«Ամրոցը գրավված է, փորձում ենք միջնաբերդը պահել: Փորձում ենք բարձրացնել իմունիտետը Արցախ թափանցած սորոսական վիրուսի հանդեպ։ Մենք արցախյան ներքաղաքական հարցերին չենք խառնվելու, ոչ մեկի հետ չենք համագործակցելու, գլուխներս կախ` մեր քարոզչական գործն ենք անելու»- հայտարարել են «Ադեկվատները» Հրապարակ թերթի լրագրողի հետ զրույցում:
«ՉԻ». Ադեկվատների պատկերացմամբ ամրոցը Հայաստանն է, իսկ միջնաբերդը՝ Արցախը:
Փաստորեն, ըստ այս երիտասարդների, Երևանը գրավված է: Իսկ ո՞վ է գրավել: Նրանք այդ հարցին չեն պատասխանում: Միգուցե՞ թուրքերը, պարսիկները կամ ռուսները: Իհարկե, մի տեսակ անադեկվատ կլինի անգամ իրենց համար, որ խոստովանեն՝ Երևանը ոչ մեկը չի գրավել, այլ հայ ժողովուրդը պարզապես ազատվել է մեկ կլանի տիրապետությունից: Կլան, որը ներկայումս առատորեն ֆինանսավորում է նման անհեթեթ մտքեր տարածելու համար:
«Ադեկվատները», որոնք հաճախ դրսևորում են անադեկվատության ֆանտաստիկ չափաբաժին, նկատի ունեն, որ հայ ժողովրդի անվան տակ Երևանը գրավել է Սորոսը: Միգուցե ցույց տան պատմական մեկ օրինակ, երբ մեկը գրավում է քաղաք, բայց չի կարողանում ապաշրջափակել այդ քաղաքում գտնվող իր գրասենյակը: Եվ ամեն օր աշխատանքի գնալիս ստիպված է տեսնել Սերժ Սարգսյանի լուծարված կրկեսի թափառական ծաղրածուների դեմքերը:
Իսկ միջնաբերդը՝ իրենց ասելով Արցախը պահելուց առաջ, թող հիշեն՝ իրենց քարոզչական զինանոցը Հայաստանում արդեն ցուցադրել է իր բացարձակ անպիտանելիությունը: Այնպես որ՝ իրենց մետաղաջարդոնով դժվար թե երկար դիմակայեն արցախցիների գրոհներին: