...

20-ամյա վաղեմության պիլոտաժ

20-ամյա վաղեմության պիլոտաժ

Քանի որ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ էր, երևի շատ հարմար պահն է հիշեցնել, թե ինչպես է Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը համարվող ԶՊՄԿ-ն սեփականաշնորհվել, ինչ հանգամանքներում: Սա Ռոբերտ Քոչարյանի «հերոսական» կենսագրության ամենավառ էջերից մեկն է: 

Մենք այս մասին դեռևս 2006 թվականի փետրվարին մանրամասն գրել էին՝ «Մետաղե Աքսիոմներ» վերնագրով: Փաստերով, մանրամասներով, ու այս վերլուծությունը մինչև հիմա էլ մնում է արդիական: Հիմա նորից այն ներկայացնում ենք ձեր դատին. 

Մետաղե Աքսիոմներ

Սկսենք ԶՊՄԿ-ի վաճառքից: Ինչպես գիտեք, 2004թ. կառավարության որոշմամբ կոմբինատը ընդամենը 132մլն դոլարով վաճառվեց գերմանական «Cronimet» ընկերությանը: Ահա և այս «Cronimet»-ից էլ սկսենք:
Եթե հիշում եք, նախորդ տարի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հենց սրտում` Ռ. Քոչարյանին պատկանող հողամասի դիմաց մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Բնականաբար, բացումը կատարեց Քոչարյանը, որը հպարտությամբ հայտարարեց, թե ահա, արտասահմանցիները, տվյալ դեպքում` կիպրոսցիները, ինչպիսի լուրջ ներդրում են կատարել: Բնականաբար, բոլորը սկսեցին տնտղել, թե ինչ է իրենից ներկայացնում հյուրանոցի սեփականատեր կիպրոսյան ընկերությունը: Ապարդյուն. այդ ընկերության և նրա գործունեության վերաբերյալ որևէ նորմալ տեղեկություն այդպես էլ չհաջողվեց հայթայթել: Իսկ հյուրանոցի բացումից որոշ ժամանակ անց ՀՀ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդին և ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի աներձագը` այն ժամանակ կառավարության փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը խոստովանեց, որ հյուրանոցը իրականում իրեն է պատկանում: Ընդունենք, որ այդպես է, չնայած հյուրանոցի իրական տերը Ռ. Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակը: Բայց դա չէ կարևորը, այլ այն, որ պարզվեց, կիպրական կազմակերպությունը ընդամենը թղթի վրա գործող ընկերություն է, իրականում այն ընդամենը հյուրանոցի իրական տերերին քողարկելու շղարշ է:

Նմանատիպ ձևով թղթի վրա գործող կազմակերպություն է նաև ԶՊՄԿ-ի սեփականատեր «Cronimet»-ը: Դրանում համոզվելու համար բավական էր այցելել այդ ընկերության ինտերնետային կայքը: Քանի որ թղթի վրա գործող ընկերություն է, դրա համար էլ արագ-արագ ԶՊՄԿ-ի իրական տերերը փինաչու մակարդակով մի կայք են ստեղծել: Այնպես որ, չասեն, թե ինչու ԶՊՄԿ-ի տերը իսկի մի ինտերնետային կայք չունի:

Ուրեմն, ամբողջ կայքը վերևից ներքև ուսումնասիրեցինք, գոնե մեկ անուն չգտանք: Այսինքն՝ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ովքեր են այս ընկերության բաժնետերերը, ով է տնօրենը, ովքեր են հիմնական պաշտոնները զբաղեցնում: Բացեցինք ընկերությունը ներկայացնող էջը: Այնտեղ գրված է, որ ստեղծվել է 1980թ.: Եվ վերջ: Ով է ստեղծել, ինչով են մինչև հիմա զբաղվել: Ոչ մի խոսք: Իսկ նրա գործունեության վերաբերյալ տեղեկությունները սկսվում և ավարտվում են... ԶՊՄԿ-ով: Այսինքն՝ միակ լուրջ գործարքը, որը կատարել է գերմանական ընկերությունը, ԶՊՄԿ-ի ձեռքբերումն է:

Որևէ տող չկա այն մասին, թե որքան է «Cronimet»-ի տարեկան շրջանառությունը, ինչքան հարկ են վճարել: Բացարձակ ոչինչ: Իսկ երբ ծանոթանում ես այս ընկերության աշխարհագրական գիտելիքներին, մնում ես ապշած: Երևանը նրանց կայքում Էրիվան է, իսկ կայքում տեղադրված Հայաստանի քարտեզում Վանաձորը... Կիրովական է: Թե ում մտքով կարող էր անցնել Երևանը ադրբեջանական տարբերակով գրել` ինքներդ որոշեք:

Իսկ որպեսզի լիովին ապացուցելի համարեինք, որ գերմանական նման ընկերությունը նույնքան գոյություն ուներ, որքան «Գոլդեն Փալասի» սեփականատեր կիպրոսյան ընկերությունը, բավական էր համեմատության համար նմանատիպ գործունեությամբ զբաղվող որևէ ընկերության ինտերնետային կայք այցելել: Մենք կանգ առանք առաջին իսկ պատահածի` Ռուսաստանի բոլորովին անհայտ «Գունավոր մետաղների վերամշակման Կիրովյան գործարան» ԲԲԸ-ի վրա:

Մտնում ենք կայք: Կայքում մանրամասն ներկայացված են գործարանի գործունեությունը, ֆինանսական ցուցանիշները: Կայքից տեղեկանում ենք, թե ովքեր են գործարանի բաժնետերերը: Մանրամասն, լուսանկարներով, կենսագրություններով նշված են գործարանի ղեկավար աշխատողները` տնօրենից սկսած մինչև գլխավոր հաշվապահը: Օրինակ՝ մենք 100%-ով կարող ենք ասել, որ այս գործարանի տնօրենը Անատոլի Դարենսկին է: Ի դեպ, ռուսական այս ընկերության կայքում առանձին բաժին կա` «Էկոլոգիա», որտեղ մանրամասն նշված է, թե գործարանը ինչպես է լուծում բնապահպանական խնդիրները: «Cronimet»-ի կայքում էկոլոգիա բառը չկա:
Ահա այսքանը, որպեսզի պատկերացում ստանաք, թե ով է ԶՊՄԿ-ի սեփականատերը: Վիրտուալ սեփականատերը: Թե ինչու այդ կայքում անուններ չկային, կարծում ենք պատճառն այն է, որ գերմանացի չեն ճարել, որ համաձայնվեր այս խարդախության մեջ մտնել: Գերմանիան ի վերջո Կիպրոս չէ, առավել ևս` Հայաստան: Դրա համար էլ նույնիսկ որևէ ֆինանսական ցուցանիշ չկա: Գերմանիայի հարկային մարմինները Քոչարյանին չեն ճանաչում: Կգնան ու կստուգեն:

Նույն եզրակացությանն ես գալիս, երբ այցելում ես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ինտերնետային կայք: Հայաստանի ամենախոշոր հարկատուի կայքը... միայն անգլերեն է: Հայերեն չկա: Իսկ մենք ի՞նչ կարող ենք ընթերցել գոնե անգլերենով: Իհարկե կռահեցիք` ոչինչ: Կոմբինատի մասին էջը դատարկ է: Թե ովքեր են կոմբինատի տերերը` դատարկություն: Ֆինանսական գործունեություն` բնականաբար, դրա մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել: Միայն կոմբինատի նկարների բաժինն է լավ գործում: Այսինքն, ԶՊՄԿ-ի և նրա սեփականատիրոջ` «Cronimet»-ի կայքերը նույն բովանդակությունն ունեն: Ինչից կարելի է եզրակացնել, որ այս կայքերի հեղինակը նույն խումբն է:

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես կարելի է անառարկելի աքսիոմներ կառուցել բացառապես կայքի մեկնաբանությամբ: Իսկ թե ինչպիսի աքսիոմներ են հայտնվել ԶՊՄԿ-ի, «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» և Մաքուր երկաթի գործարանի տնտեսական գործունեության զուտ մակերեսային ուսումնասիրությունների արդյունքում, առաջիկայում դա էլ կիմանաք: Որպեսզի, երբ Հայաստանում օրինականություն հաստատվի, ԶՊՄԿ-ի հարցը լուծվի այնպես, ինչպես ուկրաինական «նարնջագույն» իշխանությունները իրականացրեցին Զապորոժիեի «Կռիվորոժստալ» հսկա-գործարանի դեպքում: Եթե հիշում եք, Կուչմայի օրոք այդ գործարանը վաճառվեց ընդամենը 800մլն դոլարով, իսկ նոր իշխանությունները չեղյալ հայտարարեցին այդ գործարքը, նոր աճուրդ կազմակերպեցին, որտեղ «Կռիվորոժստալը» վաճառվեց 4,6մլրդ դոլարով: Այսինքն՝ վեց անգամ ավելի թանկ գնով: Իհարկե, 800 միլիոնը վերադարձրեցին նախկին տերերին: Վստահ ենք, որ եթե ապագայում ԶՊՄԿ-ի վաճառքն էլ չեղյալ հայտարարվի և նոր աճուրդ լինի, ապա ամենահամեստ հաշվարկներով, կոմբինատը կվաճառվի նվազագույնը 700-800մլն դոլարով:
Այժմ այն մասին, թե ԶՊՄԿ-ի հաշվին ինչ աստղաբաշխական գումարներ են շրջանցում Հայաստանի բյուջեն: 

Նախ, ԶՊՄԿ-ի վաճառքի մասին: Կոմբինատը վաճառվել է 132մլն դոլարով: Մի կողմ թողնենք այդ ծիծաղելի գումարը և հարց տանք. իսկ կարիք կա՞ր այս պահին վաճառել կոմբինատը: ԶՊՄԿ-ն աշխատում էր բավականին մեծ շահույթով, արդեն երկար տարիներ Հայաստանի բյուջեի զգալի մասը հենց նա էր լցնում: Սա դեռ այն դեպքում, երբ երկու տարի առաջ, քանի դեռ կոմբինատը չէր վաճառվել, մոլիբդենի խտանյութի համաշխարհային գները այնքան էլ բարձր չէին: Բայց մյուս կողմից, տաղանդավոր տնտեսագետ պարտադիր չէր լինել հասկանալու համար, որ տարեցտարի հատկապես գունավոր մետաղների գները շեշտակի աճելու են` հաշվի առնելով երկու հանգամանք. բարձր տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը զուգընթաց ավելանալու էր պահանջարկը գունավոր մետաղների նկատմամբ, և երկրորդ` այդ մետաղների պաշարները գնալով նվազում են:

Մենք վստահ ենք, որ այս պարզունակ հաշվարկները ԶՊՄԿ-ի իրական տերերը կատարել են և եկել այն եզրակացության, որ ինչի ուրիշին վաճառեն, ավելի լավ է իրենք գնեն և այդ շահույթները իրենց գրպանը լցվեն: Բենզինի կամ գազի բիզնեսը սրա համեմատությամբ նույնն է, ինչ կրպակը` սուպերմարկետի:
Ինչ մեխանիզմ է գործում տվյալ դեպքում: «Քրոնիմետը»` իսկ մենք արդեն պայմանավորվեցինք, որ այն մի խումբ բենդերների հնարանք է, 132մլն դոլարով գնել է ԶՄՊԿ-ն: ԶՊՄԿ-ն մոլիբդենի խտանյութ է արտադրում և այն վաճառում է Երևանում գտնվող երկու ընկերության` Մաքուր երկաթի գործարանին (ՄԵԳ) և «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշնին» (ԱՄՓ), որոնք էլ մշակում են խտանյութը և այնուհետև այն վաճառում Եվրոպայում: Ընդ որում, «Քրոնիմետը» հանդիսանում է ՄԵԳ-ի բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը, իսկ ՄԵԳ-ն էլ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15%-ի տերն է: ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5%-ն էլ պատկանում է ԱՄՓ-ին: Այսինքն՝ մոլիբդենի խտանյութի արտադրման և դրա վերամշակման, դրա վաճառման ամբողջ գործընթացը մի շղթա է և միևնույն տեղից է ղեկավարվում:

Հիմա. ՄԵԳ-ը հայտարարել է, որ ամսական իրենք արտադրում են 220 տոննա ֆերոմոլիբդեն և 50տ մաքուր մոլիբդեն, իսկ ԱՄՓ-ն` ամսական 200տ ֆերոմոլիբդեն: Հետևաբար, ԶՊՄԿ-ն տարեկան արտադրում և վերոհիշյալ ընկերություններին է վաճառում 8500-9000տ մոլիբդենի խտանյութ: Փորձագիտական մակարդակով կատարված պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ԶՊՄԿ-ն իր բաժնետերերին մոլիբդենի խտանյութը վաճառում է 1 տոննան 18 հազ. դոլարով: Վերջիններս այն վեր են ածում ֆերոմոլիբդենի և տեղափոխում եվրոպական շուկա, որտեղ 1 տոննա ֆերոմոլիբդենի ինքնարժեքը կազմում է 30 հազ. դոլար: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 2005թ. ֆերոմոլիբդենի միջազգային գները տատանվել են 38-ից 65 հազ. դոլարի սահմաններում, ապա ֆերոմոլիբդենի իրացումից երկու բաժնետերեր-ընկերությունների զուտ եկամուտը` հաշվի առնելով որպես խոշոր հարկատուներ նրանց կողմից վճարված մոտ 6մլն դոլարի հարկերը, կազմել է նվազագույնը 80մլն դոլար: Ի դեպ, համաձայն հարկային օրենսդրության, այդ երկու ընկերությունները բնականաբար ետ են ստացել խտանյութի ձեռքբերման դիմաց ԶՊՄԿ-ին վճարած ավելացված արժեքի հարկը, որը կազմել է 13,5մլրդ դրամ կամ ուղիղ 30մլն դոլար: Այսինքն՝ այս երկու ընկերությունների մաքուր եկամուտը կազմել է ոչ թե 80, այլ 110մլն դոլար:

ԶՊՄԿ-ն 2005թ. ունեցել է 190 մլն դոլար հասույթ, որից, ըստ փորձագետների՝ արտադրական ծախսերը, հարկերն ու պարտադիր վճարները (66մլն դոլար) միասին կարող են կազմել առավելագույնը 90մլն դոլար: Այսինքն՝ Քաջարանի կոմբինատի ամբողջական գործունեությունից հանրապետությունում ձևավորվում է տարեկան 110+100=210մլն դոլարի զուտ եկամուտ: Իհարկե, հաշվարկներում հաշվի չեն առնված հումքի մեջ առկա այլ օգտակար, արժեքավոր նյութերի դիմաց կատարվող վճարումները:

Այսպիսով, ԶՊՄԿ-ի սեփականաշնորհումը 132 միլիոն դոլարով, որն, ի դեպ, վճարվել է կոմբինատի ընթացիկ շահույթներից, կարելի է բնորոշել մեկ բառով` հանցագործություն:

Իսկ ովքե՞ր են տնօրինում վերոհիշյալ գումարները: Ըստ որոշ տեղեկությունների՝ ԶՊՄԿ-ի, ԵՄԳ-ի, ԱՄՓ-ի և «Զանգեզուր մայնինգի» հիմնական սեփականատերերն են Ռ. Քոչարյանը, Կարեն Ճշմարիտյանը, Մաքսիմ Հակոբյանը և Սերժ Սարգսյանը:

Բացի այդ, արդեն նշեցինք, որ ԶՊՄԿ-ի հաշվին Հայաստանում մի շարք ձեռնարկություններ կարելի էր գործարկել: Օրինակ՝ կաբել արտադրող գործարանները` երկուսը Երևանում, մեկը` Գավառում: Թե ինչքան աշխատատեղեր կարող էին բացվել, դժվար չէ հաշվել: Իսկ նոր աշխատատեղերը Հայաստանում թիվ մեկ խնդիր է:

Սակայն ԶՊՄԿ-ի յուրացման պատճառով այս հեռանկարից էլ զրկվեցինք: Ու այս ամենը Ռ. Քոչարյանի 40 հազ. աշխատատեղերի մասին հեքիաթների համատեքստում: Մի օր թող հարց տան, թե ուր մնացին այդ աշխատատեղերը: Մինչդեռ ռեալ կարելի էր դա անել: Նույն Գավառը այսօր այն տարածաշրջանն է, որը ընդհանրապես թաղված է գործազրկության մեջ: Իսկ եթե ԶՊՄԿ-ի արտադրանքի մի մասով տեղի կաբելի գործարանը աշխատեր, քանի՞ ընտանիք կկերակրեր դա: Դեռ չենք ասում Քոչարյանի սիրած «մուլտիպլիկացիոն էֆեկտը»: Կամ ԶՊՄԿ-ի նորմալ վաճառքի դեպքում կփակվեր երկրի բյուջեի դեֆիցիտը, որը արդեն մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում: Մի կողմ թողնենք այն, որ Ռուսաստանը դեռ մեզ հիշեցնելու է այս գործարքի մասին, քանզի մի քանի խիստ լուրջ ռուսական ընկերություններ առաջարկել էին գործող իշխանություններին իրենց վաճառել ԶՊՄԿ-ն, բայց մերժում էին ստացել:

Այսինքն՝ այս ամբողջ գործարքը կատարվել է միմիայն նրա համար, որպեսզի գործող իշխանությունները շատ արագ իրենցով անեն կոմբինատը: Որևէ վաճառք չի եղել: Ընդամենը ԶՊՄԿ-ի սեփականատիրոջ անունն է փոխվել, և կոմբինատի շահույթները բյուջե հոսելու փոխարեն նոր սեփականատիրոջ գրպանն են հոսում: 132մլն դոլար վճարել մի ձեռնարկության համար, որը տարեկան 210 միլիոն մաքուր շահույթ է բերում. իսկապես այս իշխանությունների ցինիզմը սահման չի ճանաչում: Եվ այդ շահույթը տարեցտարի աճելու է, որովհետև գունավոր մետաղների միջազգային գները սրընթաց բարձրանում են: 210 միլիոն դոլարը մենք ստացել էինք շատ նախնական, մոտավոր, շատ դեպքերում մի քանի միլիոն էլ կլորացնելով` ի վնաս մեզ և մոլիբդենի համաշխարհային գների նվազագույն սանդղակով:

Եթե Ադրբեջանն այսօր բոլորը ընկալում են որպես նավթային երկիր, երբ այնտեղ նավթի համաշխարհային պաշարների ընդամենը 1%-ն է գտնվում, ապա Հայաստանն իրապես կարելի էր համարել մոլիբդենի երկիր, քանզի այստեղ է մոլիբդենի համաշխարհային պաշարների 7%-ը, և Հայաստանը այդ պաշարներով 6-րդն է աշխարհում:
Այսինքն՝ գրագետ տնտեսական քաղաքականության դեպքում մեր երկիրը կարող էր կարևոր հումքային տարածաշրջան համարվել, և դա մեր պետության ազգային անվտանգության համար մի շարք կարևորագույն հարցերում բարենպաստ հող կարող էր դառնալ:

Այնպես որ, ԶՊՄԿ-ի գործարքը անպայման պետք է վերանայվի: Ավելին, այս գործարքին մասնակցած բոլոր պաշտոնյաները պետք է դատարանի առջև կանգնեն: Չնայած, այդ պաշտոնյաները դատարանի առջև պետք է կանգնեին մինչև ԶՊՄԿ-ի վաճառքը իրականացրած մի շարք այլ նմանատիպ, նույն բովանդակությամբ գործարքների համար:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ