեսնելով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, մեծ խելք պետք չէր ենթադրելու համար, որ հետագայում նման զարգացումներ կարող են լինել: Այնուհետև, ունենալով ԱԺ-ում մեծամասնություն՝ մերժվածների ստեղծած օրենքները թողեց նույնը, իրենց օրենքներով և իրենց կադրերով իրենց դեմ էր պայքարում: Արդյունքը զրո: Իսկ ինչու՞ Փաշինյանը չէր զգուշանում, երբ գաղտնալսում էին ուժային կառույցների ղեկավարներին, եթե ուժայիների ղեկավարները պաշտպանված չեն, էլ ուր մնաց շարքային քաղաքացին պաշտպանված լինի: Իսկ հիմա ինչ արեց, ուժայինները տվեց ժամանակավոր պաշտոնակատարների, ինքն էլ հանգիստ գնաց շրջակայության: Հակառակորդը զինված է ահռելի ռեսուրսներով: Իշխանության հույսը ժողովուրդն է, բայց նաև չպետք է մոռանալ, որ ժողովրդի մեջ պիցցայակերներ ու 5000 դրամանոցներ կան և ավելի թանկանոցներ: Դեռ ամիսներ առաջ էդ մարդիկ ազդարարում էին, որ աշունը թեժ է լինելու: 

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում: Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա, որ սա միայն իր պարտությունը չի լինելու, պետության ու հասարակության պարտությունն է լինելու, և պատասխանատուն ինքն է: Գնալով վտանգն ավելի առարկայական է դառնում:

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ