...

Ընդունեք օրենք. Նիկոլին դիմեք՝ Ձերդ պայծառափայլություն

Ընդունեք օրենք. Նիկոլին դիմեք՝ Ձերդ պայծառափայլություն

«- Մոռացե՞լ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես էր ժամանակին խոսում Սերժ Սարգսյանի մասին։

- Գիտե՞ք ինչ կա․․․ եթե դա սխալ էր, թող բռնեին ու դատեին այն ժամանակ։ ․․․Ոչ, իրենք ավելի դեմոկրատ չէին, պարզապես բանի տեղ չեն դրել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդն իրենց համար զրո են եղել, ասել են՝ թող խոսեն, մեկ է՝ մեր իշխանությունը հավերժ է»։

Սա հատված էր «Հրապարակ» թերթի հետ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի զրույցից:

«ՉԻ». Ի տարբերություն շատ ՔՊ-ականների՝ Հակոբ Ասլանյանը իսկապես հարգանքի արժանի անձնավորություն է: Երբեք աչքի չի ընկել մեծ-մեծ խոսելով, դրա փոխարեն, չնայած տարիքին, գնացել և իսկապես կռվել է հանուն հայրենիքի:

Բայց չենք կարող նաև չասել, թե որտեղ է սխալվում պարոն Ասլանյանը:

Նախկին իշխանությունը լավ էլ նեղվում էր, երբ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին դիմում էր Սերժիկով: Այդ նպատակով անգամ իշխանականները հրապարակում էին Սերժ Սարգսյանի անձնագրի տվյալները, որտեղ նշված էր, որ նրա անունը Սերժ է: Բայց, ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, Գալուստ Սահակյանը ամեն անգամ խոսքի իրավունքից չէր զրկում նույն Փաշինյանին, երբ նա համառությամբ կրկնում էր՝ Սերժիկ: Չէր անում, ատամները կրճտացնելով դիմանում էր, գուցե անգամ Սերժ Սարգսյանից դիտողություն էր ստանում, որ չի սաստում Նիկոլին, բայց միևնույն է՝ չէր անում: Նույնը չէր անում նաև Արա Բաբլոյանը: Իսկ Ալենը անում է:

Հիմա ունեք խորհրդարանական մեծամասնություն, օրենք ընդունեք, որ Նիկոլին կարելի է դիմել միայն՝ Ձերդ վսեմաշուք պայծառափայլություն: Խախտողի համար էլ սահմանեք ազատազրկում մինչև 25 տարի: Թող օրենքով լինի: Իսկ քանի չկա օրենք, Նիկոլ կամ Նիկոլիկ դիմելաձևը օրենքի հետ խնդիր չունի: Մնացածը ինքնաիրավչություն է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ