...

Անմեղսունակների կենսազանգվածն ու պետությունը

Անմեղսունակների կենսազանգվածն ու պետությունը

Հայաստանի արևելյան սահմաններին տիրող խայտառակ իրավիճակից ելքեր գտնելու և երկիրը հետագա ծվատումից փրկելու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Իսկ տեղի է ունենում այն, որ Հայաստանում լիակատար անիշխանություն է, անմեղսունակ տհասների ինչ-որ անհասկանալի կենսազանգված բազմել է իշխանական աթոռներին ու պարգևավճարների տեսքով պետական բյուջեն լափելուց և դա հիմնավորող «կռուտիտներից» բացի ոչնչով չի զբաղվում, քաղաքական դաշտը կենտրոնացել է առաջիկա ընտրությունների վրա ու սահմանին տիրող իրավիճակը դիտարկում է զուտ որպես նախընտրական քարոզարշավում օգտագործման ենթակա հրաշալի թեմա, Ադրբեջանն էլ, օգտվելով առիթից, «անշուն գյուղ է մտել՝ առանց մահակ է քայլում» ու ինչքան ուզում՝ առաջ է գալիս։ Սա է։

Հիմա փորձենք այս վիճակի մասին խոսել առանց էմոցիաների և, եթե կարելի է այսպես ասել, «միջազգային և միջպետական հարաբերությունների բառապաշարով»։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայկական զորքերն առանց կրակոցի մինչև Խորհրդային Հայաստանի սահմանները հետ քաշելու որոշումը հիմնավորեց այսպես՝ մենք այնպես ենք արել, որ ՀՀ սահմանները համընկնեն այն սահմանների հետ, որոնց վերաբերյալ ՀԱՊԿ-ը որոշակի պարտավորություններ ունի։ Պարզ ասած՝ մենք, օրինակ, Շուռնուխ գյուղի կամ Սոթքի հանքավայրի կեսը տվել ենք ու պահել ենք միայն այն մասը, որի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ կունենա։ Հիմա ամենակարևոր հարցը. իսկ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ մեր և ՀԱՊԿ-ի տեսակետները համընկնո՞ւմ են, և ընդհանրապես՝ այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ գուցե «ՀՀ պետական սահման» ասելով Հայաստանն ու ՀԱՊԿ-ը տարբե՞ր բաներ են հասկանում։ Ասենք՝ մենք գիտենք, որ Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է, բայց ՀԱՊԿ-ում համարում են՝ չէ, Ադրբեջանի տարածքում է։ ՀԱՊԿ պաշտոնական պատասխանում, ի դեպ, հատուկ շեշտված էր, որ ադրբեջանցիների կողմից սահմանը խախտելու փաստն ընդամենը հայկական կողմի կարծիքն է։

Անցնենք առաջ։ Եթե մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է, ու հետևաբար՝ այդ սահմանի խախտման դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր է միջամտել, սա նշանակում է նաև, որ դա ըստ էության ՀԱՊԿ-ադրբեջանական սահման է։ Այսինքն՝ սահմանը պիտի որոշեն ՀԱՊԿ-ն ու Ադրբեջանը, ու եթե բանակցությունների ընթացքում «գտնեն», որ ադրբեջանցիները ոչ մի խախտում էլ չեն արել, մեզ լավագույն դեպքում այդ մասին ընդամենը տեղյակ կպահեն ու կհրահանգեն սսկվել։ Հարց՝ կարո՞ղ է արդյոք որևէ պետություն անգամ ձևականորեն համարվել անկախ, եթե ոչ միայն չի կարողանում ինքնուրույն պաշտպանել սեփական սահմանները, այլև իրավունք չունի անգամ որոշել, թե որտեղով է անցնում այդ սահմանը։ Նիկոլ Փաշինյանին փաստորեն դա են ասում՝ «դու ո՞վ ես, որ որոշես, թե որտեղով են անցնում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մենք որտեղով որոշենք՝ ուրեմն այնտեղով էլ անցնում են»։ 

Իսկ օրվա անմեղսունակներին այս «մանրուքները» չեն հետաքրքրում, սրանք պլյուս-մինուսի վաստակներ են՝ պլյուս-մինուս 50 զոհ, պլյուս-մինուս 150 քառակուսի կիլոմետր հայրենիք, պլյուս-մինուս 2 միլիոն դոլար՝ առանձնատան մետլախները փոխելու համար, պլյուս-մինուս 150 միլիոն դոլարի պարգևավճար... Ավելին՝ սրանց համար ամեն ինչ իդեալական ձևով է դասավորվում։ Կարելի է օգտվել պայթյունավտանգ իրավիճակից ու չեղարկել արտահերթ ընտրությունները՝ միաժամանակ խուսափելով իշխանությունը կորցնելու հեռանկարից ու որևէ բանի համար պատասխանատվություն չկրելով, որովհետև ի՞նչ պատասխանատվություն, ի՞նչ բան, բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Բողոքողների հետ էլ կվարվեն այնպես, ինչպես Քոչարյանն է սովորեցրել՝ «էդ թուրքի ջրաղացի՞ն եք ջուր լցնում, արա՛, թուրքը հասել ա Սիսիան՝ դուք ստեղ իշխանափոխությո՞ւն եք անում»։

Արմեն Բաղդասարյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ