Փաստաբան Արմինե Ֆանյանը գրել է. «Ստացել եմ՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը:
Որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր ներկայացրածս հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենն իմ մտահոգություններն են:
Հիշեցման կարգով նշեմ, որ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլորտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում»:
«ՉԻ». Մի 20 տարի առաջ, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով վաճառեցին, ասացին՝ գնորդը Գերմանիայում գրանցված ընկերություն է: Այն ժամանակ մեր հետաքննության արդյունքում պարզել էինք, որ այդ ընկերությունը միայն թղթի վրա է գործում, նույնիսկ կայքում նշված չէր, թե ովքեր են, ինչով են զբաղվում:
10 տարի առաջ՝ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ, հայտարարեցին, թե հայկական երկաթուղու զարգացման նպատակով 3,5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ է գործարկվելու, ու նախագիծն էլ իրականացնելու է Դուբայում գրանցված ինչ-որ «Ռոսիա ՖԶԵ» ընկերություն: Էս անկապ անունով ընկերության տեղն այդպես էլ ոչ ոք չիմացավ, նույնիսկ կայք չունեին: Նախագիծը, պարզ է, մնաց թղթի վրա, լիքը փողեր դուրս գրեցին, կերան, կշտացան, անցավ գնաց:
10 տարի է անցել, բան չի փոխվել: Այսինքն՝ փոխվել է Քոչարյանը, փոխվել է Սերժ Սարգսյանը, մի հատ թազա դեմք է եկել, բայց սերը օֆշորային գործարքների, ֆիկտիվ ընկերությունների նկատմամբ չի սառել: Այսինքն՝ Հայաստանի ամենախոշոր բջջային օպերատորներից մեկն ուզում են վաճառել ընդամենը մի տարի առաջ օֆշորային գոտում ստեղծված ընկերությանը: Շատ հեղափոխական գործարքի հոտ է գալիս:
Այստեղ երկու բացատրություն կա. կամ այս իշխանություններին ստիպել են, կամ վախեցրել են, որ չխանգարեն ՄՏՍ Հայաստան-ի վաճառքին, կամ էլ այս գործարքին խառնված են հենց իշխանությունները, այսինքն՝ ինչ-որ շահ ունեն, որ այսպես բացահայտ առաջ են բրդում այս գործարքը, ոչ մեկին ոչ մի տեղեկություն չեն տրամադրում, թե էս ով է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդը», իրար հակասող որոշումներ են կայացնում:
10 տարի հետո կիմանանք, թե այս ինչ պատմություն է: