...

«Զորավարը» հիշել էր «ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» դերը

«Զորավարը» հիշել էր «ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» դերը

Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն օգոստոսի 8-ին մտել էր «Ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» դերի մեջ ու հարձակվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ «Ազատության» նկարահանող խումբը Սևանա լճի ափամերձ տարածքում ապօրինի կառուցված շենք-շինությունների մասին տեսանյութ պատրաստելիս է եղել։

Բնապահպանության նախարարությունն այս օրերին գործողություններ է նախաձեռնել այդպիսի շինությունների հայտնաբերման ու ապամոնտաժման ուղղությամբ։

Սևանա լճի ափամերձ գոտում է գտնվում նաև Վովա Գասպարյանի առանձնատունը, չնայած դա սոսկ առանձնատուն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այն մի շքեղաշուք դղյակ է՝ հարակից շինություններով, կանաչ տարածքներով, որը նախկին ոստիկանապետը երևի կառուցել է պետական պաշտոններում ստացած իր համեստագույն աշխատավարձով։

Ըստ «Ազատության» հաղորդագրության, Վովա Գասպարյանը տեսնելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր դղյակը՝ մեքենան վարել է նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», նաև հայհոյանքներ է հնչեցրել՝ պահանջելով չհրապարակել տեսագրությունը։

Ոստիկանապետի պաշտոնում իր պաշտոնավարման ողջ շրջանում Վովա Գասպարյանն առանձնահատուկ «ջերմ» հարաբերություններ ու վերաբերմունք է ունեցել լրագրողների հանդեպ, որը դրսևորվել է նրանց վրա ինչպես բիրտ ու կոպիտ հարձակումների տեսքով (օրինակ, 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ, երբ ուղղակիորեն բղավում էր լրագրողի վրա՝ չքվիր աչքիցս արտահայտությամբ), այնպես էլ լրագրողների հասցեին արհամարհական, քամահրական, վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս իմաստով հատկապես հիշատակելի է 2016 թվականի ապրիլի 24-ին 1in.am-ի թղթակից Սիրանույշ Պապյանի հետ կապված դրվագը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե մենք չենք տեսնում ոստիկանական համակարգի բարեփոխումները, Վովա Գասպարյանն արձագանքել էր բարձրաստիճան պաշտոնյայի համար (և ոչ միայն պաշտոնյայի համար, այլ՝ ընդհանրապես) անվայելուչ խոսքերով. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում…»:

Հիշենք նաև Վովա Գասպարյանի պաշտոնավարման շրջանում լրագրողների հանդեպ ոստիկանության բազմաթիվ բիրտ գործողությունները, սպառնալիքները, հարձակումները։ Նման գործողությունների վառ օրինակներ են նույն «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկաննները ֆիզիկական բռնություն ու բիրտ ուժ կիրառեցին մի քանի տասնյակ լրագրողների ու օպերատորների նկատմամբ։

Վովա Գասպարյանի ու ոստիկանության այս բոլոր գործողությունները ժամանակին չարժանացան իրավական գնահատականի ու պատասխանատվության, ինչը հասկանալի է, քանի որ դա Սերժի ժամանակներն էին, որոնք Վովայի ու իր ենթակաների համար անպատժելիություն էին ապահովում։

Այսօր Սերժի ժամանակները չեն, սակայն Վովա Գասպարյանն էլի իրեն զգում է անպատժելի կարգավիճակում ու էլ ավելի կոպիտ, հանցագործություն ենթադրող գործողություններ անում լրագրողների հանդեպ։ Սա այդպես է, քանի որ այսօր էլ թավշյա ժամանակներ են, որը նախկին ոստիկանապետին ու իր նմաններին թույլ է տալիս դրսևորել նման վարք։

Հ.Գ. Ավելացնենք, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու ​միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Սակայն, հաշվի առնելով իրավական համակարգի, հատկապես դատարանների այսօրվա վիճակը, հաստատապես կարելի է ասել, որ այս գործն էլ շատ սահուն կերպով ժամանակի ընթացքում կջրվի-կգնա։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ