...

Արյունով եկածը ուզում է արյունով գնալ

Արյունով եկածը ուզում է արյունով գնալ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները, լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ»:

«ՉԻ». Հեչ էլ անկախատեսելի չէ: Կարող ենք ասել, թե ինչ է լինելու:

Ուրեմն, ընտրությունները տեղի կունենան, դրանք կլինեն ժողովրդավարական ու միջազգային չափանիշներին համապատասխան: Հա, մի երկու տեղ կարող է մանր-մունր միջադեպեր լինեն, բայց դրանք էական ազդեցություն չեն թողնի ընտրությունների արդյունքների վրա:

Բայց քանի որ Քոչարյանը անհրաժեշտ ձայներ չի հավաքի, հայտարարելու է, որ ընտրությունները կեղծված են ու Թատռական հրապարակում անժամկետ ցույց է սկսելու: Վրաններ են խփելու, դինամիկներ միացնեն, երգեն, պարեն: Քոչարյանն ասելու է, որ ինքն է կռել: Մինչև իշխանությունները չընդունեն իրենց պարտությունը, հրապարակից գնացողը չի: Գիշերները մնալու են հրապարակում, քնեն, ուտեն, խմեն:

Իշխանություններն էլ հայտարարելու են, որ ընտրությունները օրինական են, և թույլ չեն տա, որ ընդդիմությունը նոր հոկտեմբերի 27 կազմակերպի, թալան անի, երկիրն ապակայունացնի, թուրքի ջրաղացին ջուր լցնի: Սկսելու են մանրից քոչարյանականներին բռնել, տանեն քաղմաս, կողերը ջարդել: Տասնյակ ընդդիմադիրների դեմ քրեական գործեր կհարուցեն՝ զազրախոսության, ոստիկանների օրինական պահանջների չենթարկվելու, ոստիկանների դեմ բռնություն կիրառելու համար: Հետո դրանց դատարանը կկալանավորի, քանի որ այդ քոչարյանականների դեմ մեղադրանքները կհաստատվեն տարբեր քաղմասերի ոստիկանների վկայությամբ:

Հետո Նիկոլ Փաշինյանը Անվտանգության Խորհրդի նիստ կհրավիրի, որտեղ ուժային կառույցներին կհրահանգի Թատռական հրապարակը մաքրելու և երկրում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ օպերացիա մշակել: Հետո Նիկոլը մի հատ գաղտնի հրամանագիր կստորագրի, որով Երևան բանակի զորքեր կբերի ու Արտակ Դավթյանն էլ կնշանակվի այդ օպերացիայի ղեկավար:

Հետո հուլիսի 1-ի առավոտյան Իջևանի ակցենտով սևազգեստ ինչ-որ դեմքեր կհարձակվեն հրապարակում քնած քաղաքացիների վրա, ոստիկանությունն ու սպեցնազը կմտնեն այնտեղ ու կսկսեն քոչարյանականներին աներևակայելի դաժանությամբ քացու տակ քցել: Ում հասնեն, դուբինկեքով գլուխները ջարդելու են: Քոչարյանականները փախչելու են, ոստիկաններն ու զինվորական համազգեստով բանդիտները ընկնելու են նրանց հետևից, մինչև Մյասնիկյանի հրապարակ լարեն: Այդ ընթացքում Թատռական հրապարակում ոստիկաններն ու քննիչները տեղզննություն կկատարեն, վրաններում ատրճանակներ, գնդացիր, մեծ-մեծ դանակներ կհայտնաբերեն, ներարկիչներ՝ թմրանյութի հետքերով: Կասեն՝ էս նարկոտիկը Նարեկ անունով մի հատ քոչարյանական է բերել, սաղին գրեֆ արել:

Տասնյակ քոչարյանականների կլցնեն ոստիկանական մեքենաներ ու կտանեն քաղմասեր, դատարաններ: Ռոբերտ Քոչարյանի թևերից էլ կբռնեն, կմտցնեն մեքենան ու կտանեն «Կոնգրես» հյուրանոցի VIP համար, հյուրանոցը զորքով ցեպիտ կտան, ոչ մեկի չեն թողնի ներս մտնի: 

Մնացածը արդեն գիտեք՝ ինչ կլինի: Քոչարյանականները կհավաքվեն Մյասնիկյան հրապարակում, նրանց շարքերից կսկսեն կրակել ոստիկանների վրա, մի քանի հոգու կսպանեն, իրավապահ մարմիններն էլ «Չերյոմուխայով», բանով, մի քանի հանցագործի կվնասազերծեն: Այդ ընթացքում մի քանի ավազակախումբ ջարդուխուրդ կանի «Նաիրի» հիվանդանոցը, Հյուսիսային Պողոտայի մի շարք բուտիկներ, էլիտար շենքերի պատուհաններ կջարդի: Իշխանությունները կհայտարարեն, որ դրանք քոչարյանական գյադաներ են, որոնք հատուկ են դա արել: 

Մնացածը՝ դատավարություն, Քոչարյան + 7-ի գործ, դա հետո կասենք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   797 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ