...

Ականապատված իրավիճակ և նոր զարգացումներ

Ականապատված իրավիճակ և նոր զարգացումներ

Վերջին երեք օրերին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանում լուրջ զարգացումների բերել: Լուրջ և անկանխատեսելի: Առաջին հերթին խոսքը Սյունիքի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիոն ճանապարհների բացման հավանականության, Հայաստան-Թուրքիա ռևերանսների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված խիստ կասկածելի գործարքների, Ալիևի հայտարարությունների, թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին է: 

Բնականաբար, այս ամենը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով, թե Հայաստանն ինչ վիճակում է, և նման իրավիճակներում սթափ լուծումներ գտնելու համար ադեկվատ իշխանություններ չունենք:

Գուցե սրանով է պայմանավորված, որ վերջին երեք օրերին բավական ծավալուն ելույթներով հանդես եկան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք ներկայացրեցին իրենց տեսակետները, թե ինչ է այժմ տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել և ինչ է պետք անել: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը Լիտվայում մի շարք հայտարարություններ արեց, որոնք տեղավորվում են Հայաստանի շուրջ հնարավոր բացասական զարգացումների ծիրում: 

Մենք փորձենք համադրել այս օրերի կարևորագույն հայտարարությունները, տեսնենք, թե ով ինչ է ասել կոնկրետ հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս ասուլիսները, հայտարարությունները փոխկապակցված են և պայմանավորված են ընթացիկ զարգացումներով:

Սերժ Սարգսյան. «Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել։ Միգուցե սա ոգևորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում, դրա մասին չպետք է մտածենք։ Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես և իրենք զգուշացնում էին, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ»:

Նիկոլ Փաշինյան. «Ալիևի հետ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»:.

Ռոբերտ Քոչարյան. «Այս մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր ակնարկներ պատերազմում մեղավորության և պատասխանատվության մասին. ակնհայտ է, որ փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, գեներալների վրա: 

Սա այն դեպքը չի, որ ես ոգևորված եմ բանակի գործողություններով պատերազմի ժամանակ, բայց պատերազմում է երկիրը. բանակին մենակ են թողել այս պատերազմում:

Երբ որ իշխանությունը պարգևատրում է հերոսների կոչումներով, շքանշաններով հողեր հանձնելու ժամանակ, այդ մասին չէին մտածո՞ւմ:

Պետք է այդ գեներալները սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»:

Սերժ Սարգսյան. «Պարտության ու դավաճանության խարանը այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել, որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության մոտ բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Կապիտուլյանտները ժողովրդին նոյեմբերի 10-ին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ այդ օրվանից մինչև այսօր շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային»:

Նիկոլ Փաշինյան. «Տրամաբանական է այն, որ ավտոճանապարհները և երկաթուղին, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է բացվեին կամ բացման փուլում լինեին։ Ես հույս ունեմ, որ այս հարցում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել»:

Ռոբերտ Քոչարյան. «Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. մեկ տարի պատերազմից հետո անցել է, և Հայաստանը այս մեկ տարին, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: 

Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որևէ առարկայական հարց կապված Արցախի ապագայի հետ, Շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է»:

Սերժ Սարգսյան. «Մենք դեմ ենք նոր պատերազմին. ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չե՞նք: Շարունակում ենք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը»:

Նիկոլ Փաշինյան. «Ալիևի հետ հանդիպելու իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև վերջին ամիսներին ես ողջունել եմ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք դրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սեղանին։ Հանդիպումների պատրաստակամության մասին հայտարարում ենք ոչ առաջին անգամ։ Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հնարավոր կլինի ակտիվացնել ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Ռոբերտ Քոչարյան. «Ես չեմ հասկանում, թե ինչու մեկ տարի անց մենք ունենք ռազմագերիներ, ավելին, չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք: Պատերազմից մեկ տարի անց չիմանալով հստակ զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը՝ մենք հանդուրժում ենք այս իշխանությանը: Ուղղակի աբսուրդ է, ես չեմ հավատում, որ կա աշխարհում որևէ օրինակ, որ գոնե զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել, մարդկանց անուն, ազգանուն, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել: Այն, ինչ կատարվում է մեկ տարի անց, չի կարելի բացատրել անփորձությամբ, ապիկարությամբ, սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակներն ինձ համար հասկանալի չեն»:

Սերժ Սարգսյան. «Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:

Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների  մասին, չի մոռացել իր հազարամյակների դառը դասերը և հետևություններ կանի քանի դեռ ուշ չէ»:

Նիկոլ Փաշինյան. «Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ-որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»:

Ռոբերտ Քոչարյան. «Խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մասին: Հարց. Իսկ դու ո՞վ ես: Իսկապես: Ի՞նչ ես դու քեզանից ներկայացնում` բարձրաձայնելով նման գաղափարներ և նման նպատակներ հետապնդելով: Ամենազավեշտալին այն է, որ այսօր դու բանակցությունների սեղանի շուրջ չես: Դու ինքդ ես սեղանին, քեզ քննարկում են առանց քո մասնակցության: Դու դադարել ես բանակցային գործընթացի սուբյեկտ լինել: Դու վաղուց այդ բանակցային գործընթացի օբյեկտն ես: Հիմա ինչպե՞ս կարելի է դա փոխել: Կարելի է. այդ մարդիկ պետք է հեռանան: Ծնկի եկած բանակցել ուղղակի հարմար չէ: Եվ չես կարող բանակցել մեկի հետ, ով ծաղրում է քեզ: Չի ստացվի բանակցել»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա. «Երևանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: 

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Սահմանազատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»:

Ռ. Քոչարյան. «Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է ձևավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն՝ ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է, և Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»:

Սերժ Սարգսյան. «Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել: Չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին:

Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունություն, ոչ էլ արտաքին խաղաղություն»:

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: Հույս ունենք, որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից»:

Ռոբերտ Քոչարյան. «Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ 

Դուք հիշում եք, այն միշտ ինձ հետ էին կապում։ Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»։ Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։ Անհասկանալի է, թե ինչու է այսպիսի կարգ, և բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։ Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում և ֆինանսական հոսքերին հետևելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»:

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք»:

Ռոբերտ Քոչարյան. «Ես կարող եմ եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ. փաստերը հետևյալն են, որ Ջեբրայիլից մինչև Շուշի՝ Ջեբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչև Քարին տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: 

Ես բացատրությունը չունեմ, թե ինչու: Հարցրել եմ տարբեր զինվորականների: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղությամբ պատասխանատու: Երբ այս ամենը համադրում ես, դու տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որ տարածված էր այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ մարշրուտը կամ բացում էին, կամ առնվազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ