...

Նիկոլն ընդդեմ Նիկոլի

Նիկոլն ընդդեմ Նիկոլի

Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհը Միլանում, որտեղ նա «չարիք» անվանեց Հայաստանի «բոլոր ղեկավարներին սկսած 1996 թվականից», բազմաթիվ հարցականներ է առաջացրել։ Անգամ փորձված քաղաքագետները դժվարանում են բացատրել Փաշինյանի այդ հայտարարության դրդապատճառները։ Իսկապես, շատ դժվար է բացատրել, թե ինչու պետք է Փաշինյանը քարոզչական հարվածներ հասցներ մի քաղաքական ուժի, որը լիովին աջակցում է Թավշյա ժողովրդավարական հեղափոխության  օրակարգի իրականացմանը, էլ չասած, որ 2007-2012 թվականներին հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած այդ ուժն էր իր հետ միասին առաջնորդում հեղափոխության օրակարգով համաժողովրդական շարժումը։

Այս ամենը առավել անհասկանալի է մի հանգրվանում, երբ Փաշինյանի պայքարը հակահեղափոխական ուժերի դեմ փակուղի է մտել, և, մեծ մասամբ, հենց այդ պատճառով էլ նա օրըստօրե կորցնում է իր բարձր հեղափոխական վարկանիշը։ Իշխանությունները այդպես էլ չկարողացան վերցնել վերջին հակահեղափոխական «բաստիոնը»՝ Սահմանադրական դատարանը, որը պատրաստվում է նոր հարվածներ հասցնել մարտիմեկյան գործով։ Իրավապահ մարմինները և դատարանները շարունակում են սաբոտաժի ենթարկել 2000-2018 թվականների Մեծ Թալանի բացահայտման հետ կապված գործերը։ Օրեցօր թափ է առնում թալանչիների ձեռքում մնացած երկրի հիմնական լրատվամիջոցների հակահեղափոխական քարոզչությունը։ Ակնհայտ է հակահեղափոխական ուժերի համախմբումը և ակտիվացումը։ Թվում է, թե նման վիճակում ամեն ինչ պետք է արվի ժողովրդավարական ուժերի համախմբման համար, բայց վարչապետի հայտարարությունները, հակառակը, տանում են դեպի պառակտում։ Եվ ուրեմն ինչպե՞ս բացատրել Փաշինյանի նման պահվածքը։ 

Այն վարկածը, որը վարչապետը պարզապես կարևոր սկզբունքային հայտարարություն է կատարել, չի դիմանում որևէ քննադատության։ 1996 թվականների ընտրությունների վիճահարույց բնույթը էապես տարբերվում է նախագահական մյուս աղմկահարույց ընտրությունից։ 1996-ին ամբողջ ընտրության ժամանակ չեն եղել բռնություններ կամ ընտրակաշառքի բաժանում, իսկ դրանք կարող են տեղի ունենալ միայն պետական համակարգի հովանավորության պարագայում, վկայելով կեղծման համակարգային պատվերի մասին։ Ընտրատեղամասային բոլոր հանձնաժողովներում ընդդիմությունը ունեցել է մեծամասնություն։ Չեն եղել նաև ճնշումներ Սահմանադրական դատարանի վրա, որոնք Գագիկ Հարությունյանի վկայությամբ, սկսվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ, վերջապես, ընդդիմությանը տրված էր հնարավորություն՝ բացելու և ստուգելու  բոլոր ընտրական արկղերը, բայց նա գերադասեց գրոհել Ազգային Ժողովը և փորձել բռնությամբ զավթել իշխանությունը։ Փաշինյանը այս ամենի մասին շատ լավ գիտի։ Նա գիտի նաև, որ նման հայտարարությամբ հարվածում է հենց իր սկզբունքայնությանը, քանի որ 2007-2012 թվականը ջանք ու եռանդ չի խնայել իր հռչակած «չարիքին» Հայաստանի ղեկավար կարգելու համար։

Եթե սկզբունքը չէր, ապա գուցե քաղաքական նպատակահարմարությո՞ւնն էր առաջնորդել Փաշինյանին։ Գուցե վերջին հարցումները անհանգստացրել են վարչապետին, և նա որոշել է, որ Տեր-Պետրոսյանին պախարակելը թույլ կտա ստանալ առաջին նախագահին բացասաբար վերաբերվող ընտրազանգվածի աջակցությունը և շտկել իրավիճակը։ Սա էլ չի կարող լիարժեք բացատրությունն լինի։ Հետհեղափոխական ընտրությունները արդեն տեղի են ունեցել, ընտրազանգվածները արդեն դիրքավորվել են, և Տեր-Պետրոսյանից սահմանազատվելով, Փաշինյանը նոր զանգված չի կարող ձեռք բերել, այլ միայն կարող է կորցնել առաջին նախագահին համակրող զանգվածը, որը թավշյա հեղափոխությունից ի վեր մշտապես քվեարկել է «Իմ քայլի» օգտին, հետևելով ՀԱԿ-ի դիրքորոշմանը։ Պարզից էլ պարզ է, որ նման զարգացումը կթուլացնի ժողովրդավարական ճամբարը քաղաքական ճակատագրական մարտերից առաջ։

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի պահվածքը չի բացատրվում ո՛չ սկզբունքայնությամբ, ո՛չ էլ քաղաքական հաշվարկով։ Խնդիրը, սակայն, այն է, որ մենք փորձում ենք փնտրել հարցի պատասխանը քաղաքագիտական հարթության մեջ։ Ցավոք սրտի, այստեղ ավելի շուտ մենք գործ ունենք իռացիոնալ հոգեբանության և քմահաճ երազանքների հետ։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը իրավամբ կարելի է համարել սերունդների հիացմունքին արժանի հրաշալի արարք։ Բայց երբ Փաշինյանն ու կողմնակիցները սկսում են համեմատել նրան Հիսուս Քրիստոսի հետ, մատնում են նրա հոգեբանության մեջ խոր արմատներ թողած նարցիսիզմը և մեսիականությունը։ Նման հոգեբանության տեր մարդիկ ցանկանում են ընկալվել որպես ազգի միակ փրկիչը, մարգարեն, որոնց գալուց առաջ ազգը, ըստ էության, գոյություն չուներ, քանի որ խարխափում էր ֆիզիկական և հոգևոր «մթի և ցրտի մեջ»։

Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը սկսվել է 1988 թվականի Համաժողովրդական շարժման զարթոնքով և 1991 թվականին Հայաստանի անկախացումով։ Նա կարծես ցանկանում է, որ մեր հանրությունը ջնջի այդ հերոսական անցյալի մասին հիշողությունը և Հայաստանի նոր պատմության սկիզբ համարի 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, իսկ իրեն այդ նոր ազգին լույս աշխարհ բերող՝ հեղափոխությանն առաջնորդած մարգարե։ Հետևաբար, ամեն ինչ այս անգամ «աննախադեպ» է, չեն եղել «Ղարաբաղ» կոմիտեի համաժողովրդական ցույցերը, Հայաստանը չի ունեցել ընտրված և սիրված իշխանություն, որը վայելել է նաև ամբողջ միջազգային հանրության հարգանքը և ճանաչումը։ Հետևաբար, կարելի է երկարաշունչ ճառեր ասել Տիգրան Մեծի, Արտաշեսի, Պապ թագավորի, Առաջին Հանրապետության առաջնորդների մասին, բայց Անկախության օրվա քսանութամյակին անամոթաբար մոռացության մատնել անկախությունը և Ղարաբաղյան հաղթանակը կռած ղեկավարներին։

Իրականում, Փաշինյանի կռիվը դիցաբանական, երևակայական դաշտում է. նա կռվում է հայոց նոր պատմության մեջ գլխավոր հերոսի տեղը գրավելու համար։ Բնականաբար, վարկաբեկված և հանցագործ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը այդ դիցաբանության մեջ ավելի շատ խաղում են տապալված վիշապների և ոչ թե մրցակից հերոսների դերը։ Հողմաղացների հետ իր հնարած պայքարում Նիկոլը դիտում է Լևոն Տեր-Պետրոսյանին որպես ամենաահեղ հակառակորդ։ Եվ, իսկապես, առաջին նախագահը առաջնորդել է Հայաստանը դեպի անկախություն և ժողովրդավարության հաստատում, վայելել է ժողովրդի անսահման սերը (այո, «աննախադեպից» էլ ավելի շատ), 1991 թվականի անվիճարկելի ընտրություններում հավաքել է 1 միլիոն 260 հազար  (83%) Նիկոլ Փաշինյանի 885 հազարի (70%) դիմաց, առաջնորդել և կազմակերպել է հայ ժողովրդի հաղթանակը Արցախյան պատերազմում, և, ո՛վ սարսափ, 2008-ին նորից ղեկավարել է համաժողովրդական շարժումը հանուն ժողովրդավարության, նորից ստանալով նրա քվեն։ Նման պատմական արարքներ կատարած գործչին հաղթելը հեշտ բան չի լինելու։ Միակ տարբերակը՝ նրան «չարիք» հայտարարելն է։ 

Նիկոլ Փաշինյանին պետք է արագորեն դուրս գալ «հոգեբանական էքսցեսներից», իջնել հիվանդագին երազանքներից իրական քաղաքականության գետնի վրա և հասկանալ, որ պատմության դեմ իր «հողմաղացների» պայքարը շատ արագ կվերածվի սեփական ժողովրդի դեմ պայքարի։ Նա պետք է հասկանա, որ պատմական մեծությունը ձեռք է բերվում ո՛չ թե պատմության կեղծումով, այլ գործնական հաղթանակներով։ Եթե ժողովրդավարական ճամբարը պառակտելու համար կարելի է ներել ընդդիմադիր գործչին, ապա վարչապետին նույնը անելը չի ներվի։ Մենք կներենք, պատմությունը՝ ոչ։ 

Գաբրիել Թորգոմյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   96416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ