«1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ` Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում»:
Սա հատված էր Սերժ Սարգսյանի՝ Առաջին հանրապետության հիմնադրման տոնի կապակցությամբ հղված ուղերձից:
«ՉԻ». Ի՞նչ է ուզում ասել Սարգսյանը. ինքը և Ռոբերտ Քոչարյանը նույն պատմական մեծության ֆիգուրներ են, ինչ գեներալներ Նազարբեկյանը, Սիլիկյանը և Նժդեհը: Իրենք էլ են պատմական մեծ առաքելություն իրականացրել, բայց այն հավուր պատշաճի չի գնահատվում, ավելին՝ նրանք ենթարկվում են հալածանքների:
Բայց Սարգսյանը պետք է ոչ թե ժողովրդին մեղադրի ապերախտության մեջ, այլ առաջին հերթին հասկանա, որ պատճառը իր և իր ընկերոջ ընչաքաղցությունն է: Նազարբեկյանը, Սիլիկյանը և Նժդեհը երբեք չեն մտածել, որ եթե կռվել են Հայաստանի համար, պետք է բոլորից լավ ապրեն, չեն մտածել ինչպես հարստահարել ժողովրդին և սեփական որդիներին դարձնել միլիոնատերեր:
Նազարբեկյանը և Սիլիկյանը Հայաստանի խորհրդայնացումից հետո մնացին և աշխատեցին ամենահամեստ պաշտոններում և մահացան ծայրահեղ աղքատության մեջ: Չտեղափոխվեցին թալանով ձեռք բերված առանձնատներ, չունեին միլիարդավոր դոլարների կարողություն:
Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու երկու որդիները մահացան ռազմաճակատում: Քոչարյանի երկու որդիները ոչ միայն չծառայեցին հայոց բանակում, այլև դարձան միլիարդատերեր, հարյուրավոր բիզնեսների սեփականատերեր: Սարգսյանի փեսաների կարողությունները աճում էին նույնքան արագ, որքան նվազում էին բանակին տրամադրվող սպառազինությունները:
Նժդեհը անգամ խորհրդային ՆԿՎԴ-ի զնդաններում չասաց՝ ինքը սխալ է, իսկ կարմիրները՝ ճիշտ: Իսկ Սարգսյանը այնքան վախկոտ գտնվեց, որ արտաբերեց այդ խոսքերը, և հիմա կրկնակի վախկոտություն է՝ փորձել համեմատության եզրեր գտնել 1920 թվականի Հայաստանի խորհրդայնացման և 2018 թվականի հեղափոխության միջև:
Պարոն Քաջ Նազար, եթե հեղափոխությունը նույնպիսի արհավիրք էր, որքան անկախության կորուստը, ինչո՞ւ այդքան հեշտ հանձնվեցիր. չէ՞ որ դրանով ընդամենը ստորագրում ես դավաճանության տակ:
Ազգը սիրում և մեծարում է իր հերոսներին՝ Նազարբեկյանին, Սիլիկյանին ու Նժդեհին, և հակառակը՝ մերժում պատերազմի մասնակցությամբ ժողովրդին թալանելու իրողությունը արդարացնողներին: