...

Արժանապատիվ մարդակերություն Մոզամբիկում

Արժանապատիվ մարդակերություն Մոզամբիկում

Մոզամբիկի Գերագույն գլխավոր վոժդ Մբունգա-Լոխլավա-Տունգան ծանր կացության մեջ էր: Սպիտակ պլանտատորների մոտ եղած ժամանակ նրան ստիպում էին Զիմբաբվեի տարածքային ամբողջականության փաստաթղթի տակ ստորագրել, ու անընդհատ գոռգոռում էին. «Վո՛ժդ Մոզամբիկի: Ութ տարի շարունակ դու կերել ես քո ցեղի մարդկանց, թալանել ես նրանց, բայց մենք ներել ենք դա: Երբ դու Մեծ պլանտատորի տանը թաքուն քիթդ մաքրել ես վարագույրով` չնկատելու ենք տվել: Հիմա բութ մատդ թանաքոտիր ու սեղմիր այս թղթի ներքեւի մասում, ինչպես խոստացել ես»:

Ու հիմա Լոխլավա-Տունգան վերադարձել էր Մոզամբիկ` չիմանալով ինչպես դուրս գալ այս վիճակից: Նրա հետ միասին երեք սպիտակ պլանտատորներ էլ էին եկել, ու հիմա վրանում նստած` սպասում էին: Իսկ ինքը` Լոխլավա-Տունգան, նստել էր վրանի առջև ու գլուխը կախ, նիզակի պոչով ավազի վրա անիմաստ խազեր էր գծում: Բայց պլանտատորները սկսում էին անհանգստության նշաններ ցուցաբերել. «Օ~, Լոխլավա-Տունգա, հիշիր, որ խոստացել ես: Յո~թ շրջան, յո~թ շրջան: Մատդ կոխիր թանաքի մե՛ջ»: Իսկ այդ ընթացքում Սերժիկի-Կուանակիկին պարբերաբար գլուխը հանում էր արմավենու բնի ետեւից, գոռում «Կուանակիկիի մատը լա՛վն ա, Կուանակիկի-Վո՛ժդ» ու նորից արագ ետ քաշում:

Ու հանկարծ Լոխլավա-Տունգայի գլխում մի փայլուն միտք ծնվեց: Իսկույն մատով նշան արեց... Միանգամից արմավենիների տակից դուրս եկան ՄՅԴ ցեղախմբի ռազմիկներն ու սկսեցին գոռգոռալ. «Օ~, Լոխլավա-Տունգա, հենց որ մատդ կոխես թանաքի մեջ, դեռ արեւը երկու անգամ երկրի շուրջը չպտտված` ՄՅԴ-ն ընդդիմություն կդառնա: Թույլ չե՛նք տա խաղաղություն»: Մյուս կողմից էլ հրապարակ մտան անհնազանդ ցեղի ռազմիկները` նիզակների պոչերին ամրացրած ցախավելներով ու մի մեծ կաթսայով, ու սկսեցին գոռգոռալ. «Օ~, Լոխլավա, հենց որ ստորագրես, հանուն Մոզամբիկի եփելու ենք քեզ»:

Իսկ Լոխլավա-Տունգան ոտքի ծայրով թաքուն բացել էր վրանի դուռը, որպեսզի ներսում գտնվող պլանտատորները լսեն այս ամենը: Ապա, համոզվելով, որ արդեն բավականաչափ լսել են, ներս մտավ, խոնարհվեց ու ճառ ասաց. «Ահա ես Աֆրիկայի ամենախաղաղասեր վոժդն եմ, բայց իմ ցեղի ռազմիկները թույլ չեն տալիս ընդունել ձեր բերած թուղթը: Իսկ ես շատ եմ սիրում իմ ժողովրդին ու միշտ լսում եմ նրա ձայնը»: Ասաց, ու որպես այդ սիրո ապացույց` սկսեց քչփորել ատամները...

No 60, Դեկտեմբերի 2, 2006թ.
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   30875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ