Եվ այսպես, Սյունիքը փաստացի կտրված է Հայաստանի մյուս մարզերից, բազմաթիվ գյուղեր շրջափակման մեջ են, հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար վիճակում է, ադրբեջանցիներն էլ ևս մի քանի կիլոմետրով խորացել են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մի կողմ թողնենք իշխանություններին հասցեագրվելիք բոլոր այն էմոցիոնալ գնահատականները, որոնց համար, ի դեպ, 300 հազարից 1,5 միլիոն դրամ տուգանք է նախատեսված, ու փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։
Ադրբեջանցիների պահվածքը հասկանալի է։ Եթե Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան դեմքի անմեղսունակ արտահայտությամբ հայտարարում է, թե ՀՀ պետական սահմանները «մոտավոր պատկերացմամբ» են որոշվում, թշնամին անմիջապես պիտի գա ու կանգնի այնտեղ, որտեղ, իր «մոտավոր պատկերացմամբ», իր տարածքն է։ Բնականաբար՝ պիտի նաև ճանապարհները փակի ու «մաքսակետեր» տեղադրի, որովհետև մեր Ազգային ժողովի մի ուրիշ բարձրաստիճան անմեղսունակ էլ հորթային հրճվանքով ազդարարում է, թե դրանք ընդամենը «բուդկաներ» են ու չեն աշխատելու, որովհետև այդ ճանապարհներով հայկական մեքենաներ չեն անցնելու (դե արի ու սրան հասկացրու, որ ադրբեջանցիների նպատակը հենց դա է՝ որ այդ ճանապարհներով հայկական մեքենաներ չանցնեն)։
Ինչևէ։ Ինչո՞ւ ադրբեջանցիները որոշեցին հատկապես հիմա ագրեսիայի դիմել Սյունիքի ուղղությամբ։ Իրադարձությունների ժամանակագրությունը մոտավորապես հետևյալն է։ Նախ՝ տեղեկություններ տարածվեցին, թե նոյեմբերի 9-ին հերթական խայտառակ փաստաթուղթն է ստորագրվելու, հետո Ռուսաստանը հայտարարեց, որ «շաբաթվա ընթացքում» (այսինքն՝ մինչև նոյեմբերի 14-ը) եռակողմ հանդիպում է լինելու, հայկական կողմը ոչ հաստատեց, ոչ հերքեց, փոխարենը՝ հայտարարեց, թե «միջանցքային տրամաբանությունը» բացառում է, ադրբեջանցիներն անմիջապես փակեցին Որոտանի ճանապարհը, եռակողմ հանդիպումն էլ տեղի չունեցավ։ Ռուսաստանն, ի դեպ, նույնպես անդրադարձավ «միջանցքային տրամաբանությանն» ու հայտարարեց, թե բացվելիք ճանապարհները պիտի մնան այդ երկրների իրավասության ներքո, բայց ակնհայտ է, որ նրանք «միջանցքային տրամաբանություն» ասելով այլ բան են հասկանում։ Չէ՞ որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգությունն իրենք պիտի ապահովեին։ Այսինքն՝ ռուսներն էլ են միջանցք ուզում, բայց՝ ոչ թե Ադրբեջանի, այլ իրե՛նց համար։ Իսկ հաջորդ օրը ադրբեջանցիները փակեցին նաև Ճակատենի ճանապարհը ու միաժամանակ հարձակվեցին Իշխանասարի ուղղությամբ։ Այսինքն՝ ներխուժեցին ՀԱՊԿ անդամ երկրի ինքնիշխան տարածք։ Որևէ մեկը չի հավատում, չէ՞, որ դա կարող էր արվել առանց ռուսների հետ նախապես համաձայնեցնելու։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ եռակողմ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի համար ՏԻՄ ընտրություններն ավելի կարևոր էին, նա պարզապես զբաղված էր Հայաստանի ևս մի քանի խոշոր համայնքներ զավթելու գործով ու չէր ցանկանա այդ «նախընտրական իրավիճակում» հերթական խայտառակ փաստաթուղթը ստորագրել, դրա համար էլ, առանց երկար-բարակ մտածելու, պարզապես ականջի ետև գցեց մյուս «երկրորդական» հարցերը։ Ի՞նչ նշանակություն ունեն «ամայի սարերը» կամ շրջափակման մեջ հայտնված մի քանի «դժգույն-դժբախտ» գյուղերը, եթե խաղասեղանին իր իշխանությունն ամրապնդելու հարցն է։ Առավել ևս, որ էլի մի քանի հարյուր կիլոմետր շրջանցիկ ճանապարհ կառուցելու թեմա է բացվում, ու կարելի է ևս մի քանի տասնյակ միլիոն դոլար «քերել»։ Իսկ քավության նոխազներ միշտ էլ կարելի է գտնել։ Հեչ որ չլինի՝ պաշտպանության նախարարին փոխելը կա ու կա։
Մարկ Նշանյան