...

Արայիկ Հարությունյանի հարցադրումները մեղադրանք էին իշխանությունների հասցեին

Արայիկ Հարությունյանի հարցադրումները մեղադրանք էին իշխանությունների հասցեին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ծավալուն ուղերձով, որտեղ անդրադարձել է պատերազմին, դրա ռազմաքաղաքական հետևանքներին, ներքին իրավիճակին, ծագած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված քայլերին և այլն:

Նա նաև նշել է. «Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով»:

«ՉԻ». Մեծ հաշվով, Արայիկ Հարությունյանը արտառոց ոչինչ չի ասել: Արտառոց կլիներ, եթե ասեր: Մասնավորապես, մեջբերված պարբերության վերջին երկու հարցերի պատասխանները, որոնք նա թողել է հետագային: Մինչդեռ դրանք կարևորագույն հարցեր են:

Մասամբ նա պատասխանել է այդ հարցերին. որ այո, հնարավոր էր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով: Եվ այո, հնարավոր էր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: 

Սրանք անուղղակի մեղադրանքներ են օրվա իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մենք հո գիտենք, որ իսկապես հնարավոր էր պատերազմն ավելի շուտ դադարեցնել ու ավելի ընդունելի պայմաններով: Մի քանի անգամ նման շանս տվեցին, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց բոլոր առաջարկները և չօգտվեց առաջարկվող լուծումներից: 

Ինչ վերաբերում է նրան, որ հայկական բանակը կարող էր ավելի լավ պատրաստված լինել, ապա այստեղ ավելի մասնագիտական և դետալացված պետք է հարցը պարզաբանվի: Մենք ուղղակի նշենք, որ պատերազմից առաջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իշխանություններին զեկուցագիր էր ուղարկել, որ Հայաստանն ու Արցախը ի զորու չեն երկարատև պատերազմ մղել Ադրբեջանի դեմ և պետք է ամեն ինչ անել՝ պատերազմ թույլ չտալու համար: Այնպես որ, այս հարցում ասելիք ունեն ոչ միայն զինվորականները, այլ նաև իշխանությունները: Կամ՝ անիշխանությունները: Ումից, ի՞նչ պահանջես այս իրավիճակում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   976 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ