Օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ Միացյալ Նահանգների Սենատի որոշումը. միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձևը։ Համացանցը հեղեղված է Սենատի որոշման վերաբերյալ բազմաթիվ արձագանքներով:
Իսկ մենք ներկայացնում ենք, թե ինչպիսին կարող են լինել քաղաքական ուժերի և գործիչների արձագանքները՝ Սենատի որոշմանը:
Նիկոլ Փաշինյան. Հայաստանի պատմության մեջ երբևիցե չի եղել նման աննախադեպ բան, որպեսզի ԱՄՆ-ի Սենատը ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը: Սա թավշյա և ժողովրդավարական Հայաստանի մեծագույն նվաճումն է:
«Բարգավաճ Հայաստան». Ողջունում ենք, ասենք թե, ԱՄՆ-ի Սենատի որոշումը: Սենատորների և սենատորուհիների այս մարդկային խիզախ քայլը համապատասխանաբար ծափահարության է արժանի: Մենք վստահ ենք, որ Սենատի բանաձևի ընդունմամբ, Հայաստանում, ասենք թե, ներդրումների ինքնըստինքյան նոր դաշտ կձևավորվի:
Վազգեն Մանուկյան. Ցավոք սրտի, ԱՄՆ-ի սենատի որոշումը կարող էր ընդունվել 1996 թվականին, եթե ես նախագահ ընտրվեի: Ես չդարձա նախագահ, և ամերիկյան սենատը հրաժարվեց քննարկել բանաձևը:
ՀՅԴ. Մեր տասնամյակների տաժանակիր աշխատանքը տվեց իր արդյունքը. սա Դաշնակցության անուրանալի հաղթանակն էր, հենց մեր շնորհիվ Սենատը ընդունեց բանաձև, և սա հերթական անգամ ապացուցում է, որ ՀՅԴ-ն մնում է Հայաստանի ամենաազդեցիկ ուժը:
Ռոբերտ Քոչարյան. ԱՄՆ-ի Սենատի որոշման ամուր հիմքերը դրվել են իմ կողմից, երբ ես ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ բարձրաձայնեցի Ցեղասպանության հարցը: Իմ ինքնակենսագրական գրքի 118-րդ էջում մանրամասն գրել եմ, թե ինչպես եմ ԱՄՆ-ի նախագահին բացատրել հարցի կարևորությունը և համոզել նրան:
ՀՀԿ. Հանրապետականները հիացած են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությամբ, որի պտուղներն այսօր քաղում են ապօրինի և բռնի ուժով իշխանության եկած դիլետանտները: Վստահ ենք, որ երբ Սերժ Սարգսյանը խոսի, իսկ նա անպայման խոսելու է, կասի այն ամենը, ինչ որ ասելու է:
«Լուսավոր Հայաստան». ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն իր մեջ կոռուպցիայի ռիսկեր է պարունակում: Արդյո՞ք պատահական է, որ բանաձևի ընդունման հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանը Հայաստանում ամերիկյան դեսպանատանը թույլատրել է նոր ցանկապատ տեղադրել Երևանյան լճի ափի երկայնքով:
«Ադեկվատ». Էրդողանի նման տղան չպիտի հանձնվի. #debilneri Senat#:
ՎԵՏՕ. Հիմա էլ Սենատի միջոցով են սորոսականները փորձում կուտ տալ հայ ժողովրդին: Մեկ առ մեկ ներկայացնելու ենք, թե սենատորներից ով ինչքան գրանտ է ստացել: #sorosi vastakner#:
Արթուր Վանեցյան. Չեմ մեկնաբանում Սենատի բանաձևը: