...

Անբարոյականության խրախճանքը

Անբարոյականության խրախճանքը

ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ընդամենը մի քանի օր անց սառը ջուր լցրեց ոգևորված հայության գլխին՝ որոշելով ժամանակավորապես հանել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու արգելքը։

Ավելի վաղ մեր ռազմավարական դաշնակիցն էր բաց տեքստով հայտարարել, թե 44-օրյա պատերազմում «Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ բարդ օպերացիա են իրականացրել», իսկ նոյեմբերի 10-ին Բաքվի փողոցներում հաղթանակը տոնող մեքենաների վրա երեք դրոշ էր ամրացված՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի։ Բայց մենք համառորեն չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, և ինչու է իրավիճակն այսպիսին։

Նախ՝ Միացյալ Նահանգների մասին։ Հայաստանը, որպես պետություն, ԱՄՆ-ին առանձնապես չի հետաքրքրում։ Ավելի ճիշտ՝ հետաքրքրում է ընդամենը այնքանով, որ նախ՝ ԱՄՆ-ում մեծ թվով հայեր են ապրում, և երկրորդ՝ հայության խաղաքարտը կարելի է օգտագործել Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր լուծելու համար։ Բայց հասկանալի է, որ ԱՄՆ-ը երբեք հանուն Հայաստանի կամ սփյուռքահայության հարաբերությունները չի փչացնի թյուրքական աշխարհի հետ։ Պատճառը շատ պրագմատիկ է։ ԱՄՆ-ն ունի երեք ռազմավարական հակառակորդ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, բնականաբար՝ խնդիր ունի այդ երեք հակառակորդներին թուլացնել նաև ներսից, ու բոլոր երեք դեպքերում էլ դա լավագույնս հնարավոր է անել թյուրքական տարրի միջոցով։ Ռուսաստանում թյուրքական ժողովուրդները ռուսներից հետո երկրորդն են՝ մոտ 12 միլիոն, Իրանում՝ նույնպես (մոտ 22 միլիոն), իսկ Չինաստանում ույղուրները գնալով ավելի ու ավելի լուրջ գործոն են դառնում։ Հասկանալի է, չէ՞, որ ԱՄՆ-ը հանուն Հայաստանի կամ հայության վտանգի տակ չի դնի նման ռազմավարական հեռանկարը։ «Անձնական բան չկա», մասշտաբներն են տարբեր։

Հիմա՝ Ռուսաստանի մասին։ Հայաստանը, որպես ամուր ինքնիշխան պետություն, Ռուսաստանին նույնպես չի հետաքրքրում։ Մենք նրանց համար «հետաքրքիր ենք» ընդամենը երկու պատճառով․ նախ՝ որպես ռազմաբազայի տարածք, և երկրորդ՝ որպես միջազգային ատյաններում հանդես եկող «տուժած կողմ», որի շահերի պաշտպանությունը կարող է օգնել լուծել սեփական խնդիրները։ Ուշադրություն դարձրեք՝ այդ նպատակին հասնելու համար պետք է, որ Հայաստանը նախ՝ մշտապես «տուժած կողմ» լինի, և երկրորդ՝ թուրքական վտանգը միշտ լինի արդիական (հակառակ դեպքում մեր ինչի՞ն է պետք ռուսական ռազմաբազա դառնալը)։ Այո, թյուրքական աշխարհը Արևմուտքի ձեռքին լրջագույն զենք է Ռուսաստանի դեմ, և այնտեղ դա հասկանում են, բայց ավելի հեշտ է ոչ թե առճակատման գնալ, այլ սիրաշահել և փորձել «իրենով անել» այդ զենքը։ Ու էլի «անձնական բան չկա», սեփական շահերն են այդպես թելադրում։

Իսկ մեր քաղաքական «էլիտան» ձևացնում է, թե չի հասկանում այս ամենը, ու նախընտրական եռուզեռի մեջ է։ «Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում» անբարոյականության հերթական շքահանդեսը սկսվել է․ մեկը հայտարարում է, թե եթե ինքն ընտրվի՝ ռուսները կգրավեն պատերազմում կորսված տարածքներն ու կվերադարձնեն մեզ, մի ուրիշը Վիլսոնի քարտեզն է օդում ճոճում ու հայտարարում, թե Ամերիկան է երազում մեր դաշնակիցը դառնալ, ու եթե համաձայնվենք՝ վերջ, Կարսով-Մասիսով-բանով ամեն ինչ մերն է լինելու, երրորդը խոստանում է իր ընտրվելու դեպքում անմիջապես վերադարձնել ռազմագերիներին, չորրորդն ասում է, որ միայն ինքն է ի վիճակի փրկել Սյունիքը․․․ Այո, նախընտրական քարոզարշավը համարյա միշտ ժուլիկություն է, բայց մեր դեպքում անբարոյականությունն ակնհայտորեն գերակշռում է։ Որովհետև միշտ էլ ամենաանբարոյականը համարվել են այն ժուլիկները, որոնք, օրինակ, գերեզմանում հարազատի մահը սգացող անօգնական կնոջից խաբեությամբ վերջին կոպեկներն են կորզել՝ խոստանալով կապ հաստատել հանգուցյալի հետ, բանտում գտնվող հարազատին կամ ծանր հիվանդ երեխային իբր օգնելու պատրակով իրենց ճանկն են գցել անզորությունից ու հուսահատությունից բանականությունը կորցրած մարդկանց, և այլն։ Այսօրվա նախընտրական անբարոյականության խրախճանքի մասնակիցներն ըստ էության նույն բանն են անում՝ օգտվելով նրանից, որ մեկը հայրենիքի կորստից է խելագարության դուռը հասել, մյուսի որդին է գերության մեջ, երրորդը Սյունիքի կորստի սպառնալիքից է սարսափած, չորրորդը պարզապես գոյատևելու միջոց չունի, ու անխնա խաբում են՝ կերակրատաշտի մոտիկությունից մարդկային նկարագրի վերջին փշրանքները կորցրած։

Արմեն Բաղդասարյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ