Ֆրանսիայում տպվող, դաշնակցական ծագում ունեցող «Ֆրանս Արմենի» լրատվամիջոցը հրապարակել էր մի նյութ, որտեղ կար պնդում, թե հունիսին Հայաստան այցելած ֆրանսիացի բժիշկներին բյուջեից վճարվել է 20000 դոլար գումար: Նաև նշվում էր, որ դա արվել է Արսեն Թորոսյանի անձնական պիառի համար: Թերթին բացարձակ չէր հետաքրքրել, որ հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը արել էր գրառում, որով հաստատել էր՝ ծախսերը արել է ֆրանսիական պետությունը և հայկական կողմը չի արել որևէ ծախս:
Այսինքն՝ գործ ունենք նոր երևույթի հետ: Արտասահմանում տպվող որևէ անհայտ լրատվամիջոց կգրի Հայաստանի մասին, իսկ Հայաստանում գործունեություն ծավալող լրատվամիջոցները դրանք ուղիղ կարտատպեն՝ առանց փորձելու ճշտել հրապարակումների մեջ արված պնդումները:
Կանխատեսենք, թե առաջիկայում էլ ինչ սկանդալային հրապարակումներ կլինեն արտասահմանում և որոնք կվերահրապարակվեն մեր երկրում:
Չեչնիայում տպվող «Դայմոխք» (թերթ) պարբերականը կգրի, որ Փաշինյանը Վանեցյանից մի քանի միլիոն դոլար կաշառք է վերցրել ԱԱԾ պետ նշանակելու համար և հեռացրել է, երբ Վանեցյանը չի տվել օգոստոս ամսվա «նալոգը»: Կարծում ենք, որ «Հրապարակը» այն կվերահրապարակի՝ անպայման հղում տալով օտարերկրյա ազդեցիկ պարբերականին:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության Սմոլենսկի մարզի կուսակտիվի պատի թերթը կգրի, որ Պուտինը շատ ուշադիր հետևում է Գագիկ Ծառուկյանի գործունեությանը և նրան համարում է տարածաշրջանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, թերևս Էրդողանից հետո: «Կենտրոն» հեռուստաընկերությունը մի ամիս կկարդա այդ լուրը:
Աթենքում տպվող դաշնակցական «Ազատ Օր» պարբերականը կտեղեկացնի, որ Հրաչյա Հակոբյանը ընտրվել է Թալիբների թմրանյութերի միջազգային վաճառքի մենեջեր և հերոինի վաճառքի մի փոքր կրպակ է դրել աֆղանական Մազարի Շարիֆ քաղաքում: «Արմնյուզը» դա կդարձնի օրվա գլխավոր սկանդալ:
Լոս-Անջելեսում հեռարձակվող USArmenia-ն սենսացիոն ռեպորտաժ կպատրաստի այն մասին, որ իրենց ձեռքում հայտնվել են տվյալներ առ այն, որ Բիլ Գեյթսը արդեն աշխատանքի է վերցրել Արսեն Թորոսյանին, Հակոբ Արշակյանին և Աշոտ Փաշինյանին: Դրա դիմաց Հայաստանը պետք է լինի առաջին պետությունը, որը կհամաձայնի անցնել մասսայական չիպավորման: Պարզապես սպասում են, որ Փաշինյան կրտսերը ավարտի ծառայությունը և բոլորով մեկնեն ԱՄՆ: Այս լուրը կվերահրապարակեն քոչարյանական և միշիական բոլոր լրատվամիջոցները, միջինը՝ օրական 10 անգամ: