Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական կյանք փաստացի գոյություն չունի։ Մինչ այդ էլ առանձնապես գոյություն չուներ, բայց փաստն արձանագրվեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով։ Եթե Հայաստանում իսկապես քաղաքական կյանք լիներ, իսկապես գոյություն ունենային կայացած քաղաքական ուժեր՝ իրենց ծրագրերով ու գաղափարներով, ու եթե ժողովուրդն իսկապես էլ կարևորեր այդ գաղափարն ու ծրագրերը, Հայ ազգային կոնգրեսն ընդհանրապես պիտի այլընտրանք չունենար։ Բայց փաստն այն է, որ ժողովրդի 98 տոկոսը մերժեց այդ ուժին։ Մեծ հաշվով՝ մերժեց նաև Դաշնակցությանը, որովհետև այդ ուժից մի քանի հոգի խորհրդարանում հայտնվեցին զուտ այն պատճառով, որ Քոչարյանին իր վերադարձին պատշաճ տեսք տալու համար քաղաքական փաթեթավորում էր պետք։ ՀՀԿ-ն նույնպես մերժվեց և խորհրդարանում հայտնվեց ընդամենը այն պատճառով, որ օրենքը պարտադրում էր խորհրդարանում առնվազն 3 ուժ ունենալ։ Իսկ ՔՊ-ին ընտրելով՝ ժողովուրդը ոչ թե քաղաքական ուժ ընտրեց, այլ մերժեց քաղաքական դաշտն ընդհանրապես և քվեարկեց քաղաքական ուժերի, ծրագրերի և գաղափարների ավելորդության օգտին։ Որովհետև ոչ մուրճն առած քաղաքից քաղաք վազվզելն ու հիստերիկ ճղճղալն է քաղաքականություն, ոչ էլ նման պահվածք դրսևորողն է քաղաքական գործիչ։ Ըստ էության՝ ժողովրդի մեծամասնությունն իր ընտրությամբ հայտարարեց, որ մեզ քաղաքական դաշտ պետք չէ (ճիշտ այնպես, ինչպես Արցախը պետք չէ, բանակ պետք չէ, ժամանակակից գիտություն ու կրթություն պետք չէ, ազատ մամուլ պետք չէ, և այլն)։
Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական կյանքը մեռավ։ Բանն այն է, որ ցանկացած նորմալ երկրում իշխանությունների դեմ անմիջականորեն պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, իսկ մեզանում այդ պայքարը միջնորդավորված է։ Պատերազմից հետո իշխանությունների դեմ բացահայտ կամ քողարկված ձևով դատարաններն էին պայքարում, Գլխավոր շտաբն էր պայքարում, Եկեղեցին էր պայքարում, համայնքապետերն էին պայքարում, լրատվամիջոցներն էին պայքարում և այլն, իսկ «քաղաքական ուժերն» ընդամենը կողքից «դուխ էին տալիս»՝ կոչ անելով ավելի ակտիվ պայքարել։ Հետո այդ կառույցների մեծ մասը լեզու գտավ իշխանությունների հետ, մյուսների նկատմամբ ճնշումներն ուժգնացան, և «տակը բան չմնաց»։ Պարզվեց՝ Հայաստանում քաղաքական ուժեր չկան, կան ընդամենը քաղաքական դեմքեր, ովքեր ժամանակ առ ժամանակ համապատասխան տեքստեր են արտասանում ու սպասում հաջորդ հարմար պահին, երբ նորից կակտիվանան, ասենք, բանակը, հատուկ ծառայությունները, դատարանները, Եկեղեցին, օլիգարխները, հանցագործ աշխարհը, և այսպես շարունակ։
Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, քաղաքական դաշտ ընդհանրապես պետք չէ։ Վերջին հաշվով՝ քաղաքական դաշտն ընդամենը ավելի որակյալ իշխանություններ ունենալու գործիք է, ու քանի որ իշխանությունն այս պահին իրենն է՝ մրցակցության դաշտ պետք չէ։ Իրեն ընդամենը դրա իմիտացիան է պետք, որի համար ինչքան ասես՝ «մատերիալ» կա։ Քաղաքական դաշտ պետք չէ նաև խորհրդարան անցած մյուս երկու ուժերին, որովհետև նրանք իշխանությունը վերցնելու առաջին փուլի իրենց խնդիրը կատարել են ու հանգիստ կարող են սպասել ֆորս-մաժորի։
Ժողովրդի մեծամասնությունն էլ, պարզվեց, քաղաքականությունը համարում է սովորական բիզնես, քաղաքական գործիչներին՝ «հավայի խոսալով» հարստանալ ձգտող «շուստրիներ», ու բնականաբար՝ չի ցանկանում, որ Հայաստանում այդպիսի «ձրիակերների արոտավայր» լինի։ Ափսոս միայն, որ քաղաքական դաշտի բացակայության արդյունքում քաղաքական պայքարը վերածվում է ընդամենը իշխանության համար պայքարի, իսկ հասարակությունը՝ հպատակների ամբոխի։
Մարկ Նշանյան