Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, որի ժամանակ սպանվել է հայտնի գործարարի դուստրը, անդրադարձել են բազմաթիվ լրատվամիջոցներ:
Մեր ուշադրությունը գրավեց մի բան. ԶԼՄ-ների ֆեյսբուքյան գրեթե բոլոր էջերում քոչարյանական ֆեյքերի մի բանակ գրառումներ է թողնում: Մի երկուսը մեջբերենք
«Լևոնի վախտերը վերադարձան: Մի բան է հույս տալիս. որ Լևոնից հետո Քոչարյանն է գալու»:
«Սկսել են լևոնական ժամանակները՝ իրենց ռազբորկաներով ու սպանություններով»:
«Լևոնի ժամանակներն ա, ով ինչ ուզում ա, անում ա, ամեն օր սպանություններ»:
Այս ֆեյքերը ամեն տեղ նույն գրառումներն են անում:
Չէ, բայց սրանց անպատկառությանը նայեք: Մի երկու հատ էլ 20 տարեկան լակոտ տեսանք, որ Լևոնի ժամանակների անարխիայից էին խոսում:
Սրանք, քոչարյանականները: Սրանց քսի են տվել, ինստրուկտաժ արել, որ սենց՝ կգրեք, իրար կկապեք Նիկոլին ու Լևոնին, լավ ա, այ տենց:
Դե, մի հատ եկեք տեսնենք՝ էդ ի՞նչ անարխիայից ու սպանություններից եք խոսում, Քոչարյան և քոչարյանականներ:
Ձեր օրոք ավելի քան 30 բարձրաստիճան պաշտոնյաների սպանություն է եղել, էս դուք սպանություններից ե՞ք խոսում:
Ձեր շեֆի օրոք հոկտեմբերի 27 է եղել, անարխիայից ե՞ք խոսում:
Էս էն Քոչարյանը չի՞, որի օրոք Ալրաղացի Լյովն իր բանդայով գնաց, Սայաթ-Նովայի սրճարանում օրը ցերեկով մարդ սպանեց: Մի հատ ճշտեք, թե ով և ինչպես է պատժվել այդ հանցագործության համար:
Էս էն Քոչարյանը չի՞, որի օրոք Նուբարաշենի խճուղու վրա երեք հոգու գնդակահարեցին, այդ թվում՝ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի:
Էս էն Քոչարյանը չի՞, որի օրոք ՏԷՑ-ի կռուգի հայտնի ռազբորկան եղավ, սպանությունով, ծեծ ու ջարդով: Իսկ այդպիսի ռազբորկաները գրեթե ամեն շաբաթ էին:
Էս էն Քոչարյանը չի՞, որի օրոք, այսինքն՝ աչքի առջև, սրճարանում սպանվեց Պողոս Պողոսյանը:
Մի վայրկյան, եկեք հերթով ներկայացնենք քոչարյանական ժամանակաշրջանի՝ մեր հիշած սպանությունների ցանկը:
– Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն:
2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:
– Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:
– Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
– Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
– 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:
– 2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը:
– Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում` Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում:
– Լևոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն: Նրան խոշտանգելուց հետո պատուհանից վայր էին գցել, և դա ներկայացրել որպես ինքնասպանություն:
– Սեդրակ Զատիկյան. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ.հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:
– Ալեքսանդր Գիվոև. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա` գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:
– 2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
– 2007թ. օգոստոսի 12-ի գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին և Արթուր Սիմոնյանին: Հետագայում վերջինս հիվանդանոցում մահացել է:
Սա ընդամենը մի մասն է այն սպանությունների, որ ներկայացնում ենք: Սա դեռ չհաշված այն փաստը, որ Վանո Սիրադեղյանի օրոք Հայաստանից ճողոպրած, իսկ Հայաստանում էլ տարբեր ծակուծուկեր մտած քրեական հեղինակություն կոչվածները, թափթփուկները Քոչարյանի գալուց ընդամենը օրեր անց սկսեցին Հայաստան վերադառնալ ու ծակուծուկերից դուրս գալ, որովհետև հետագա բոլոր ընտրություններում, ընդդիմության դեմ պայքարում հենց իրենք պետք է դառնային Քոչարյանի հիմնական, գլխավոր հենարանը:
2004թ. ապրիլի 5-ի ու ապրիլի 12-ի դեպքերի մասին դեռ չենք խոսում:
Գոնե ձեններդ կտրեք, գոնե ձեր այդ մանր գյադայական էությունը երկրի համար այս բախտորոշ ժամանակներում ի ցույց մի դրեք: Ախր ով խոսի, չխոսի, դուք ընդհանրապես խոսելու տեղ չունեք: Ձեր արածները, ձեր ոճրագործությունները, ձեր անարխիան, սպանությունները հատ-հատ հիշում ենք ու կհիշեցնենք:
Հ.Գ. Էն որ լրագրողը Քոչարյանին հարցրեց, թե էս ի՞նչ ես արել այս ժողովրդի հետ, որ պատերազմի պարտությունից հետո էլ քեզ ատում է ու մերժում, չկարողացավ պատասխանել: Ի՞նչ պատասխաներ. հո այս սպանությունների շարքը չէ՞ր ներկայացնելու: