...

1992-ից մինչև հիմա ակցիա են անում

1992-ից մինչև հիմա ակցիա են անում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն երկրորդ անգամ ինչ-որ 4-5 հոգի եկել հյուրանոցի մոտ ակցիա էին անում։ 

Էլ դավաճան, էլ ինչ ասես։ Ասում եմ՝ լավ հարց չկա, բայց պատերազմի ժամանակ Կիպրոսում գոնե տա՞ք էր։ Ու կամ գոնե էս ակցիաների համար նորմալ ժամավճար տալի՞ս են։ Էլի լռություն։ 

Մի խոսքով էլի հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին»:

«ՉԻ». Ոչինչ, ոչինչ, դուք էլ էիք նման ակցիաներ անում, հեղափոխության օրերին իշխանության ներկայացուցիչներին, հանրապետականներին դավաճան համարում ու վանկարկում: Սովորեք, ձեզ դեռ շատ երկար են այդպես ասելու: 

Բայց էս պահը իսկականից զավեշտ է: Դաշնակները ակցիա են անում, քպ-ականներին դավաճան են համարում, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանին, բայց հետո իրենց Իշխան Սաղաթելյանը գնում է՝ իրենց իսկ կողմից դավաճան համարվող մարդու ենթական է դառնում: Տեղ-մեղ գնալուց էլ իրար հետ հյուրանոցի ֆոյեյում կոֆե են խմում, մի 50 գրամ կոնյակ չխկացնում: Ջան-ջիգյար հարաբերություններ են, իրար արժանի իշխանություն ու ընդդիմություն են:

Բայց դաշնակների այս ակցիան մեզ ուրիշ բան հիշեցրեց: Դա 1992-ին Շուշիի ազատագրմանը մասնակցած տղաներից մեկն է պատմել: Ասում է՝ մտել ենք Շուշի, 24 ժամ չենք քնել, գլուխներս անքնությունից ու վառոդի ծխից ուռել է: Ղազանչեցոց եկեղեցու մոտ նստեցի, մի քիչ դինջանամ: Ու այդ պահին մի «Վիլիս» է այդտեղ գալիս, ներսից զինվորական հագուստով, անծանոթ մի 5 հոգի դուրս են գալիս, մեկը ծոցից Դաշնակցության դրոշն է հանում, բացում այն, իրար կողք են կանգնում, մյուսն էլ ֆոտոապարատը հանում է ու սկսում սրանց նկարել: Նկարում, վերջացնում են, նստում են «Վիլիսն» ու գնում:

Ասում է՝ հետո այդ լուսանկարներից դաշնակցական թերթերում աչքովս ընկավ, պատմության որոշ գրքերում: 

Էլ չգիտեր, որ դա սովորական, նորմալ ակցիա է եղել: Ոնց որ՝ Կիպրոսում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ