...

Ամբաստանյալը մոռացել է, որ իր ղեկավարման տարիներին չէին տուգանում, այլ անզգույշ քաշքշում էին

Ամբաստանյալը մոռացել է, որ իր ղեկավարման տարիներին չէին տուգանում, այլ անզգույշ քաշքշում էին

Երեկ մարտի մեկի գործով գլխավոր ամբաստանյալ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել ու դարձյալ ալեկոծել է հասարակությանը։ Հասարակությունը դարձյալ հիշեց ամբաստանյալի ղեկավարման տարիների ավերածությունները՝ բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանությունները, հոկտեմբերի 27-ը, որ մինչև հիմա կազմակերպիչների մասով բացահայտված չէ, Հյուսիսային պողոտայի կառուցելը, թե ինչպես էին մարդկանց ունեզրկում և փողոց շպրտում ու հարստություն էին կուտակում մի խումբ մարդիկ, որի անունն էր «Հանրային գերակա շահ», իսկ դատարաններն էլ քաղաքացիների իրավունքները չէին պաշտպանում և որոշում էին «Զրկել սեփականության իրավունքից և վտարել», և վերջապես մարտի մեկը, որ շալակին է ծանրագույն մեղադրանք և իր փաստաբանների անվերջանալի միջնորդությունների պատճառով վերջը չի երևում, որ սկսվեն դատական գործընթացները։

Անկեղծ ասած՝ ի՞նչ հարցազրույցի ժամանակ է, հիմա ինքը մի առաքելություն ունի, այն է՝ դատարանում ապացուցի անմեղությունը, եթե սեփական փաստաբանները թույլ տան: Իսկ ինքը հարցազրույց է տալիս և խոսում է բաներից, որոնց իրավունքը չունի։ Խոսում է Ղարաբաղի հակամարտության լուծումից, երբ ինքն է Ղարաբաղը դուրս մղել բանակցային գործընթացից և հակամարտության լուծումը փակուղի տարել, խոսում է տնտեսությունից, երբ երկրի տնտեսության հերն է անիծել ու ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնել է օտարին։ Խոսել է նաև կորոնավիրուսի հետ կապված խնդիրների մասին և ասել է․ «Մենք ունենք սահման 4 երկրի հետ, երկուսը փակ են: Իրանի հետ ունենք մեկ անցակետ, Վրաստանն է մյուս երկիրը, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա: Որտեղի՞ց հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սա մի վիճակ է, որ սահմանների փակ լինելը, մասնակի շրջափակման հանգամանքը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, մեկ տեղ մենք կարող էինք շահել՝ համաճարակի պայմաններում երկիրը փակել ու խուսափել այս վիճակից: Էդ էլ չստացվեց: Այն միակ դեպքը, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար՝ չաշխատեց»։

Ամենևին տեղեկացված չլինելով, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ինչ սահմանափակումներ ու տուգանքներ կան մեր հարևան Վրաստանում՝ ասել է․ «Իրենց հետ կենցաղային մշակույթը մեզ շատ մոտ է, իրենք էլ մեզ նման են՝ սիրում են քեֆեր, բարեկամություն, հարսանիքները ավելի ճոխ են անում, թաղումները շատ հեռավոր բարեկամների պետք է գնան, Վրաստանում «պանիխիդան» 3-4 օր է տևում: Երբ որ համեմատում ես մեր թվերը Վրաստանի ու Հունաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես: Վրաստանում 16 մահ է, եթե չեմ սխալվում, մոտ 1100 հիվանդության դեպք…»։ Զավեշտը վերջում է, երբ իրեն թույլ է տալիս բարձրաձայնել, որ իշխանությունները ժողովրդի հետ անհարգալից են վերաբերվում և տուգանում են։ Այո, այո, մի զարմացեք, ամբաստանյալ Քոչարյանն է, որ խոսում է ժողովրդի հետ հարգալից վերաբերմունքից: Նա ասել է․ «2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում: Այդքան մարդ չեն տուգանել: Եվ ինչի՞ համար՝ դիմակ չկրելու համար: Բայց խոսքի տակեն գլխին՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնեն...»։

Նախ սկսենք նրանից, որ 900 հոգի չի մահացել, այլ երեկվա տվյալներով 728 մարդ է մահացել։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ են մահացել կորոնավիրուսից։ Եթե երկրի ղեկավարը ժողովրդին չի սիրում, ճիշտ կառավարել չի լինում, ինչի օրինակն իր ղեկավարման տարիներն էին (իրեն թվացել է, թե ժողովրդին չսիրելով՝ ճիշտ է կառավարել)։ Իհարկե, զարմանում է, որ դիմակ չկրելու համար մարդ են տուգանում։ Այո, իր ղեկավարման տարիներին չէին տուգանում, այլ անզգույշ քաշքշում էին, սեփականությունից էին զրկում ու փողոց շպրտում։

Ընթերցողի համբերությունը չենք չարաշահում և այստեղ մենք կարճ ենք կապում ու անցնում առաջ։ Առանց իմանալու, թե հարևան Վրաստանում ինչ սահմանափակումներ կան կորոնավիրուսի դեմ պայքարում, համեմատում է Վրաստանի հետ, գոնե մի քիչ ճիշտ ինֆորմացիա ունենար հարևան երկրի մասին։ Նախ նրանց երկրում ինչպես ինքն է ասում ՝«պանիխիդան» 3-4 օր չի լինում, կարող է հանգուցյալին պահում են 3-4 օր, բայց ոչ այն պատճառով, որ 3-4 օր հոգեհանգստի արարողություն է լինում, այլ նրանց մոտ շաբաթվա ոչ բոլոր օրերին են հանգուցյալին հողին հանձնում։ Հաջորդը, էդ որ քաղաքացու տուգանքների համար իբրև թե անհանգստացած է, չգիտի որ Վրաստանում շատ ավելի բարձր են տուգանքները և Վրաստանում հավաքներն էլ են շատ սահմանափակ, հոգեհանգստի արարողություն էլ շատ սահմանափակ է։ Գոնե մի քիչ հարևան երկրի անցուդարձին տիրապետեր, նոր խոսեր. ասածը դեզինֆորմացիա է։

Իսկ հիմա երկրի տնտեսությունը ծնկի բերող շրջափակման մասին։ Լավ, էս մարդն ի՞նչ իրավունքով է խոսում երկրի սահմաններից և շրջափակումից: Նո՞ր է հիշում, որ շրջափակումը վնաս է հասցնում տնտեսությանը, երբ «հաղթողական» զբաղեցրեց նախագահի աթոռը, Ղարաբաղի հակամարտության լուծումը տարավ փակուղի ու իր Վարդան Օսկանյանն էլ հայտարարում էր, որ դեռ 100 տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններում, և իր հենարան դաշնակներն էլ հայտարարում էին, որ 4 հարևաններից երեքի հետ ճակատ ունենք, էդ ժամանակ «մոռացել» էր տնտեսության զարգացման մասին։ Երկիրը փակելով՝ ուզում է արդյունավետ պայքար կորոնավիրուսի դեմ։ էդ ո՞նց պիտի շահեինք երկիրը փակելով, եթե մասնակի շրջափակման հանգամանքը վնաս է հասցնում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։ Ինչքա՞ն կարելի էր երկիրը փակ պահել, բա՞ տնտեսությունը։ Իսկ երկիրը փակելով՝ համաճարակից խուսափելն անհնար էր։

Ինչպես երևում է, կալանավայրը դաժան հետք է թողել ոչ միայն դեմքին ակոսների տեսքով, այլ նաև հիշողությունն էլ այն չէ. խոսում է բաների մասին, որից հանրությունն անմիջապես հիշում է իր ղեկավարման սահմռկեցուցիչ տարիները։ Ինչն ամենևին էլ իր օգտին չէ։ Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները վտանգից պիտի չզգուշանան։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1760 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ