...

Արձանագրվեց այն, ինչ պետք էր

Արձանագրվեց այն, ինչ պետք էր

Լևոն Տեր-Պետրոսյանի «Արձանագրումներ պահի թելադրանքով» զուսպ, հավասարակշռված և քաղաքական խոսքն արձանագրեց այն, ինչ պնդում էինք ամիսներ շարունակ, ինչն ավելի ակնհայտ դարձավ պատերազմից հետո: 

ՔՊ-ի ֆեյքերն ու իրենց հարազատ ընդդիմության կարկառունները բորբոքվել և դարձյալ ի ցույց են դրել սեփական մտքի չգոյությունը, որովհետև. 

  1. Լևոն Տեր-Պետրոսյանի հակիրճ ուղերձը պարզ և հասկանալի է:
  2. Լևոն Տեր-Պետրոսյանը (ցավոք) Հայաստանի միակ պետական գործիչն է:
  3. Լևոն Տեր-Պետրոսյանի գոյությունը երևակում է ձեր ողջ սնանկությունը:
  4. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից այսպես գազազելն ապացուցում է առանց այդ էլ աքսիոմատիկ ճշմարտությունը.

Հայաստանը և Արցախը միասին եք աղետի հասցրել, ու հիմա ձեզնից յուրաքանչյուրն ուզում է մեղքը մյուսի վրա գցել:

Չի ստացվելու:

Չեք կարողանալու, որովհետև մենք թույլ չենք տա: Անընդհատ հիշեցնելու ենք, թե ինչպես 98-ից ի վեր քայքայեցիք երկիրը, ինչպես սկզբում՝ Արցախը, իսկ 2018-ից արդեն Հայաստանը դուրս դրեցիք բանակցություններից, տարածաշրջանային և միջազգային զարգացումներից:

Այո՛, պարոնա՛յք ընդդիմադիրներ, Նիկոլը ձեր ծնածն է: Նիկոլը որոշեց ձեզնից ավելի ոչմիթիզական լինել, հերոս լինել: Դուք ոչինչ չարեցիք դեպի պատերազմ տանող ընթացքը կասեցնելու համար ո՛չ այն ժամանակ, երբ իշխանություն էիք, ո՛չ էլ երբ հանկարծ ընդդիմություն դարձաք: Իսկ հիմա, երբ Հայաստանի գոյությունն է դրված նժարին, ուզում եք բանակի միջոցով ձեր իշխանության հարցերը լուծել: Նույնն է անում նաև Նիկոլը: Սա էլ իր իշխանության հարցն է լուծում՝ փորձելով բանակը վարկաբեկել: Իրար արժեք:

Առանձնահատուկ անդրադառնանք Արմեն Աշոտյանին՝ դարձյալ հորդորելով ՀՀ առաջին նախագահի խոսքի մասին չարտահայտվել: 

Այսպես, պ. Աշոտյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա»։ Իսկ ի՞նչ հորիզոններ են տեսնում ինքը՝ Ա. Աշոտյանը, նրա շեֆերը և վերջապես երկրիս գլխին պատուհաս դարձած իշխանությունը: Պատասխանենք՝ ոչ մի: Իշխանություն են ուզում: Բայց նաև ուզում են, որ ՀՀ առաջին նախագահն իրենց ուղի ցույց տա՝ կործանումից փրկվելու համար, որովհետև սեփական գաղափար չունեն: 

Վերջում մի խորհուրդ տանք, թեպետ գիտենք, որ ծույլ եք, չեք լսի: Ուշադի՛ր, չափազա՛նց ուշադիր կարդացեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը և համոզվե՛ք, որ չեք լրջացել: 

Հայաստանը ձեզ պետք չէ, դուք էլ՝ Հայաստանին:

Գրիգոր Խաչիկյան
(շարունակելի)

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ