...

Ադրբեջանը բացում է խաղաքարտերը

Ադրբեջանը բացում է խաղաքարտերը

Ալիևի՝ Զանգեզուր, Սևան և Երևան «վերադառնալու» մասին հայտարարությանը Հայաստանը պետական մակարդակով չարձագանքեց։ Իհարկե՝ հասարակական-քաղաքական շրջանակներից ով չալարեց, Ալիևի «պորտը տեղը դրեց», բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, թե մենք պետություն չունենք և թշնամի պետությանն արձագանքում ենք որպես «խալխ»՝ լեզվակռվի կանոններով։

Մինչդեռ Ալիևը շատ հստակ ներկայացնում էր իր երկրի պետական ռազմավարությունը։ Մի կողմ թողնենք «Արևմտյան Զանգեզուրի», «Գյոկչայի» և «Էրիվանի» ադրբեջանական պատկանելության մասին բարբաջանքները։ Դրանք այդ ելույթի գեղարվեստական մասն ապահովելու համար էին, իսկ բուն ասելիքն այլ էր։ Ալիևի ասածը հետևյալն էր՝ քանի որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև փախստականների վերադարձ, իսկ 1988-ից առաջ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվել և՛ Սյունիքում, և՛ Սևանի ավազանում, և՛ Արարատյան դաշտում, ուրեմն խաղաղության համաձայնագիրը պիտի ներառի նաև նրանց վերադարձի իրավունքը։ Հաջորդ քայլով, բնականաբար, նրանք կբարձրացնեն այդ մարդկանց անվտանգության հարցը և կպահանջեն ադրբեջանական զինված միլիցիա, ռազմականացված մոբիլ կառույցներ և այլն։ Մենք, իհարկե, չենք համաձայնվի, որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի մասին է, Ադրբեջանի պատասխանն էլ կլինի մոտավորապես այսպիսին՝ «այո, բայց Ղարաբաղն էլ Ադրբեջանի՛ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքն է, ինչո՞ւ պիտի Ղարաբաղում հայկական զինված ուժեր լինեն, իսկ Զանգեզուրում կամ Մասիսում ադրբեջանական ուժեր չլինեն»։

Ադրբեջանը քայլ առ քայլ հենց այս ծրագիրն է իրականացնում, և մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք սրան ու պետական մակարդակով կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մեր դիրքորոշումը պիտի լինի հետևյալը։ Այո, 1988-ից հետո Հայաստանից մոտ 150 հազար ադրբեջանցի է հեռացել, բայց Ադրբեջանի տարբեր շրջաններից էլ ավելի քան 300 հազար հայ է հեռացել, այսինքն՝ Ադրբեջանն էլ իր հերթին պիտի ապահովի հայերի վերադարձը նույն պայմաններով։ Այլ կերպ ասած՝ կամ այդ թեման ընդհանրապես փակվում է, կամ հետագայում՝ հարաբերությունների վերջնական կարգավորումից հետո, ադրբեջանցիները կարող են պատշաճ կարգով դիմել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանում կեցության իրավունք ստանալու համար։ Կստանան այդ իրավունքը՝ խնդիր չկա, թող գան ու ապրեն՝ ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները։ Եթե խոսքը միջպետական հարաբերությունների մասին է՝ սա է, այլ ճանապարհ չկա։

Այլ հարց է, որ մենք պիտի կարողանանք Արցախի հարցն ինչ-որ իմաստով տարանջատել հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հարցից՝ լավ իմանալով, որ Ադրբեջանը դիմադրելու է։ Նրանք չեն ուզում այդ հարցերը տարանջատել և, պատկերավոր ասած, համարում են, որ եթե Շուշին գրավել են՝ ուրեմն պիտի իրավունք ունենան վերադառնալ, ասենք, Շորժա։ Իսկ մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ արցախյան խնդիրը կա, չի կարգավորվել, ու դա ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ինքնորոշման խնդիր, և որևէ կապ չունի, ասենք, Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանային վեճերի հետ։

Հասկանո՞ւմ են արդյոք Հայաստանի իշխանություններն այս ամենը, թե՞ անկեղծորեն կարծում են, որ «կիրթ հարևանը» ստացածով բավարարվելու է, հետևաբար՝ չարժե ագրեսիվ ելույթները բանի տեղ դնել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ