...

Վերջին մոհիկաններից մեկն էլ գնաց

Վերջին մոհիկաններից մեկն էլ գնաց

Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկն էլ հեռացավ. Բաբկեն Արարքցյանը: Հեռացավ մեր պետականության ակունքներում կանգնած վերջին մոհիկաններից մեկը: Մարդ, որը ֆանատիզմի հասնող եռանդով էր փայփայում երիտասարդ պետությունը: Շարժման ղեկավարներից շատերի գործունեությանը հանրությունը ծանոթ է, իսկ ահա Բաբիկի, ինչպես նրան փաղաքշաբար անվանում էին ընկերները, գործունեությունը այնքան էլ շատ չէր տիրաժավորվում, և հայտնի չէր հանրության լայն շերտերին: Թեպետ նա ահռելի ավանդ է ունեցել ոչ միայն պետականության կայացման ու ամրապնդման գործում, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, իսկ միջազգային կառույցներում Հայաստանի ու Արցախի շահերն առաջ տանող աննկուն մարտիկ էր: 

Վերջին տարիներին Բաբկեն Արարքցյանը շատ ծանր էր տանում Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքները: Ծանր էր տանում, որ այն գործը, որի համար այդքան միս ու արյուն էին տվել, ջուրն ընկավ: Չնայած, այս հարցում նա խորը մտահոգություններ ուներ արդեն 1998 թվականի հեղաշրջումից հետո: 

Ահավասիկ, ներկայացնենք մի հատված նրա հարցազրույցից, որը տեղի է ունեցել 1998թ. հուլիսին, այսինքն՝ հեղաշրջումից 3 ամիս անց: 

- Կարծո՞ւմ եք արդյոք, որ իշխանությունների փոփոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ լուրջ տեղաշարժ է արձանագրվել:

- Պետական քաղաքականության մեջ մի քանի սկզբունքներ կան, որոնց հետևելը շատ կարևոր է, եթե այդ երկիրն ուզում է իր լիարժեք տեղը գտնել համաշխարհային հանրության մեջ։ Իմ կարծիքով, այդ սկզբունքներից են վարվող քաղաքականության կանխատեսելիությունը և ժառանգականությունը։ 
Այդ իմաստով Հայաստանում, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ մշակված մի համակարգ էր գործում։ Այն այնքան կայուն էր, որ Հայաստանը որոշ դեպքերում կարող էր, ինչպես այսօր ասում են, նաև կոշտ դիրքորոշումներ ցուցաբերել, և վերջիններս բացասաբար չէին ազդում Հայաստանի իմիջի վրա։ Օրինակը Լիսաբոնում կիրառված վետոն է։ 

Իմ կարծիքով, այսօր այդ համակարգը փլված է։ Տարբեր պետությունների ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, թե Հայաստանին մեկուսացում է սպառնում: Եռանախագահության անդամ երկրները կոշտ հայտարարություններ են անում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Նման հայտարարությունների համար առիթները կարող էին տարբեր լինել, իսկ իրականում դա հիշյալ համակարգի փլված լինելու փաստի արձագանքն է։ 

Վարվող քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքին նպաստել է արտաքին քաղաքականության, և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը։ 

Մինչդեռ ահա նոր «ճիշտ» պատկերացումները, ըստ իս, ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, և մասնավորապես տարածաշրջանային քաղաքականությունը՝ հարևանների հետ հարաբերությունները, ԼՂ հիմնահարցի լուծումը, որն ամենակարևոր խնդիրներից է և հանդիսացավ իշխանության ճգնաժամի, համենայնդեպս, տեսանելի պատճառը, այսօր փակուղի են մտցրել։ 

- Իշխանության ներկայացուցիչներն այլ պնդումներ են անում, թե դիրքորոշման կարծրացումը դրական արդյունքների կբերի։ Եվ որ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին էին անցած տարվա դեկտեմբերին Ֆրանսիայում ասել, թե, պարզ ասած, դուք ասեք՝ ինչ եք ուզում, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում։ 

- Բոլոր մոտեցումներն էլ միշտ հայտնի են եղել և ոչ մի «արդարացի պահանջ» չի թաքցվել որևէ կողմից, բայց բոլորն էլ քաջ գիտակցում են, որ լուծումները պետք է փոխզիջումային լինեն։ Իհարկե, կարելի է դիրքորոշումները կարծրացնել և անգամ «Կաստրոյի կամ Կադաֆիի քաղաքականություն» վարել, բայց եթե ուզում ենք քաղաքակիրթ աշխարհ մտնել, ինտեգրվել ժողովրդավարական համակարգի մեջ՝ այդ ճանապարհը չի կարող նպաստել այս նպատակներին։ 

- Ձեր խոսքում արդեն իսկ կանխատեսում արեցիք Սահմանադրության ճակատագրի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, երևի ծանո՞թ եք այն փոփոխություններին, որ ներկա Սահմանադրության մեջ առաջարկում է կատարել Ռոբերտ Քոչարյանը։ 

- Այո։ Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամենակարևոր հարցը Սահմանադրության փոփոխությունն է, որի հետ չեմ կարող համաձայնել։ Առավել կարևոր են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։ Ցավոք, երկուսի դեպքում էլ ես առաջխաղացում չեմ տեսնում: «Առավոտ», 18.07.1998թ. 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ