Որպես կանոն, Անկախության օրվա առթիվ հնչող ելույթներում պաթոսախեղդ հայրենասիրության պակաս չի զգացվում, բայց նույնիսկ ամենաթունդ ռազմահայրենասերներն են իրար մեջ անկեղծանում՝ «տո լավ, այ ցավդ տանեմ, ի՞նչ անկախություն, սաղ ձևական բաներ են, ոչ նավթ ունենք, ոչ տնտեսություն, ոչ ծով, ռուսը չըլնի՝ էրկու օրում․․․» և այլն։
Իրականում բոլոր այդ բաղադրիչներն իսկապես էլ կարևոր են, բայց կարելի է անկախ լինել նաև առանց նավթի, գազի ու ծովի (աշխարհում տասնյակ այդպիսի երկրներ կան)։ Անկախության գլխավոր ցուցիչը բոլորովին այլ է։ Անկախ է այն երկիրը, որն իր առջև դնում է այնպիսի նպատակներ, որոնց կարող է հասնել սեփական ուժերով։ Իսկ եթե իր առջև դնում է նպատակներ, որոնց իրականացումն անգամ տեսականորեն հնարավոր է միայն ինչ-որ արտաքին ուժի օգնությամբ, նույն պահից պետությունը կորցնում է անկախությունը, դառնում է այդ նպատակի գերին ու այդ «ինչ-որ ուժի» վասալը։
Ղարաբաղյան շարժման որոշակի փուլում Հայաստանում հասկացան, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է լուծել միայն ունենալով անկախ պետականություն, և գնացին այդ ճանապարհով։ Մի քանի ուժեր (այդ թվում՝ Դաշնակցությունը) սկզբում դեմ էին Անկախությանը, որովհետև երևի հույս ունեին հարցը լուծել Կրեմլին սիրաշահելու միջոցով, բայց ժամանակը ցույց տվեց, որ ճիշտը Անկախությունն էր․ արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք։ 1997-ին լավ հնարավորություն ունեինք խնդիրը վերջնականապես կարգավորել որպես անկախ պետություն, այսինքն՝ բավարարվել այն առավելագույնով, որը հնարավոր էր տվյալ պահի ուժերի հարաբերակցության պայմաններում։ Բայց դարձյալ գտնվեցին ուժեր, որ համարեցին, թե դրա կարիքը չկա, որովհետև «ավագ եղբոր» աջակցությամբ կարող ենք անվերջ ձգել ստատուս-քվոն, և այդ ուժերը հաղթեցին։
Այսինքն՝ մենք փաստացի համաձայնվեցինք քայլ առ քայլ զիջել մեր անկախությունը, որպեսզի հանկարծ մի քանի շրջան չզիջենք, թեև այն ժամանակ էլ շատերը զգուշացնում էին, որ դա սխալ ճանապարհ է, ու այդ ճանապարհով գնալու դեպքում վաղ թե ուշ կորցնելու ենք և՛ մեր անկախությունը, և՛ այդ շրջանները։
Բայց նույնիսկ այդ պայմաններում՝ ընդամենը մի քանի տարի առաջ, դեռ հույս կար, որ վաղ թե ուշ ողջամտությունը կհաղթի, և մենք ի վերջո կփորձենք մեր հարցերը լուծել որպես անկախ պետություն՝ առանց դրսի «պապաների» աջակցությամբ ծովից ծով կամ գոնե գետից գետ երկիր ունենալու պատրանքների։ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես սպանեց այդ հույսը ևս, որովհետև իր փնթի արկածախնդրությամբ կորցրեց այն, ինչը կարող էր լինել մեր վճարելիք գինը Անկախության դիմաց։ Հիմա Հայաստանը ոչ թե վասալ է, այլ պատանդ, ընդ որում՝ վիրավոր պատանդ, առանց «փրկագնի» համար անհրաժեշտ միջոցների։
Ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ մենք մեր պատրանքները գերադասեցինք իրական Անկախությունից։ Եթե մեր հասարակությունն իսկապես անկախ պետականության արժեքների կրողը լիներ, կհամարձակվեի՞ն արդյոք քաղաքական դաշտի «շուստրի» ռազմահայրենասերները որպես պետական քաղաքականություն հռչակել այնպիսի նպատակներ, որոնց հասնել հնարավոր է (եթե ընդհանրապես հնարավոր է) միայն դրսի «պապաների» աջակցությամբ։ Հայաստանում համարձակվեցին, որովհետև վստահ էին՝ հասարակության մեծամասնությունն ասելու է «տո լավ, ի՞նչ անկախություն, եթե հնարավոր է на халяву մեծ երկիր ունենալ»։
Ի դեպ, մինչև հիմա էլ ասողներ կան։
Մարկ Նշանյան