...

Աղմկոտ սպանությունների հիմնական շահողը պարզ է

Աղմկոտ սպանությունների հիմնական շահողը պարզ է

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից հետո քոչարյանա-դաշնակցական քարոզչամեքենան անմիջապես ամբողջ թափով գործի անցավ՝ շրջանառության մեջ դնելով այն թեզը, թե Հ. Հարությունյանի մահը իշխանությունների մեղքով է եղել, որ նախկին ոստիկանապետին ճնշել են, որ նրա մահը ձեռնտու էր իշխանություններին, քանի որ մարտի 1-ի գործով դատավարությունում կարող էր ցուցմունքներ տալ, որոնք ապացուցելու էին, որ Քոչարյանը մարտի 1-ի սպանդի հետ կապ չունի:

Սա, բնականաբար, բազմիցս փորձարկված հնարք է, որն անհրաժեշտության դեպքում կիրառում է քոչարյանա-դաշնակցական քարոզչամեքենան:

Որպես կանոն, նման ողբերգական դեպքերում միշտ այդ հարցն է առաջանում. ո՞ւմ էր դա ձեռնտու: Ամեն մեկը բերում է իր փաստարկները, թե սա ձեռնտու էր հակառակ կողմին: Ինչպես՝ Հայկ Հարությունյանի դեպքում: 
Եկեք մի հատ պատմական էքսկուրս կատարենք և տեսնենք՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ ողբերգական դեպքերից ով է շահել:

Թերևս, սկսենք Արթուր Մկրտչյանի սպանությունից: Վերջինս 1992թ. հունվարին  ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Ապրիլին՝ առ այսօր չպարզված հանգամանքներում սպանվեց: Այն ժամանակ դեպքը սպանություն էր որակում դաշնակցական մամուլը: Հետո դա որակեցին դժբախտ դեպք, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանք, բայց փաստը մնում է փաստ. Արթուր Մկրտչյանի մահից շահեց Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս խիստ ծանր էր տանում ԼՂՀ ԳԽ նախագահի ընտրություններում իր խայտառակ պարտությունը, որևէ հեղինակություն չուներ Արցախում, մեկ էլ հանկարծ՝ Արթուր Մկրտչյանը զոհվում է, ու ինքը դառնում է Արցախի ղեկավար: Քանի որ ԼՂՀ Գերագույն խորհրդում նա աջակցություն չուներ, ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որի նախագահ դարձավ Ռ. Քոչարյանը և մինչև 1997 թվականի սեպտեմբերը Արցախի միանձնյա ղեկավար եղավ: 

1998թ. փետրվարյան հեղաշրջումը. շահողը Ռ. Քոչարյանն էր, որ պալատական ինտրիգների, շանտաժի և կեղծիքների միջոցով դարձավ Հայաստանի ղեկավար: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. միակ շահողը եղան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մինչ այդ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի փաստացի ղեկավար դարձավ Վազգեն Սարգսյանը, իսկ Քոչարյանը ստացավ անգլիական թագուհու կարգավիճակ և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լծակներից գործնականում զրկվեց: Շատ «ճիշտ» ժամանակին հայտնվեց Նաիրի Հունանյանը՝ իր խմբով, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվեցին, որից հետո Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգը Հայաստանում անսահմանափակ իշխանություն ձեռք բերեցին՝ այստեղից բխող աղետալի հետևանքներով: 

2008թ. մարտի 1-ի դեպքեր. այդ օրը՝ պաշտոնական վարկածով, ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներում սպանվեց 10 մարդ: Շահած դուրս եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. երկրում մտցվեց արտակարգ դրություն, հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ ձերբակալվեցին, Քոչարյանը տանկերի ու սնայպերների պաշտպանությամբ իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին: 

Սրանք դեռ ամենաաղմկոտ դեպքերն են. մենք դեռ չենք անդրադառնում Քոչարյանի օրոք մոտ քառասուն բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններին... ամեն սպանության հետ Քոչարյանի դիրքերը Հայաստանում ամրապնդվում էին, իսկ դաշնակցական-քոչարյանական քարոզչամեքենան ամեն դեպքից հետո շեփորում էր, թե սա ՀՀՇ-ի գործն է: 

Եվ այսպես. դաշնակցա-քոչարյանական քարոզչամեքենայի ձեռագիրը նույնն է, իսկ Հայկ Հարությունյանի դեպքից շահողը հաստատ իշխանությունը չի, քանի որ մահացավ մարտի 1-ի գործով առանցքային դերակատարներից և վկաներից մեկը:

Հ.Գ. Հայկ Հարությունյանն արդեն անհրաժեշտ ծավալով ցուցմունք էր տվել Մարտի 1-ի գործով տարվող նախաքննության ժամանակ: Այնպես որ, իշխանությունների համար նրան լռեցնելու կամ խոսեցնելու որևէ շահագրգռվածություն չկար:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ