...

2018-ը դեռ անդառնալի հարվածներ չի հասցրել անկախության թշնամիներին

2018-ը դեռ անդառնալի հարվածներ չի հասցրել անկախության թշնամիներին

Այդպիսին է անկախությունը: Անգամ նրա մոլեռանդ թշնամիները, նրան վնաս հասցրածները, մտքում նահանգապետի պաշտոնը երազողները ստիպված են շնորհավորել անկախության տարեդարձը:

Անկախությունն այսօր շնորհավորում են մարդիկ, որոնք Հայաստանի ունեցվածքը նվիրել են օտարին, մարդիկ, որոնք ոչ միայն թալանել են ազգային հարստությունը, այլ նաև այն հանել Հայաստանից, մարդիկ, որոնք քաղաքական աջակցություն են փնտրում ոչ թե հանրությունից, այլ օտար մայրաքաղաքներում: Հատկապես արգահատանքի են արժանի ոմանք, որ այդ նշաձողն էլ են իջեցրել և պատրաստ են հանուն քաղաքական կշռի բարձրացման տանիք փնտրել նաև անկախություն չունեցող Չեչնիայի ղեկավարի մոտ:

Վերջին օրերին հասարակությունն ակտիվորեն քննարկում է արտասահմանյան գործակալական ցանցի և ազդեցության գործակալների մասին հրապարակումները: Աշխարհաքաղաքական բևեռների կողմնակիցները մեղադրում են միմյանց, վերհանում հակառակ կողմի՝ Հայաստանին վնասող գործողությունները և հայտարարությունները:

Ինչպես հայտնի սքետչում է ասված՝ մի վիճեք, երկու կողմդ էլ ճիշտ եք: Բայց նաև այս ամենի մեջ չենք կարող ուրախալի երևույթ չարձանագրել: Անկախությունն այնքան է արմատավորվել, այնքան լուրջ հիմքեր է գցել հանրության ուղեղներում, որ գործակալական ցանցն այլևս չի հանդգնում կասկածի տակ դնել անկախության գաղափարը: Մինչդեռ տարիներ առաջ, որոշ գործակալներ հավաքում էին հարյուր հազարավոր ստորագրություններ՝ միանալու Ռուսաստան-Բելառուս միասնական պետությանը:

Օրվա իշխանության գլխավոր առաքելությունն այն է, որ էլ ավելի արմատավորի անկախության գաղափարը, այն իսկապես դարձնի անդառնալի: Իսկ դրա համար անհրաժեշտ է վերջնականապես ջախջախել այն ուժերին, որոնք վերջին 20 տարիներին ներքին լեգիտիմության բացակայությունը փոխարինում էին օտար մայրաքաղաքներում անկախության որևէ մասնիկը սակարկության առարկա դարձնելով:

Անկախության գաղափարը ավելի կուժեղանա և կամրապնդվի ոչ թե 2050 թվականի վերաբերյալ կենացներով, այլ հստակ և անկողմնակալ գնահատականներով, թե ովքեր են անկախության կերտողները և ովքեր են անկախության թշնամիները: Լղոզված, բոլորին մի կաթսայի մեջ տեղավորելու փորձերը նպաստում են անկախության ծպտյալ թշնամիների դիրքերի ամրապնդմանը: Պատմությունը սեփական ամբիցիաներին ծառայեցնելու ցանկությունը, այն ռեվիզիոնիզմի ենթարկելու փորձերն ամենևին չեն ծառայում անկախության ամրապնդմանը:

Հայաստանի անկախությունը սկսվել է 1991 թվականից, և 2018 թվականը նրա թշնամիներին պատմության լուսանցքում թողնելու նշանակալի քայլեր դեռ չի արել:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ