...

20 կիլո զրպարտանք ու վիրավորանք կստանաք

20 կիլո զրպարտանք ու վիրավորանք կստանաք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որտեղ նա առաջարկում է վիրավորանքի համար պատիժը խստացնել ու սահմանել 1 մլն-ի փոխարեն 5 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն-ի փոխարեն 10 մլն դրամ: 

«Սա օրենք չի լրատվամիջոցի դեմ, սա օրենք է՝ ստի, զրպարտության դեմ: Այստեղ լիովին վակխանալիա է տիրում, ու մենք պետք է կարողանանք այդ պատասխանատվության գիտակցությունը դնենք, երբ գիտես, որ մեկին եթե վիրավորես, չպետք է մարդուն մղես այլ միջոցներով հարցը լուծելուն: Ի՞նչ անի քաղաքական գործիչը, երբ իրեն վիրավորում են, եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանի, դառնում է նույնը, եթե ի պատասխան ֆիզիկական ներգործություն անի, դառնում է խուլիգան:

Հաշվի առնելով հայկական իրականությունը, վիրավորանքի, զրպարտության ազդեցությունը հայկական իրականության մեջ, նման ձևով գոնե կզգուշանա այդ մարդը՝ հասկանալով, որ պատասխան է տալու նման բանի համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

«ՉԻ». Մենք հատուկ Ալեն Սիմոնյանի համար խորհրդային տարիների մի անեկդոտ պատմենք:

Մի կոլխոզում գործերը վատ են, բերքը նորմալ չի հավաքվում, խոտը չի հնձվում, պլանները թերակատարվում են, գյուղացիներն էլ աշխօր չեն ստանում: 

Շրջկենտրոնից մարդ են ուղարկում, որ իրավիճակը շտկի: Այս մարդը գալիս է, պարտկոմի հրահանգիչ է լինում, հավաքում բոլոր գյուղացիներին, ու սկսում պատմել մարքիզմ-լենինիզմի առավելությունների մասին, թե Մարքսն ինչ է ասել, Լենինը ոնց է արել, ինչքան խիստ են եղել նրանք, կոմունիզմը երբ է գալու, կապիտալիզմը երբ է քանդվելու: Մի երկու ժամ լեկցիա է կարդում, գնում:

Հաջորդ տարի աշնանը այս նույն մարդուն ուղարկում են գյուղ, որ տեղում պարզի, թե ինչ վիճակ է: Այս պարտկոմը հասնում է գյուղ, առաջին իսկ գյուղացուն կանգնեցնում է և հարցնում. «Հը՞, ոնց է վիճակը, ի՞նչ արդյունքներ եք գրանցել»:

Գյուղացին պատասխանում է. «Ընտիր է, շատ լավ ենք տարին փակում, ամեն մեկս 20 կիլո մարքսիզմ-լենինիզմ ենք ստացել»:

Ուրեմն, այս իշխանություններին պետք է բացատրել, որ վիրավորանքի և զրպարտության համար որքան էլ պատիժները խստացնեք, թեկուզ տուգանքը դարձնեք 100 միլիոն դրամ, դա ոչ մի արդյունք չի տալու: Օրական 20 կիլո զրպարտանք ու վիրավորանք եք ստանալու: Երկու տարի է, մամուլը, սոցցանցերը հեղեղված են զրպարտանքներով, վիրավորանքներով, հայհոյանքներով, բռնության և նույնիսկ՝ սպանելու կոչերով, քանի՞ հոգի է սրա համար պատժվել: Գուցե այս հարցի՞ց սկսեք: Տուգանքների չափերը քիչ են, դրա՞ համար չէին պատժվում: Թե՞ մեր լրատվամիջոցներն այնքան հարուստ են, որ կարող են իրենց թույլ տալ 1 միլիոն դրամ տուգանք վճարել ամեն անգամ, իսկ ահա 5 միլիոնի դեպքում արդեն զգույշ կլինեն: 

Գլխից բռնելու փոխարեն պոչից եք բռնում: Դուք մի հատ երկրում դատաիրավական բարեփոխումներ իրականացրեք, որ նորմալ դատարաններ և դատավորներ ունենանք, որ մարտի 1-ի զոհերի հարազատները չթքեն ու չհեռանան այդ դատարաններից, հանցագործներին, երկիրը տարիներ շարունակ բռնազավթած ու թալանած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկեք, հետևողական և սկզբունքային եղեք հեղափոխության ընթացքում հնչեցրած խոստումների առումով: Դրանով դուք ավելի մեծ հարված կհասցնեք զրպարտողներին ու հայհոյողներին, քան ձեր ոչինչ չասող ու ընդամենը բառակույտ հանդիսացող օրենքի նախագծերը: 

Հ.Գ. Հա, մեկ էլ, երբ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Սորոսն ում շունն» է, դա իր մեջ վիրավորանքի տարրեր է պարունակում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ